Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՔԻԱԹՆ Է»

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Ասում է երիտասարդ դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը

Թատերական աշխարհում, հատկապես՝ ռեժիսուրայում, սերնդափոխությունը դանդաղ է ընթանում: Լավ է, որ թեեւ դանդաղ, բայց արդեն երիտասարդներն էլ լուրջ հայտեր են ներկայացնում՝ պարտադրելով խոսել իրենց մասին: Շնորհալի երիտասարդ արվեստագետների թվում է դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, ինչպես իր կոլեգաներն են անվանում՝ Նարինկան: Նրա աշխատանքները՝ որպես դերասանուհի ու բեմադրիչ, Համազգայինի բեմում եւ Տիկնիկային թատրոնում միայն ուրախ տրամադրություններ են առաջացնում: Արվեստագետը երեք հետաքրքիր բեմադրություն է իրականացրել տիկնիկայինում, դրանք են. ըստ Գ. Կարապետյանի բանաստեղծությունների՝ «Աչքերի որս», ըստ Մ. Ցվետաեւայի ինքնակենսագրականի՝ «Վիպակ Սոնեչկայի մասին» եւ «Օրիորդ գեներալը»՝ ըստ իտալական ժողովրդական հեքիաթի:

Հատկապես Նարինկայի մարմնավորած Սիլվիոն՝ Ռ. Հերմիի «Շան աղջիկ» պիեսի բեմադրության մեջ, հաջողություն բերեց դերասանուհուն: Թատերարվեստի մարդիկ փաստում են, որ երիտասարդ արվեստագետի դերակատարումներն ու բեմադրությունները արտակարգ կենսասիրությամբ են լցված, եւ նա կարողանում է գունեղ ներկայացնել մանկան աշխարհը:

«Առավոտի» հարցին՝ արդյո՞ք իր՝ բեմադրիչի համար առկա են ստեղծագործելու բոլոր պայմանները, Ն. Գրիգորյանն ասաց. «Խոչընդոտն էլ է անհրաժեշտություն ստեղծագործական պրոցեսում, ինչը հաճախ բերում է նոր, էլ ավելի լավ բանի: Ինչ վերաբերում է Տիկնիկային թատրոնում կատարած աշխատանքներիս, սերնդակից կոլեգաներս կհաստատեն, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, առանց չափազանցության, ստեղծում է բոլոր հնարավոր եւ անհնար պայմանները ազատ ստեղծագործելու համար»: Իր հասցեին հնչած մասնագիտական կարծիքին, թե Նարինկան պիեսներ ընտրելիս հիմնականում անդրադառնում է այն հեքիաթներին, որոնք ինքն է սիրել մանկության տարիներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր մասնագիտությունը մանկությունը չկորցրած մարդկանց մասնագիտություն է, նույնիսկ եթե ներկայացումը նախատեսված է մեծահասակների համար: Հիշեցի մի դեպք, երբ Սոս Սարգսյանին հարցրի՝ հնարավո՞ր է կինը նման քայլ անի (չհայտնեց իր որ դերակատարման մասին է խոսքը- Ս.Դ.), վարպետն ասաց՝ հեքիաթում հարցեր չեն տալիս: Ի վերջո, յուրաքանչյուր բեմադրություն հեղինակի հեքիաթն է ու բեմադրիչն էլ դերասանի օգնությամբ պետք է դառնա հեքիաթի հերոս: Իհարկե, մեզանում տարածված է, որ այս կամ այն գործին «հագցնես» քո՝ ռեժիսորի «ֆորման», մինչդեռ, այո, պետք է նախ լսել, թե ինչ է ուզում ասել հեղինակը»:

Այսօր հայտնվել են շատ դերասաններ, որոնք երազում են ունենալ իրենց թատրոնները: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ն. Գրիգորյանը հայտնեց. «Ես դասավանդում եմ Թատերական ինստիտուտում, հետեւաբար ես էլ կուզենայի ինձ համար «ստեղծել» դերասաններ եւ իմ թատրոնն ունենալ…»: Մանրամասնելով ասածը, արվեստագետը նշեց, որ ինքը Հրազդան քաղաքում ունի առանձնատուն՝ մեծ սրահով ու բալի այգիով. «Մտածում եմ այնտեղ սեզոնային թատրոն հիմնել: Օրինակ, երեւանցիները շատ են ուզում, չէ՞, ամռան տապից կտրվել ու մեկ օր անցկացնել բնության գրկում: Երազածս թատրոնում նրանք կդիտեն ներկայացում, հետո կհավաքվեն բալի այգում, կշփվեն դերասանների հետ: Նկատել եմ, որ հանդիսատեսը ներկայացումից հետո չի շտապում տուն, այլ մտքեր փոխանակելու նպատակով ժամանակ է անցկացնում թատրոններին հարակից սրճարաններում… 2000թ. «Թատրոնի կառավարում» ծրագրով մեկնել էինք Ամերիկա: Հենց այնտեղ մեզ ներկայացրին դասախոսություն՝ ինչպես գումար ձեռք բերել թատրոն հիմնելու համար: Դա այդքան էլ բարդ չէ, պետք է կազմակերպել երեկոներ, հրավիրել մեծահարուստների՝ վերջիններիս տեղեկացնելով նպատակի մասին: Ամերիկայում հավաքվում էին այդ մարդիկ, դիտում պատառիկներ այս կամ այն ներկայացումից, շփվում դերասանների հետ, իսկ հետո հեռանալով՝ թողնում էին որոշակի գումար: Չեմ ընդունում, երբ արվեստագետը աջակցություն, հովանավորություն ասելով՝ հասկանում է միայն պետականը: Կարելի է, չէ՞, մեզանում էլ ամերիկյան այս ձեւն աշխատեցնել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930