Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈԴԱՅԻԿ» ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ

Հունիս 09,2009 00:00

Մեկնաբանում է «Մարդու առողջություն մարդասիրական հիմնադրամի» նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Պետրոսյանը:

\"\"
Բժիշկ Դավիթ Պետրոսյանը կոչ է անում ապրել առողջ՝
առանց մոլությունների:

«Առավոտը» Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ, վերլուծելով կուսակցությունների նախընտրական ծրագրերը, տեղեկացրել էր, որ մեծամասնությունը խոստանում էր վերականգնել Երեւանի ցայտաղբյուրները, ասելով, թե դրանք Երեւանի դեմքն են, նկարագրի կարեւոր մասը: «Մարդու առողջություն մարդասիրական հիմնադրամի» նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Պետրոսյանը կուսակցությունների այս քայլը պոպուլիզմ է անվանում, նրանց խորհուրդ տալով խոստումն իրականացնելու դեպքում ցայտաղբյուրների համար ստեղծել ջրի փակ շրջանառություն: «Թող ջուրը ինչ-որ տեղից գա, ֆիլտրվի ժամանակակից մեթոդներով, ցայտաղբյուրի միջով թափվի -հետ գնա, նորից ֆիլտրվի: Իսկ եթե դա չեն անելու, ուրեմն թող չխոսեն»,- ասում է բժիշկը: Նա բացատրում է, որ ցայտաղբյուրի ջուրը նույնիսկ վտանգավոր է մարդու առողջության համար: «Միշտ հպարտացել ենք մեր ցայտաղբյուրներով՝ խմիր ինչքան ուզում ես, այն դեպքում, երբ ջուրը զարգացած երկրներում փող արժե: Մեր ջուրը որակով էլ է լավը եղել: Այսօր իրավիճակը փոխվել է. ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ քայքայված խողովակների պատճառով կոյուղաջրերն ու խմելու ջուրը կխառնվեն իրար: Եթե դա էլ չպատահի, ուրիշ վտանգ կա. մեր պատկերացրած զուլալ ջուրը կիլոմետրերով անցնում է վնասված ու ժանգոտած խողովակներով, ու կարող է խառնվել գրունտային ջրերի հետ: Ջուրը, իհարկե, ֆիլտրվում է հողի միջոցով, բայց չէ՞ որ շատ բան է փոխվել. Աստված գիտի թե գործարանները, մանր-մունր արտադրություններն ո՞ւր են թափում իրենց ջրերը: Կարճ ասած, դրանք նույնպես կարող են խառնվել ու վերադառնալ մեզ որպես խմելու ջուր»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում է. «Պատկերացրեք ամերիկացու կամ գերմանացու, որը վերջին 20 տարում իր ծորակից ջուր չի խմել, որովհետեւ համոզված է՝ դա չի կարող անել 1000 պատճառով: Հանկարծ դու իրեն առաջարկում ես խմել ցայտաղբյուրից: Եվ եթե անգամ քաղաքավարությանը զոհ գնալով՝ նա խմի մի փոքր, հաստատ իրեն անհարմար վիճակում կզգա, կմտածի, թե ինչպես են իրեն վտանգի ենթարկում այս հետամնացները»:

Քանի որ «Մարդու առողջություն մարդասիրական հիմնադրամի» գրասենյակում ստեղծված է ծխելը դադարեցնելու կենտրոն, պարոն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ հայերի համար հեշտ չէ ծխախոտամոլությունից ձերբազատվելը: Բժիշկը պատմեց, որ ծխելը դադարեցնելու կենտրոններ ու համակարգեր կան ողջ աշխարհում ու բավական արդյունավետ էլ գործում են: Հայաստանում սկզբում նախատեսած էր, որ բժշկի այցելությունն ու զաիբան կոչվող պրեպարատը միասին ընդամենը 40000 դրամ են արժենալու, բայց փոխարենը մարդիկ կարողանալու են հրաժարվել ծխելու մոլուցքից: Ցավոք, մեր հայրենակիցները չեն ցանկացել դա անել անգամ այն դեպքում, երբ իրենց առաջարկվել է 1000 դրամանոց տաբեքս դեղամիջոցը ու անվճար բժշկական խորհրդատվություն: «Մեր բժշկական փորձը ցույց է տալիս, որ 80%-ը ծխելը թողնում է միայն այն ժամանակ, երբ ծանր հիվանդություն է պատուհասում, օրինակ՝ թոքի քաղցկեղ կամ ինֆարկտ: Ծխախոտամոլությունը, նիկոտինալոմությունը թմրամոլության տեսակ է: Նիկոտինի դեպքում կախվածության աստիճանը համարյա նույնն է, ինչ մորֆիի ու հերոինի պարագայում»,- ասում է մասնագետը: Նա փաստում է, որ մեզ մոտ ծխախոտը թույլատրված է ու մատչելի, բացի այդ՝ ծխելու հետ կապված մի շարք «ծեսեր» կան. սուրճի «արարողություն», ոտքերը սեղանին դրած՝ վայելում, պառկած ամսագիր թերթել եւ այլն: Ինչո՞ւ զարգացած երկրներում ծխելու դեմ պայքարն ավելի արդյունավետ է, քան Հայաստանում: «Այնտեղ մի քանի գործոն համատեղ են աշխատում, օրինակ, գրագետ քարոզչությունը, ապահովագրությունը. ծխողը ապահովագրվում է ավելի թանկ վճարումներով, քան չծխողը, կամ աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տրվում է չծխողներին: Եվ հետո կյանքն արտերկրում լավացել է: Մարդիկ գերադասում են ապրել երկար եւ առույգ, օգտվել կյանքի բարիքներից ու ստանալ բարձր կենսաթոշակ, քան վերջին օրերն անցկացնել հիվանդանոցում»,- պարզաբանում է բժիշկը:

Խոսելով խաղամոլության մասին, Դ. Պետրոսյանն ասում է. «Այն դեռ լավ ուսումնասիրված չէ, քանի որ իր սուբստանցիան ավելի շատ վիրտուալ է: Եթե ուրիշ մոլությունների դեպքում ունենք ինչ-որ մի քիմիական նյութ, որը օրգանիզմ է ներմուծվում, ապա խաղամոլության դեպքում ոչ մի քիմիական նյութ չկա: Ազարտի մեջ գտնվող մարդկանց շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ պահին նրանց արյան մեջ առաջանում է հորմոնալ որոշ փոփոխություն: Այսպես կոչված՝ «երջանկության ռեցեպտորները» բավարարվում են՝ միայն ազարտի ժամանակ ստանալով համապատասխան հորմոններ: Ի տարբերություն սովորական մարդու, խաղամոլի մոտ այդ ռեցեպտորային համակարգը բաց է մնում, նա բավարարությունը լրացնում է խաղի ժամանակ: Դա դառնում է պահանջ նրա օրգանիզմի համար: Խաղամոլությունն ամենադժվար բուժվող մոլություններից մեկն է, եւ տվյալ դեպքում ճիշտը հոգեբանին դիմելն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել