Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառությունը մեղք է

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Ներվել է նույնիսկ ամենաանառակը

Մարմնավաճառություն երեւույթի մասին խոսվում է հաճախ ու քննադատվում տարբեր ասպեկտներից: Բոլորի կողմից քարկոծվում են նման ուղին ընտրած աղջիկներն ու կանայք, հաշվի չառնելով, որ հնարավոր է վերջիններս ճիշտ ճանապարհից շեղվել են ոչ թե իրենց կամքով, ցանկությամբ, այլ՝ սոցիալական պայմաններից դրդված: Հետազոտությունները ցույց են տվել, որ դեռ անչափահաս տարիքից փողոց ընկած աղջիկների մեծամասնությունը սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ՝ ծնողներ, ընտանիք չունենալու կամ ոչ լիարժեք ընտանիքում ապրելու պատճառով: Միջազգային կազմակերպությունների կողմից անցկացրած հետազոտությունները պարզել են նաեւ, որ դեռահասության տարիքից մարմնավաճառությամբ զբաղվողների գրեթե 50%-ը մանկատանը մեծացած աղջիկներ են: Իսկ այստեղից կարելի է եզրակացնել, որ մանկատան որբերն այնքան էլ ապահով ձեռքերում չեն: Ինչ վերաբերում է այն կանանց եւ աղջիկներին, որոնք հասուն տարիքում ու գիտակցելով են սկսել զբաղվել մարմնավաճառությամբ, ապա Հայաստանում այս կանանց մեծամասնությունը խոստովանում է, որ այդ քայլին գնացել է ընտանիքը, երեխաներին պահելու համար: Արդյոք մարմնավաճառությամբ զբաղված կինը ներում չի՞ կարող ունենալ Աստծուց ու եկեղեցուց: Այս հարցը հետաքրքրություն է առաջացրել մեր քաղաքացիների շրջանում, որին էլ www.qahana.am կայքում պատասխանել է տ. Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Ըստ նրա. «Մարմնավաճառությունը մեղք է: Թերեւս մարդկային մտածելակերպով, երբ այն կատարվում է հանուն երեխայի փրկության, միգուցե արդարացվում է: Քրիստոնեական առումով դիրքորոշումն ավելի հստակ եւ ուղիղ է: Մեղքը մնում է մեղք: Մեղքն արդարացնող որեւէ պատճառ լինել չի կարող: Սակայն այստեղ առաջ է գալիս նաեւ զղջման պարագան: Եթե մարդն անկեղծ զղջացել է իր կատարածի համար եւ հստակ որոշել է ետ կանգնել այդ ամենից, ապա միանշանակ կստանա բացարձակ ներում: Հիշենք՝ ինչպես Քրիստոս ներեց Մարիամ Մագդաղենացուն, որը համարվում էր տվյալ ժամանակաշրջանի ամենաանառակը: Եվ դա տեղի ունեցավ Մագդաղենացու անկեղծ զղջումից հետո: Եկեղեցին քարոզում է ներողամտություն եւ, բնականաբար, խրախուսում է բոլոր այն մեղավոր անձանց, ովքեր ետ են կանգնում իրենց մեղավոր ճանապարհից: Սակայն առավել անպարկեշտ է քողարկվել եկեղեցով եւ շարունակել մեղսալից կյանքը: Քողարկումն էլ ինքնին նշանակում է, որ մարդն ի ցույց բոլորին գալիս է եկեղեցի, մասնակցում արարողություններին՝ ապացուցելու բոլորին, որ ինքն այլեւս պարկեշտ անձնավորություն է, բայց շարունակում է վարել նախկին կյանքը: Մարմնավաճառը պետք է հաճախի եկեղեցի, որտեղ կգտնի իր մաքրագործումը, եւ այնուհետեւ վստահաբար Աստված դրա դիմաց իրեն կտա հնարավորություն նորմալ կյանքով ապրելու: Հատկապես կարիք չկա բոլորին պատմել նրա անցյալը: Եթե մարմնավաճառը քաջություն գտնի խոստովանել քահանայի մոտ իր անցյալը, ապա վստահաբար որեւիցե դատապարտող կամ քննադատող խոսք չի լսի քահանայից, այլ միայն հոգեշահ խորհուրդներ: Ուստի, մարմնավաճառը հոգեւորականներից մեկին պետք է ընտրի խոստովանահայր, հոգեւոր խորհրդական եւ աջակցող ու շարունակի իր կյանքն այլեւս որպես բարի եւ ազնիվ քրիստոնյա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել