Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԵՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ

Հունիս 18,2009 00:00

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը մարզական ոլորտում 2009/2012 թվականներին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:

Արարողությունից հետո հանպատրաստից կազմակերպված ասուլիսում երկու երկրների մարզական ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

– Համաձայնագրով կոնկրետ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել:

Արմեն Գրիգորյան- «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սպորտի ոլորտում համագործակցության հիմքերը հիմա չեն դրվում: Դրանք արմատավորվել են դեռ 90-ականների սկզբից: Հիմա, հաշվի առնելով անհրաժեշտությունը, համագործակցությունը, պարզապես, պաշտոնական եւ իրավական դաշտ է բերվում: Նախատեսվում է հավաքականների եւ առանձին մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, բաց առաջնությունների անցկացում, մասնակցություններ միջազգային մրցաշարերին, մարզիչների փոխանակում, սպորտի զարգացման հետ առնչվող ամեն ինչի, այդ թվում նաեւ սպորտային բժշկության ոլորտում սեմինարների կազմակերպում: Մեծ կարեւորություն է տրվում Արցախում բարձրակարգ մարզակառույցների ցանց ստեղծելուն, նյութատեխնիկական բազան հագեցնելուն, ընդհուպ մինչեւ անհրաժեշտ գույքի ապահովում, ինչում Հայաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել»:

Ռազմիկ Հովսեփյան- «Մենք այս օրվան երկար ենք սպասել: Այո, սպորտային համագործակցությունը եղել է ու բավականին հագեցած: Մեր լավագույն թիմերը, անհատ մարզիկները միշտ էլ ակտիվորեն մասնակցել են Հայաստանի մարզական կյանքին՝ առաջնություններին, հավաքականների կազմում մասնակցել հավաքների, միջազգային մրցումների: Որոշ մարզաձեւերի Հայաստանի առաջնություններ էլ անցկացվել են Ղարաբաղում, ասենք՝ շախմատից, կանանց վոլեյբոլից եւ այլն: Իրոք, համագործակցությունը պետական մակարդակի բարձրացնելու եւ էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը հասունացել էր: Մոտ մեկուկես-երկու ամիս առաջ, երբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ նախարար Արմեն Գրիգորյանը եկել էին Ստեփանակերտ, ինչպես ասում են, դատարկ ձեռքով չէին եկել: Իսկ Արցախի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ պարոն Ծառուկյանը առաջարկեց Ստեփանակերտում իր անձնական միջոցներով մարզահամալիր կառուցել, ինչն ընդունվեց ոգեւորությամբ: Հիմա աշխատանքները նախագծման փուլում են: Նույնը պիտի ասեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այցի մասին, որի ժամանակ որոշվեց Ղարաբաղում ֆուտբոլի մասնագիտացված մարզադպրոց կառուցել իր խաղադաշտերով: ՀՖՖ-ն դրա համար հատկացրել է 40 մլն դրամ եւ այժմ արդեն ֆուտբոլի երեք խաղադաշտ նորոգման ընթացքի մեջ է: Այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ մեր երիտասարդ մարզիկների եւ մարզիչների ուսանում Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ու համագործակցության բազում այլ ձեւեր: Հետագայում, երբ մեզ մոտ էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն, Հայաստանի մարզիկներն ու հավաքական թիմերը նույնպես ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Ղարաբաղում, որի բնակլիմայական պայմանները ամեն մի հնարավորություն ընձեռում են: Համոզված ենք, որ դրանից կշահի թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի սպորտը»:

Ասուլիսի ավարտից հետո «Առավոտը» առանձին հետաքրքրվեց:

– Ղարաբաղի տարածքում անցկացվող յուրաքանչյուր մարզական միջոցառման, որին մասնակցում է Հայաստանը, Ադրբեջանը բացասաբար է արձագանքում, անգամ միջազգային մարզական կազմակերպություններին պաշտոնական բողոքներ գրելով: Սրանից հետո նրանք ավելի կտրուկ չե՞ն լինի իրենց գործողություններում:

Ռազմիկ Հովսեփյան- «Դա նրանց խնդիրն է: Այ, երբ Գագիկ Ծառուկյանը եկել էր Ստեփանակերտ, նրանք ղալմաղալ բարձրացրին, թե Հայաստանի օլիմպիական կոմիտեն Ղարաբաղ գնալու ի՞նչ իրավունք ունի: Բայց մենք նրանց ասածներին ուշադրություն չենք դարձնում: Մենք մեր ճանապարհն ընտրել ենք վաղուց եւ մեր գործողությունների մեջ ինքնուրույն ենք: Միշտ էլ սերտորեն համագործակցել ենք Հայաստանի հետ եւ հիմա սպորտի ոլորտում համագործակցությունն ավելի սերտ է լինելու»:

Արմեն Գրիգորյան- «Միանշանակ շարունակելու ենք միասին աշխատել: Ղարաբաղի լավագույն մարզիկները էլի կհամալրեն Հայաստանի ազգային ու մյուս տարիքային խմբերի հավաքականները ու կմասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, ինչպես միշտ եղել է: Օրինակ, հենց հիմա ղարաբաղցի թեթեւատլետներից մեկը մեր հավաքականի կազմում մեկնել է Եվրոպայի առաջնություն: Նույնը՝ սամբիստ Աշոտ Դանիելյանը, 16 եւ 10 տարեկան շախմատիստները, սեղանի թենիսիստները: Ամեն բան նորմալ է ու այսուհետեւ պետք է ավելի լավ լինի, քանի որ ԼՂՀ-ում ներկայումս սպորտը ղեկավարում է մի մարդ, որը քաջատեղյակ է ոլորտին, ժամանակին եղել է վոլեյբոլիստ, խաղացել Հայաստանի առաջնությունում, իսկ ակտիվ սպորտը թողնելուց հետո մնացել է ոլորտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել