Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՔԱՆՉՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ՉԵՆ ՕԳՏՎԻ

Ապրիլ 10,2009 00:00

Ճգնաժամից խուսափելու համար նախարարություններում անցել են վառելիքի եւ գրենական պիտույքների տնտեսումների:

Գրեթե բոլոր նախարարություններն էլ ճգնաժամից խուսափելու համար անցել են ծախսերի հարկադրված տնտեսումների: Դա, իհարկե, արվեց կառավարության որոշմամբ, սակայն կան նաեւ հեռատես նախարարություններ, որոնք ժամանակին կանխատեսել էին մոտալուտ ճգնաժամն ու նախապես՝ պետբյուջեի հարուստ ժամանակներում հասցրել են գնել թե գույք, թե գրենական պիտույքներ եւ թե ծառայողական մեքենաներ: Ճգնաժամը կարծես թե էկոնոմիկայի նախարարության «դուռը չի թակել»: Այս նախարարությունում էլ որոշ ծրագրերի ծախսերի վերաբաշխում կատարվել է, սակայն, ի տարբերություն այլ նախարարությունների, տնտեսումների կարիք չունեն: «Առավոտի» հետ զրույցում նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ծրագրերի բաժնի պետ Արտակ Պողոսյանը վստահեցրեց, որ Ներսես Երիցյանի ղեկավարած գերատեսչությունը համալրված է գույքով եւ այլ հարակից պարագաներով, ուստի դրանց վրա տնտեսումներ անելու կամ նորերը գնելու կարիք չկա. «Այս տարվա մեր ծրագրերով գույք գնել նախատեսված չի եղել, ամեն ինչով ապահովված ենք՝ թե համակարգիչ, թե հեռախոսներ եւ այլն: Մեզ մոտ ամեն աշխատող ունի մեկ համակարգիչ, «պրինտեր», բոլոր սենյակները կահավորված են, ոչ մի խնդիր չկա: Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, ապա թուղթն առանց էդ էլ տնտեսվում էր, քանի որ էլեկտրոնային համակարգը նպաստում է, որ թուղթ քիչ օգտագործվի»:

Ըստ Ա. Պողոսյանի՝ այս տարվա հաստատված ծրագրերից է ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագիրը, որի համար նախատեսված է եղել 573 միլիոն 500 հազար դրամ. այս ծրագրում բացարձակապես փոփոխություն տեղի չի ունեցել, գումարները, ինչպես նախապես պայմանավորված են եղել, այդպես էլ ծախսվելու են. «Մյուս հաստատված ծրագիրը գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնների գրադարանների պահպանության ծրագիրն է: Այս ծրագրով նախատեսված է 29 միլիոն դրամ, որը փոփոխության չի ենթարկվել»:

Ի տարբերություն էկոնոմիկայի նախարարության, քաղաքաշինության եւ ֆինանսների նախարարություններում վարչապետի որոշմանը շատ լուրջ են վերաբերվում. սկսած թղթից մինչեւ ծառայողական մեքենաների վառելիքն ու ներկայացուցչական ծախսերը՝ անցել են տնտեսումների:

Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի խոսքերով. «Ներկայացուցչական ծախսերը որոշել ենք կրճատել եւ օգտագործել ծայրահեղ դեպքերում: Օրինակ՝ Հոլանդիայի ֆինանսների նախարարը կին է, նրա այցելության ժամանակ, ասենք, պետք է գնվեր ծաղկեփունջ, կամ մեկ այլ հյուրի այցելության ժամանակ՝ հուշանվեր եւ այլն: Նմանատիպ ծախսերը կրճատվել են: Այսօր արտերկրի պատվիրակություններ էլ քիչ են գալիս, քանի որ այնտեղ էլ է ճգնաժամ»: Ըստ Ա. Շահնազարյանի, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման ծախսերն էլ են տնտեսվում: Եթե երկրի «հարուստ» ժամանակներում նախարարությունը կարող էր մեքենաները հաճախակի նորոգել կամ ռուսական մեքենաները փոխել արտասահմանյանով, կամ հին ու անսարք լինելու դեպքում՝ նորը գնել, ապա այսօր արդեն այդպես չէ. «Հիմա, եթե մեքենան լավ-վատ աշխատում է, ասում ենք՝ յոլա տարեք»: Այս նախարարությունում ծառայողական մեքենաների վառելիքի ծախսերն էլ են կրճատվել, եթե նախկինում պետական պաշտոնյաներն իրենց մեքենաներով պետության հաշվին նույնիսկ զոքանչներին էին սպասարկում, այսօր դա այլեւս հնարավոր չէ. «Նախարարից սկսած՝ մինչեւ աշխատակազմի մյուս աշխատակիցների մեքենաների վառելիքի ծախսերը 50%-ից ավելի կրճատվել են»: Ֆինանսների նախարարության աշխատակիցների ներքին գործուղման ծախսերն էլ են կրճատվել՝ այսուհետեւ խմբով չեն մեկնի գործուղման, այլ մեկական եւ շատ կարճ ժամանակով: Մարզերի հյուրանոցների հետ էլ պայմանավորվում են, որպեսզի զեղչով տրամադրեն սենյակները:

Քաղաքաշինության նախարարությունում եւս ծառայողական մեքենաների վառելիքի ծախսերը 50%-ով կրճատվել են, բացի այդ՝ կրճատվել են նաեւ թղթի, գրիչ-մատիտների ու մատյանների համար տրամադրվող գումարները: Նախարարության ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը վստահեցրեց. «կաշխատենք այնպես անել, որ նախարարը չնեղվի»: Վ. Թորոսյանն ասաց նաեւ, որ այն շինարարական աշխատանքները, որոնք պետք է այս տարի ավարտվեին՝ կիսատ չեն մնա, սակայն այն օբյեկտները, որոնք նոր պետք է սկսեին կառուցել՝ տեղափոխվել են մյուս եռամսյակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել