Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՆՊԱՏԱԿ՝ ՄԵԿ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Փետրվար 25,2009 00:00

«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը ոչ միայն բարձրակարգ երաժիշտների է ներկայացնում, այլեւ քարոզում Ազգային պատկերասրահի գանձերը:

\"\"
Ըստ Գարիկ Նազարյանի, իրենք տարեցտարի հանդես են
գալիս հավակնոտ նախաձեռնություններով:

Փառատոնաշատ մեր հանրապետությունում ոչ բոլոր միջոցառումներն են, որ միանգամից արժանանում են հանրության ուշադրությանը եւ իրենց անհրաժեշտությամբ ձեւավորում ավանդույթներ: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որն իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (հիմնադիրներ՝ Մարիամ Շահինյան եւ Գարիկ Նազարյան), իսկապես դարձավ սպասված, անհրաժեշտ եւ, որ ամենակարեւորն է, իր ազդագիրը տարեցտարի հարստացնող ու բազմաբովանդակ դարձնող:

«Առավոտը» զրույցի հրավիրեց «Ազգային պատկերասրահի» համահիմնադիր Գարիկ Նազարյանին: Նա տեղեկացրեց, որ փառատոնն այս տարի հինգերորդ անգամ կանցկացվի կրկին ավանդական ժամանակահատվածով՝ ապրիլ-հունիս ամիսներին. «Հանրապետությունում եզակի այս փառատոնը դասական երաժշտության եւ կերպարվեստի՝ մեկ ծրագրի մեջ միավորված ներկայացման օրինակ է, որը հնարավորություն է տալիս արվեստի յուրաքանչյուր տեսակի ներկայանալ նոր լույսի տակ, ձեռք բերել նոր հնչողություն՝ շնորհիվ արվեստների բացառիկ համադրության: Ինչպես հայտնի է, փառատոնն անց է կացվում Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների շքեղ սրահում. հանդիսատեսը կարծես հայտնվում է միջնադարյան տաճարում, որտեղ երաժշտությունն ու որմնանկարները վերադառնում են իրենց բնական միջավայր»:

Հարցին, թե դասական երաժշտության սիրահարները ո՞ւմ կհանդիպեն այս տարի, Գ. Նազարյանը առանց անուններ նշելու ասաց, որ անվանի երաժիշտներ կժամանեն Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ, բնականաբար, իրենց արվեստով հանդիսատեսին կներկայանան ճանաչված հայ արվեստագետներ եւս: Ապա հավելեց, որ փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ կատարողների, նվագախմբերի կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է, այն նաեւ խնդիր ունի հասարակության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող գլուխգործոցներին: Փառատոնի ստեղծագործական հաջողությունները Գ. Նազարյանը պայմանավորեց նաեւ գեղարվեստական խորհրդի գործունեությամբ, որը ղեկավարում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, իսկ խորհրդի անդամներն են Սվետլանա Նավասարդյանը, Տիգրան Մանսուրյանը, Փարավոն Միրզոյանը, Բարսեղ Թումանյանը, Լեւոն Չաուշյանը եւ այլք: Դիտարկմանը, թե նման մեծածավալ միջոցառումը պետք է ունենա ոչ թե մեկ, այլ մի քանի աջակիցներ, Գ. Նազարյանը պատասխանեց. «Փառատոնի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել» ընկերությունն է, դասական երաժշտության մոլի երկրպագու Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ: Հայտնի է, որ ընկերության որդեգրած ազգանվեր գործունեության շնորհիվ, ի թիվս այլ արժանահիշատակ խոշոր մշակութային իրադարձությունների, հնարավոր է դառնում իրականացնել նաեւ «Ազգային պատկերասրահը»: Այսօրինակ աջակցության շնորհիվ է, որ տարեցտարի ընդլայնվում է մեր փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը, հնարավորություն ենք ունենում հրավիրել բարձրակարգ երաժիշտ-կատարողներ, հանդես ենք գալիս նոր ու հավակնոտ նախաձեռնություններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել