Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՍԿՈՒՄ ԵՆ, ՈՐ «ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՉԳԱ

Ապրիլ 28,2009 00:00

Խոզի գրիպից զերծ մնալու համար մեր երկրի առողջապահության նախարարությունը առաջին հերթին խիստ հսկողություն կսահմանի օդանավակայանում: Մասնավորապես սահմանվել է բժշկական հսկողություն անապահով երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ՝ ջերմող եւ մյուս բնորոշ ախտանիշներով հիվանդ ուղեւորներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով: Ախտանիշների առկայության դեպքում կիրականացվեն համալիր հակահամաճարակային միջոցառումներ: Այս մասին «Առավոտին» հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, հավելելով, որ Հայաստանում այս հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Ըստ նախարարության, կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու համար իրենք ապահովված են դեղորայքով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանն էլ Panorama.am-ին հայտնել է, որ երեկվանից Հայաստանը Կանադայից խոզի միս այլեւս չի ներկրի՝ մի շարք երկրներում բռնկված խոզերի գրիպից խուսափելու համար: Նա ասել է, որ առայժմ Հայաստանը խոզի միս կներկրի միայն Բրազիլիայից. «Մենք չենք կարող դադարեցնել ներկրումը, այլապես այդ երկիրը մեզ դատի կտա»: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլի 21-ից Ռուսաստանն արգելել է Կոլումբիայից, Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա-Ռիկայից, Կուբայից, Պանամայից, Մեքսիկայից, Կանադայից ու ԱՄՆ-ի մի շարք նահանգներից խոզի մսի ու դրանից պատրաստված ցանկացած մթերքի ներկրումը: Համաճարակը սկիզբ է առել Մեքսիկայում, որտեղ խոզի գրիպի հետեւանքով մահացել է 103 մարդ, ավելի քան 1600 մարդ էլ վարակակիր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հյուսիսային Ամերիկայում խոզի գրիպի բռնկումն արդեն հայտարարել է «միջազգային մակարդակի սպառնալիք՝ առողջապահությանը»: Նշենք, որ խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է: Այս հիվանդության վիրուսները կարող են շրջանառել խոզերի շրջանում ամբողջ տարվա ընթացքում: Հիվանդության վիրուսը ոչնչանում է հետեւյալ ախտահանիչներով՝ 70% էթիլ սպիրտ, 5% լիզոլ եւ 10% քլոր պարունակող ախտահանիչ:

Երեկ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ խոզի գրիպը արդեն հասել է Եվրոպա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել