Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր-քիմպրոմը» «կխփի՞» «Դվին կոնցեռնի» գործին

Մարտ 31,2009 00:00

\"\"Վանաձորի քիմիական գործարանը պատրաստվում է սկսել պարարտանյութերի եւ շինանյութերի արտադրություն:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Վանաձոր- քիմպրոմ» գործարանը եւս կանգնեց լուրջ խնդիրների առջեւ: Բացի այն, որ գործարանի արտադրական ծավալները հասցվեցին նվազագույնի, իսկ որոշ ժամանակ գործունեությունն ընդհանրապես դադարեցվեց, մոտ 400 աշխատակիցներ էլ ուղարկվեցին հարկադիր պարապուրդի: Հայրենի կառավարությունը որոշեց թեւ ու թիկունք կանգնել գործարանին ու օգնել, որ այն ոտքի կանգնի: Մարտի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել էր Վանաձոր եւ վստահեցրել, որ քիմիական գործարանին $3 մլն աջակցություն կտրամադրվի: «Առավոտը» «Վանաձոր-քիմպրոմի» տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովից հետաքրքրվեց, թե արդո՞ք այդ գումարը կօգնի գործարանի վերագործարկմանն ու զարգացմանը, եւ հնարավոր կլինի՞ իրագործել վարչապետի խիստ լավատեսական կանխատեսումները:

Ա. Սնեգիրյովի խոսքերով՝ կառավարությանը ներկայացրած իրենց ծրագիրն իրականում $9 մլն արժե. «Մինչ տարեվերջ մենք պետք է արտադրենք օրգանական պարարտանյութ, իսկ պետությունն էլ գնի մեզանից 3 մլն դոլարի: Սա շարունակական է լինելու, եւ նույն ձեւով հետագա տարիներին արտադրելու ենք: 9 մլն դոլարը մեկ տարվա պարարտանյութի ծրագիրն է, բայց դա ծախսվելու է 3 տարվա մեջ, քանի որ այդ պարարտանյութը հողին պետք է տրվի 3 տարին մեկ: Քանի որ մոտ 20 հազար տոննա պարարտանյութ դրսից է բերվում, մենք առաջարկել էինք կառավարութանը, որ այն մենք կարող ենք արտադրել: Դե, փաստորեն, պետությունը մեզնից գնելու է, ու երեւի դա վաճառելու է համայնքներին: Երբ արտադրանքը դնենք սեղանին, դրա դիմաց պետությունը կհատուցի: Բացի դա, այդ գումարները փաստորեն պետական երաշխիք են»: Ա. Սնեգիրյովի ներկայացմամբ, գործարանի սեփականատերը շատ դժվարությամբ է փող ներդնում, եւ երբ նա տեսնի, որ ապրանքի վաճառքի համար կան պետական երաշխիքներ, սեփականատերն արդեն «այլ աչքով» կնայի գործարանին: Ըստ պարոն Սնեգիրյովի, բացի պարարտանյութից, ընկերությունը պատրաստվում է նաեւ մի քանի տեսակի շինանյութ արտադրել. «Մենք հենց աղետի գոտում ենք, եւ քանի որ այստեղ շինարարություն է ընթանում, փոխանակ Երեւանից կամ այլ տեղից բերեն, հենց այստեղից կգնեն, դա ավելի էժան կլինի»:

Մեր այն հարցին՝ պարապուրդի մատնված աշխատակիցներին ետ կկանչե՞ն աշխատանքի, գործարանի տնօրենն ասաց. «Ճգնաժամից առաջ 830 հոգի էր աշխատում, այսօր՝ մոտ 400 հոգի, բայց հենց սկսենք աշխատանքները՝ մնացածին հետ ենք կանչելու»:

Նշենք, որ տարեկան մոտ 20 հազար տոննա սելիտրա տեսակի պարարտանյութը Վրաստանից ներկրում եւ Հայաստանի գյուղացիական տնտեսություններին իրացնում է «Դվին կոնցեռնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել