Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկալի ներդաշնակություն»

Հուլիս 15,2009 00:00

Այսպես է որակում մասնագետը թավջութակահար Վահրամ Սարաջյանի եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի մենահամերգը:

Երեւանյան տապ երեկոն չխանգարեց բոլոր նրանց, ովքեր օրերս այցելել էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու մի համերգի, որը ստեղծագործական ինքնատիպ հաշվետվություն էր, նաեւ միջոց՝ մեր երաժշտասերներին հիշեցնելու մի շարք ստեղծագործությունների գոյության մասին, որոնք միշտ չէ, որ հնչում են մեր բեմերից եւ, համաշխարհային երաժշտական գանձարանի մաս կազմելով, պահանջում են հետաքրքիր մեկնաբանություններ:

Համերգային երեկոն առիթ էր հանդիպելու անվանի թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանի հետ, որն արդեն տեւական ժամանակ ապրելով ու ստեղծագործելով արտերկրում, այնուհանդերձ ներկայացնում է թավջութակի ազգային դպրոցի լավագույն ավանդույթները եւ կատարողական ձեռքբերումները: Նա Երեւանում՝ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում աշակերտել է պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանին, ապա Մոսկվայում՝ աշխարհահռչակ Մստիսլավ Ռոստրոպովիչին: Թավջութակահարը իր ստեղծագործության մեջ միավորել է ազգային ու եվրոպական կատարողական սկզբունքները, այսպիսով դառնալով իսկապես վիրտուոզ կատարող: Երեւանյան համերգին չխանգարեց այն հանգամանքը, որ նվագելով ոչ իր սեփական գործիքով, ցույց տվեց բարձր պրոֆեսիոնալիզմ: Իր նշանավոր արվեստակցից հետ չմնաց նաեւ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը, որը վերջին տարիներին ծավալելով համերգային բուռն գործունեություն, իսկապես դարձել է հայ դաշնամուրային կատարողական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից: Համերգը դարձավ սերունդների ինքնատիպ փոխկանչ եւ մեկ անգամ եւս հիշեցրեց նշանավոր դաշնակահարներ, մանկավարժներ՝ հայր ու որդի Գեորգի եւ Սերգեյ Սարաջյանների մասին, որոնց ընտանեկան ավանդույթների կրողն է Վահրամ Սարաջյանը, իսկ Ա. Գրիգորյանը ժամանակին ուսանել է Սարաջյանների մոտ: Հանդիսականը ոգեւորությամբ ընդունեց երաժիշտներին, որոնք իրենց կատարումներով նաեւ յուրատեսակ մարտահրավեր նետեցին այն մտայնությանը, թե այլեւս մեր երաժշտասերը երես է թեքել բարձր երաժշտությունից, թե օրեցօր արմատավորվող էժանագին շոուների եւ կասկածելի որակներով համերգների կողքին «չեն երեւում» կամերային ու սիմֆոնիկ ստեղծագործությունները ու նրանց կատարողները:

Համերգային ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների եւ երաժիշտների կողմից դրանց մատուցման մասին մասնագիտական խոսք լսելու ակնկալիքով զրուցեցինք երաժշտագետ, պրոֆեսոր Նելլի Ավետիսյանի հետ: «Շոստակովիչի Ռե մինոր եւ Ռախմանինովի Սոլ մինոր սոնատները կատարման առումով հեղինակների ամենաբարդ երկերից են: Տարբեր ոճեր ու ձեռագրեր ունեցող այս երկու կատարողների միջեւ ստեղծվեց ցանկալի ներդաշնակություն եւ երկուսն էլ մեզ՝ երաժիշտներիս ծանոթ այս գործերը մատուցեցին զարմանալի թեթեւությամբ: Իսկ Ռախմանինովի հանրահայտ «Վոկալիզի», Բիզեի «Հաբաներայի» եւ Ռոդիոն Շչեդրինի հումորով լի «Կադրիլի» մեկնաբանությունները, վստահեցնում եմ, կարելի է դասել համաշխարհային լավագույն կատարումների թվում: Նշեմ նաեւ, որ Վահրամը 2002թ. հանդիսանում է իտալական Ալպերում անցկացվող «Շլերն» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, որին քանիցս մասնակցել են նաեւ հայաստանցի երաժիշտներ»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել