Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 11,2009 00:00

ՍԱՐԿՈԶԻՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐԱՔ

\"\"Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ արտգործնախարար Բեռնար Քուշների ուղեկցությամբ, անսպասելի այցելեց Իրաք: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա այցի մասին նախօրոք չէր հայտարարվել: Երեկ Սարկոզին հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի եւ վարչապետի հետ: «Ֆրանսիայի նախագահը Իրաքում է գտնվում, որպեսզի սատարի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը եւ ազգային համաձայնությանն ուղղված ջանքերին»,- ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի՝ լրագրողներին ասաց Սարկոզիին ուղեկցող դիվանագետը: Թերթը հիշեցնում է, որ Ֆրանսիան բավականին սերտ կապեր է պահպանում Սադամ Հուսեյնի վարչակազմի հետ, իսկ այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը ընդդիմանում էր այն բոլոր երկրներին, որոնք ցանկանում էին ներխուժել Իրաք, սակայն Սարկոզիի իշխանության գալուց հետո Ֆրանսիայի եւ Ամերիկայի միջեւ համաձայնությունն այդ հարցում սկսեց աստիճանաբար կայանալ: Ջորջ Բուշի քաղաքականությունն Իրաքում շատ ցածր ժողովրդականություն էր վայելում եւ Սարկոզին, հավանաբար, փորձում է փոխել հասարակական կարծիքը Իրաքում մղվող պատերազմի հարցում: Փորձագետների կարծիքով, Ֆրանսիան պատրաստվում է միավորել ջանքերն ԱՄՆ-ի հետ, որը փոխում է իր քաղաքական շեշտադրումները՝ հիմնական ուշադրությունը դարձնելով Աֆղանստանի վրա: Այդ հարցով Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար Պետրեուսը վերջերս Փարիզում հանդիպել էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն ֆրանսիացները հասկացնել տվեցին, որ չեն պատրաստվում ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Աֆղանստանում եւ ցանկանում են խնդիրները լուծել քաղաքական մեթոդներով:

ՈՐՏԵՂԻՑ Է ԾՆՎՈՒՄ ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ

\"\"Երեկ Ռուսաստանի ՆԳՆ-ն եւ ԱԴՁ-ն խոստովանեցին, որ երկրում հիմնական ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում երիտասարդների ազգային խմբավորումները: Ըստ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւի, գրանցվում է ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների աճ: Նրա խոսքերով, արմատական շարժումների մասնակիցների քանակը, սկսած ազգային կազմակերպություններից եւ վերջացրած ֆուտբոլի ֆանատներով, հասել է 200 հազարի: Նուրգալիեւը նշեց, որ ոստիկանությունում հաշվառման մեջ է մոտ 10 հազար հոգի: Սակայն, ըստ նախարարի, ահաբեկչական սպառնալիքների տեսականին բավականին լայն է: Նա նշեց մասնավորապես ծայրահեղական միջազգային կազմակերպությունները, որոնք դավանում են արմատական իսլամական գաղափարախոսությունը: ՆԳ ղեկավարը անդրադարձավ նաեւ գաստարբայների խնդրին, համաձայնելով, որ ճգնաժամային գործընթացները տնտեսության մեջ եւ ծայրահեղականությունը փոխկապակցված են: Նա հիշեցրեց, որ 2008 թվականին Ռուսաստանում հաշվառվել է 9,2 միլիոն արտասահմանցի, սակայն հենց անօրինական միգրանտներն են առաջին հերթին կորցնում աշխատանքը, եւ նրանց միայն կեսն է տուն վերադառնում: Նուրգալիեւի կարծիքով, անօրինական միգրանտներին տուն ճանապարհելը պետք է լինի ոչ թե պետբյուջեի, այլ անբարեխիղճ գործատուների հաշվին: Հատկապես բարձր է քսենոֆոբիայի աստիճանը բուհերում: Մոսկվայի ոստիկանության տվյալներով, զենքի կիրառմամբ կռիվներ տեղի են ունենում գրեթե ամեն օր, եւ դրանց հիմնական «հերոսներն» են Կովկասից եկած երիտասարդները: Փորձագետներից մեկի կարծիքով, ֆինանսական ճգնաժամը եւ մնացած սոցիալական խնդիրները մշտապես ազգային երանգավորում են ստանում:

ԱՄԵՐԻԿԱՆ ԱՂԵՏԻ ԵԶՐԻՆ Է

Նախորդ օրը ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման տվեց առաջին մեծ մամուլի ասուլիսը: Անդրադառնալով ներքին քաղաքականությանը՝ Օբաման նշեց, որ իր երկիրը կանգնած է տնտեսական աղետի շեմին: Իր ելույթը նա սկսեց Սենատին ուղղված կոչով՝ որքան հնարավոր է շուտ արձագանքել ԱՄՆ տնտեսության փրկությանն ուղղված իր ծրագրին: «Այս պահին, երբ մասնավոր հատվածը մեծապես թուլացել է ճգնաժամի պատճառով, դաշնային կառավարությունը մնում է այն միակ մարմինը, որը ռեսուրսներ ունի տնտեսությունն առաջ մղելու համար»,- նշեց Օբաման: ԱՄՆ ղեկավարը զգուշացրեց, որ եթե կոնկրետ միջոցներ չձեռնարկվեն, ճգնաժամը կվերածվի աղետի: Նա հայտարարեց նաեւ, որ տնտեսության մեջ պետական ներդրումները չեն կարող մշտական բնույթ կրել: «Եթե մենք միայն փող ծախսենք եւ չսկսենք արտադրել, ապա շուտով այլ երկրներ կսկսեն մեզ պարտքով փող տալ,- ասաց Սպիտակ տան ղեկավարը:- Ամենակարեւոր բանը, որ մենք պետք է անենք՝ հասնել նրան, որ տնտեսությունը դադարի սուզվել: Ես ինքս էլ որեւէ ցանկություն չունեմ փող ծախսելու, ես այստեղ չեմ եկել $800 միլիարդ ծախսելու համար, բայց պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը»: Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական հայտարարությունն էր՝ Իրանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը. «Մոտակա ժամանակներս մենք կմշակենք այնպիսի քաղաքականություն, որի շնորհիվ կկարողանանք դեմ առ դեմ բանակցությունների սեղանին նստել Թեհրանի հետ: Դա մեզ հնարավորություն կտա շարժել քաղաքականությունը՝ նոր ուղղությամբ»,- խոստացավ ԱՄՆ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել