Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է

Ապրիլ 22,2009 00:00

Իսկ սեռական դաստիարակությունը՝ անհրաժեշտություն

Այն պահից սկսած, երբ երեխան սկսում է տարբերել «ապերիկին» ու «քույրիկից», նրա մոտ սեռերի տարբերությանը վերաբերող հարցեր են ծագում: Տարիների ընթացքում այդ հարցերը շատանում են, բայց եթե ծնողները սկզբում հաճույքով պատասխանում էին, թե ինչո՞ւ են, ասենք, Մարինեի մազերը երկար, իսկ Սերգեյինը՝ կարճ, ապա հետագայում, երբ այդ հարցերն ավելի ինտիմ բնույթ են կրում, ծնողները շփոթվում են: Սեռական դաստիարակությունն անհրաժեշտություն է, բայց ճիշտ ինֆորմացիայի պակասը հաճախ հանգեցնում է հակառակ արդյունքի: Սեռական դաստիարակության պատասխանատվությունն առաջին հերթին դրված է ծնողների վրա, ապա՝ դպրոցական հատուկ ծրագրերի: Ամերիկացի հոգեբանները ծնողների վերաբերմունքը սեռական հարցերի շուրջ խմբավորում են չորս տեսակի մեջ: Ճնշող տեսակի դեպքում ծնողները հավատացնում են երեխաներին, որ սեռական հարաբերությունը չարիք է եւ անբարոյականություն: Հաջորդ՝ խուսափող տեսակին դասվող ծնողները առավել խելամտորեն եւ համբերատար են վերաբերվում նման հարցերին, դիտում դա իբրեւ օգտակար երեւույթ, սակայն երբ երեխան տալիս է կոնկրետ «սեռական» հարցեր, նրանք ընկնում են խուճապի մեջ ու խուսափում պատասխանից: Ծնողների մի խումբ էլ կա, որ սեռական հարաբերությունները դիտում է իբրեւ օգտակար եւ առողջարար երեւույթ, բայց չափն անցնում է՝ սեռական հարաբերությունները դնելով ընտանեկան հարաբերությունների կենտրոնում: Իսկ էքսպրեսիվ տեսակի դեպքում սեռական հարաբերությունները եւ դրան վերաբերող հարցերը ծնողների կողմից դիտվում են իբրեւ բնական երեւույթ, անհրաժեշտության դեպքում բացահայտորեն քննարկում թեման, բայց, միեւնույն ժամանակ, խելամիտ շրջանակներ են սահմանում երեխաների սեռական ակտիվության դրսեւորումներում: Նրանք բացատրում են երեխաներին, որ սեռական հարաբերությունը դրական եւ առողջ երեւույթ է, բայց կենտրոնացնել դրա վրա բոլոր մտքերը՝ պետք չէ:

20-րդ դարից սկսած՝ ամբողջ աշխարհում երեխաների սեռական դաստիարակության մեջ ակտիվորեն ներառվում են հեռուստատեսությունը, ինտերնետը եւ ինֆորմացիայի այլ աղբյուրներ: Իսկ ինֆորմացիոն մեծ հոսքի մերօրյա պայմաններում թաքցնել նմանատիպ տեղեկատվությունը երեխաներից՝ ոչ միայն անիմաստ է, այլեւ անհնար, քանի որ վերջինս մեր տուն է մուտք գործում մեր կամքից անկախ:

Եթե արեւմտյան եւ եվրոպական երկրներում այս թեմայի ու դրա՝ քիչ թե շատ բացահայտ քննարկման հարցում կան էական առաջխաղացումներ, ապա հայաստանյան իրականության մեջ անելիքներ դեռ շատ կան: Ամենաբացահայտ խոչընդոտը մեր՝ հայերիս ավանդապահ լինելն է: Դժվար ու գրեթե անհնարին է հանդիպել հայկական այնպիսի ընտանիքների, որտեղ ծնողները զրուցում են իրենց երեխաների հետ սեռական այս կամ այն հարցի շուրջ: Սովորաբար, ընտանիքներում այնպիսի կարծիք ու վերաբերմունք է ձեւավորված լինում այդ թեմայի շուրջ, որ երեխաներն անգամ չեն էլ փորձում ինչ-որ բան հարցնել ծնողներից, իսկ հարցնելու դեպքում էլ, պատասխանի փոխարեն, լսում են միեւնույն բարոյախրատական քարոզը՝ «դեռ քո տարիքը չէ, որ այդպիսի բաներ ես հարցնում, ժամանակը գա՝ ամեն ինչ կիմանաս»: Եվ, հետեւաբար, երեխաներն այդ հարցերի պատասխանները փնտրում են հասակակիցների շրջանում, ու մեծ մասամբ այդ պատասխանները լինում են սխալ ու հանգեցնում վտանգավոր հետեւանքների: Մյուս բացասական գործոնը դպրոցներում սեռական դաստիարակության կրթական հատուկ դասընթացների պակասն է: Չնայած 2002 թ. ԱԺ-ն ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» օրենքը, որի 5-րդ հոդվածը վերաբերում է դեռահասների վերարտադրողական առողջության պահպանմանը, համաձայն որի՝ դեռահասների սեռական դաստիարակության կրթական ծրագրերը պետք է իրականացվեին 2003-2004 ուստարվանից սկսած, բայց եւ այնպես՝ դրանք դեռեւս զանգվածային բնույթ չեն կրում. իրականացվում են հանրապետության մոտ 1500 դպրոցներից ընդամենը 30-ում:

Ամեն դեպքում, եթե նույնիսկ դպրոցը բավարար ուշադրություն է հատկացնում սեռական դաստիարակությանը, միեւնույն է, ծնողներից պահանջվում է նմանօրինակ «դասընթացների» իրականացում ընտանեկան միջավայրում: Միայն դպրոցի ու ընտանիքի համատեղ ջանքերի շնորհիվ երեխան կմեծանա սեռականորեն կիրթ եւ կկարողանա պատասխանատու լինել սեփական արարքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930