Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Մայիս 28,2009 00:00

1918թ. մայիսի 28-ի խորհուրդն իր մեջ նաեւ հայ ազգի միասնության խորհուրդն է պարունակում: Երեկ «Հայացք» ակումբում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը խոսեց օրվա, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: 1919թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց ազատ, անկախ եւ միացյալ, ինչի մասին, բանախոսի կարծիքով, հաճախ ենք մոռանում. «Մեր քաղաքական բառապաշարում եւ գիտական գրականության մեջ մոռացության տալով այս հանգամանքը, շփոթի մեջ ենք՝ կապված Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստանի հետ: Այսօր էլ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի խնդրում շարունակվում է շրջանառվել այն սխալ մոտեցումը, թե դրանք տարբեր լեզուներ են: Մինչդեռ միեւնույն լեզվի՝ հայերենի 2 ճյուղերն են»:

Ըստ բանախոսի՝ հայտնի ճանապարհային քարտեզի հրապարակվելուց առաջ ինքը միայն ենթադրում էր, որ կարող են նախապայմաններ չլինել, ինչպես մեր իշխանություններն էին մշտապես առաջարկում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում, բայց ավելացել է մի նախապայման, որը մնացել է ստվերի տակ: Խոսքը ՀՀ-ի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է, իսկ ապա՝ Կարսի պայմանագրի վերավավերացումը, ըստ որի՝ Հայաստանը Ախուրյանը, Արաքսը պետք է ճանաչեր որպես հայ-թուրքական սահման: Պատմաբանի կարծիքով՝ «1921թ. մարտի 26-ի Մոսկվայի պայմանագիրը անօրինական փաստաթուղթ էր, երկու պետություններն այն ժամանակ միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել՝ ո՛չ Խորհրդային Ռուսաստանը, ո՛չ էլ քեմալական Թուրքիան: Այնպես որ, այս պայմանագիրը անօրինական է եւ այսօր դրան կենդանություն տալ չի կարելի: Համոզված եմ, որ մեր քաղաքական ուժերը խոհեմ կլինեն այս հարցում բարձրության վրա գտնվելու համար»: Թվում է, թե 71 մլն բնակչություն ունեցող հզոր Թուրքիայի համար խնդիր չէ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, որովհետեւ մենք փոքրիկ պետություն ենք, մեր կողքին էլ Ադրբեջանն է: Բանախոսը հիշեցնում է. «Թուրքիան այսօր էլ շարունակում է մնալ կայսրություն, որի բնակչության 40%-ից ավելին էթնիկապես թուրքեր չեն, ուղղակիորեն հակադիր կամ թշնամական ուժեր են: ՀՀ-ի հետ իրենց սահմանը կարեւոր է, որպեսզի իրավաբանորեն Հայաստանի կողմից ճանաչվի որպես հայ-թուրքական սահման, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից այն հայ-թուրքական սահման չէ… ԱՄՆ-ը, Թուրքիայի հետ հարաբերվելիս, միշտ այս հանգամանքը օգտագործել է՝ հիշեցնելով, որ ամերիկյան իրավական դաշտում հայ-թուրքական սահման նշանակում է Վուդրո Վիլսոնի կողմից 1920թ. նոյեմբերի 22-ին գծված քարտեզը, որը ոչ մեկն այսօր չեղյալ չի հայտարարել»: Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ նշված խնդիրները միայն Հայաստանինը չեն, այլ՝ համայն հայությանը, որովհետեւ հայրենազրկված հայությունը արեւմտահայությունն է, եւ Հայաստանից խոսել Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության մասին, այնքան էլ ճիշտ չէ. «Ժամանակն է, որ Սփյուռքում ստեղծվեն լիազոր մարմիններ, որոնք կներկայացնեն արեւմտահայության շահերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել