Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՍՈՒՄՆ ԷՐՈՏԻԿԱ ՉԷ

Ապրիլ 04,2009 00:00

\"\"Բայց կարող է այդպիսին դառնալ մերսվողի մտքում

«Մի ժամանակ անընդհատ գլխացավ էի ունենում, գիշերները չէի կարողանում քնել, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ մերսումների: Մի քանի ամիս հաճախելուց հետո ինքնազգացողությունս լավացավ, բայց հետո մերսման կուրսը կիսատ թողեցի. նախ շատ թանկ էր, հետո էլ մեր բակում սկսել էին չարախոսել, թեպետ չգիտեմ՝ ինչ վատ բան կա դրանում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 25-ամյա Իզաբելլան: Նա միակն էր այն տասնյակ հարցվածներից, որ երբեւէ եղել էին մերսման սրահում: Մնացածները հիմնականում նշեցին, որ մերսման անհրաժեշտություն կամ չեն զգացել, կամ էլ այդ մասին մտածելու ժամանակ չեն ունեցել:

«Առավոտը» զրուցեց «Տիբեթ» սրահի թայ (թայլանդական) մերսման մասնագետ, Թաիլանդում մասնագիտական պատրաստություն անցած Թեհմինե Բաղդասարյանի հետ: Նա պատմեց, որ մարդիկ տարբեր նպատակներով են գալիս մերսման սրահ, օրինակ՝ ծանրաբեռնված աշխատանքային օրվա վերջում մարդն ուզում է հանգստանալ, կամ սթրես է ունեցել, մերսումը կարող է ողջ օրվա ծանրաբեռնվածությունը եւ սթրեսը հանել: Կա նաեւ թերապեւտիկ բնույթ կրող մերսման տեսակ: Մեր զրուցակիցը նշեց, որ ունի այցելուներ, ովքեր, օրինակ՝ պրոֆեսիոնալ երաժիշտներ են՝ ջութակահարներ, դաշնակահարներ, վերջիններիս մոտ հաճախ են լինում «պրոֆեսիոնալ ցավեր»՝ ուսի, մեջքի, թիակների շրջանում, որ կարող է առաջանալ երկար նստելուց: Թ. Բաղդասարյանի խոսքերով՝ «Եթե մարդիկ արյան շրջանառության պրոբլեմներ են ունենում, լավ չեն սնվում կամ սթրեսի հետեւանքով խնդիրներ են ունենում, կարող է առաջանալ գլխապտույտ, ընկնել ճնշումը, որի հետեւանքով հնարավոր է մարդը երեկոյան ժամերին լավ չտեսնի կամ չլսի: Նաեւ դեպքեր են լինում, օրինակ՝ քթից անընդհատ ջուր է հոսում, մարդուն էլ թվում է՝ գրիպ է: Իրականում, հնարավոր է, որ դա սթրեսի հետեւանք լինի»: Այդ պատճառով է, որ մասնագետը մերսումից առաջ փորձում է ճշտել, թե տվյալ անձն ինչ առողջական խնդիրներ ունի, ինչից է բողոքում: «Հատկապես սթրեսից հետո մեջքի ցավեր են լինում: Մարմնի ներսում գոյություն ունեն էներգետիկ գծեր, որտեղով մեր կյանքի էներգիան է հոսում, եւ երբ այդ գծերից ինչ-որ մեկը «փակ» է լինում, էներգիան լավ չի հոսում, մարդն իրեն լավ չի զգում: Թայ մերսման ժամանակ ախտորոշվում է՝ ինչն ինչոց է, ու մասնագետը սկսում է աշխատել այդ գծերի վրա: Արդյունքում՝ վերականգնվում են մարմնի բոլոր գործառույթները՝ մարսողական, շնչառական, արյան շրջանառության եւ այլն: Սթրեսը կարող է պատճառ դառնալ անքնության, ախորժակի կորստի»,- փաստում է Թեհմինեն:

Շատերին թվում է, որ ծխախոտը կհանգստացնի նյարդերը, բայց մեր զրուցակիցն ունեցել է հաճախորդներ, որոնք սթրեսի հետեւանքով ծխել են, մերսումից հետո՝ հրաժարվել այդ վատ սովորույթից:

Աշխարհում մերսման շատ տեսակներ կան, ինչ վերաբերում է երեւանյան «Տիբեթ» մերսման սրահին, այստեղ կատարվում են թայ, դասական, շվեդական, տիբեթյան մերսումներ: Թեհմինեի համոզմամբ, Հայաստանում շատերը մտածում են, թե մերսումը սերտորեն կապված է էրոտիկայի հետ: «Ուրիշ երկրներում կան նմանատիպ ծառայություններ, երբ սկզբում սովորական մերսումն են ստանում, հետո էլ ուզածն իրականացնում: Բայց դա կոնկրետ մերսման հետ կապ չունի, ընդամենը ծառայության տեսակ է, որ, հավանաբար, ինչ-որ տեղերում կմատուցեն… Ցավոք, երբ ասում են՝ թայ մերսում, մարդկանց թվում է, որ այդտեղ կա էրոտիկա, բայց դա այդպես չէ: Թայը թերապեւտիկ բնույթ կրող մերսում է, ու քանի որ մարդիկ սովոր են իմպրովիզ անելու, ցանկացած մերսման վերջում, եթե իմպրովիզ անես, իհարկե, կդառնա էրոտիկ մերսում: Օրինակ, նույն Swedish (շվեդական) մերսման տեսակը, որ ես կիրառում եմ, եթե ուզես մոտեցնել էրոտիկային՝ շատ հանգիստ կկարողանաս: Որովհետեւ, տվյալ պարագայում, ինչ-որ մեկը հպվում է ինչ-որ մեկին՝ ուզենամ կգրգռվեմ, ուզենամ՝ ոչ: Այստեղ հոգեբանական պրոցես է. եթե մերսում ստացողը ուզենա դրանից ուրիշ բան քաղել, մտովի կարող է դա անել»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ո՞ր սեռի ներկայացուցիչներն են ավելի շատ այցելում մերսման սրահ: Թայ մերսման մասնագետն ասաց. «Եվ տղաները, եւ աղջիկներն են գալիս, բայց Հայաստանում ավելի հետաքրքրված են տղամարդիկ. նրանք իրենց ավելի շատ են հետեւում: Հայ աղջիկները կենտրոնացած են արտաքինի վրա: Մեր այցելուների թվում շատ են քաղաքական ակնառու գործիչները, բիզնեսմենները: Երիտասարդները քիչ են գալիս»:

Ի դեպ, կարծիք կա, թե մերսման սրահ հաճախելը թանկ հաճույք է, «Տիբեթում» մերսումն արժի 1500- 16000 դրամ: Թեհմինեն ասում է. «Այլ երկրներում ու նաեւ Թաիլանդում մարդկանց համար մերսումն ապրելակերպ է, խանութից հաց գնելու, հաց ու ջրի նման կարեւոր մի բան: Այնտեղ հետեւում են իրենց առողջությանը, իսկ թայ մերսումը նրանց համար նույնն է՝ ինչ, ասենք, մշտական սպորտով զբաղվելը: Մարդիկ գիտակցում են, որ մերսումն իրենց ձերբազատում է խնդիրներից, կտրում առօրյա հոգսերից, հանգստացնում ուղեղը: Հայաստանում անհրաժեշտությունն է մարդկանց ստիպում մերսման սրահ այցելել, հետո էլ մեր ազգի բնավորությունն է, պարտաճանաչ չեն, իրենց ապրելակերպի գրաֆիկը չունեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել