Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքերը՝ «Դեմքեր» բեմադրության մեջ

Մարտ 12,2009 00:00

Հայաստանում են Ալեքսանդր Կալյագինն ու Վլադիմիր Սիմոնովը

\"\"
Կալյագինը՝ «Բարեւ ձեզ,
ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմում:

Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով մարտի 9, 10, 11-ին հյուրախաղերով Երեւանում էին ճանաչված դերասաններ Ալեքսանդր Կալյագինն ու Վլադիմիր Սիմոնովը: Հ. Պարոնյանի անվան թատրոնի լեփ-լեցուն դահլիճներում նրանք հայ հանդիսատեսի դատին հանձնեցին «Դեմքեր» ներկայացումը, որի հիմքում Ա. Չեխովի 5 պատմվածքներն էին: Արտիստներն իրենց խաղով փաստեցին, որ հանդիսատեսին գրավելու համար պարտադիր չեն ճոխ դեկորները. կոնկրետ իրենց պարագայում դրանք իսպառ բացակայում էին, եւ իրադարձությունները կայանում էին ընդամենը մեկ սեղանի շուրջ: Ա. Կալյագինը, որը նաեւ ներկայացման բեմադրիչն է, գոհ է երեւանյան հանդիսատեսից: Այդ մասին նա հայտնեց նաեւ երեկվա ասուլիսին:

Թատերագետներից ոմանք, սակայն, այն կարծիքին էին, որ «Դեմքերը» ընդամենը fast food (արագ պատրաստվող սնունդ) էր ու հերթական գրդոն: Դա, իհարկե, վիճելի է, որովհետեւ բեմում երկու վարպետների անմիջական խաղն էր, որը հաստատ յուրօրինակ վարպետության դաս էր սկսնակ դերասանների համար:

Ցավոք, մամուլի ասուլիսին չէր ներկայացել Վ. Սիմոնովը. երեւի զմայլված էր քաղաքով եւ որոշել էր առիթը բաց չթողնել՝ Երեւանը տեսնելու համար: Մշակութային զբոսանքը հյուրերի համար, ինչպես ասում են, բարձր մակարդակով էր ապահովված: Դա կարելի է դատել նրանց համար պատրաստված լյուքս համարներից, վերջացրած թանգարաններ ու տեսարժան վայրեր՝ էքսկուրսիաներով:

Դառնալով Կալյագինին՝ հավելենք, որ կուլիսներում նկատեցի նրա անհանգստությունը անգամ ներկայացումից հետո: Նա հրահանգներ էր տալիս տեխնիկական անձնակազմին՝ հաջորդ ներկայացմանը ժամանակից շուտ թատրոնում լինելու եւ այլնի մասին…

Արվեստի համար Կալյագինը պատրաստ է ցանկացած զոհողության: Մոսկովյան հարցազրույցներից մեկի ժամանակ նա փաստել էր, որ հանուն դերի՝ մի քանի կիլոգրամ քաշ է գցել, ինչը միանգամայն նորմալ երեւույթ է իսկական դերասանի համար: Երեւանում ներկայացված չեխովյան նովելներից մեկում պարտերում նստած հանդիսատեսի աչքից, բնականաբար, չէր վրիպի այն փաստը, թե ինչպես արվեստի զոհ դարձավ Կալյագինի գործընկեր Սիմոնովը. վերջինս բառի բուն իմաստով, ըստ սցենարի, արժանացավ Կալյագինի առատ թուքումրին… Կալյագինը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես է Սիմոնովը հաղթահարել այդ ոչ հաճելի պահը: «Դա նույնն է՝ հարցնեք, ինչպես է դերասանը դիմանում բեմական ապտակին»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել