Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ը ամենավատ տարին էր

Փետրվար 25,2009 00:00

\"\"Ըստ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի»՝ անկախությունից ի վեր մամուլի համար այսքան անհաջող տարի չէր եղել

Երեկ Ժուռնալիստների միությունում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը եւ նույն կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրին «Հայաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին» 2008 թ. տարեկան զեկույցը:

Ա. Մելիքյանը մասնավորապես ասաց. «2008 թվականը ծանր փորձությունների ժամանակաշրջան էր հայաստանյան ԶԼՄ-ների համար: Այդ տարին աննախադեպ է եղել նրանով, որ քանակական առումով ավելացել են ճնշումները լրագրողների նկատմամբ, նաեւ գրաքննության կիրառման առումով: ՀՀ-ում մամուլի ներկայացուցիչների դեմ բռնության դեպքերը, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված միջոցառումները համապատասխան արձագանք են ստացել միջազգային կազմակերպությունների կողմից: 2008թ. մարտի 1-ից մինչեւ 20-ը, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված, լրատվամիջոցների վրա ազդեցությունը մեծ էր թե՛ տնտեսական, թե՛ բարոյական, թե՛ ստեղծագործական առումով: Եթե 2003-ին մեր եւ հասարակական կազմակերպությունների կողմից արձանագրվել էր 25 խախտում, ապա 2008-ին դրանց թիվը դարձել է 48: Հարկային ստուգումներ անցկացնելու մասին ծանուցումներ են ստացել մի շարք թերթեր՝ «Չորրորդ իշխանություն», «Առավոտ», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ»: Մ. Հարությունյանն էլ հավելեց. «2008-ին լրագրողների նկատմամբ բռնությունները հաճախ իրականացվում էին կամ հենց իշխանության ներկայացուցիչների կողմից, կամ նրանց ներկայությամբ ու լուռ համաձայնությամբ»: Ապա նա բերեց մի շարք օրինակներ, մասնավորապես փետրվարի 23-ին, Երեւանի Դավիթաշեն համայնքի թիվ 5/21 ընտրական տեղամասում ձայների վերահաշվարկի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանի հրահանգով եւ անմիջական մասնակցությամբ նրա՝ մոտ մեկ տասնյակ թիկնապահները հարձակվել են «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի (որն, ի դեպ, բռնարարքների ենթարկվելու առումով նախորդ տարի «ռեկորդ» է սահմանել), ապա նաեւ մյուս լրագրողների՝ «Առավոտի», panorama.am լրատվական կայքի, «ՉԻ»-ի թղթակիցների վրա: Բանախոսներն անդրադարձան նաեւ 2008-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից երեխային ծեծելու կապակցությամբ «Առավոտում» եղած հրապարակմանը ու դրան հաջորդած՝ վարչապետի հրամանով անցկացված «ծառայողական քննությանը»: Մ. Հարությունյանը համաձայն էր «Առավոտի» խմբագրի կարծիքին, որ անցկացված քննությունը եղել է ոչ թե ճշմարտությունը իմանալու, այլ թերթին «սխալ հանելու» համար: Զեկույցում տեղ էր գտել նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայտնի պատմությունը, մարտի 1-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընդդիմության հանրահավաքի ժամանակ իրավապահ մարմինների կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու, Հայ ազգային կոնգրեսի համաժողովին «Հայլուրի» նկարահանող խմբին ներս չթողնելու եւ այլ դեպքերին:

Ասվեց, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» որոշել է 2009թ. ձեւավորել նմանատիպ իրավախախտումների արագ արձագանքման խումբ: Կգործի «թեժ գիծ», որով օպերատիվ կերպով ստացված ահազանգերին կլինի արագ արձագանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել