Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը չանդրադառնա ձեռնարկի վրա

Օգոստոս 25,2009 00:00

Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Մոտենում է սեպտեմբերի 10-ը՝ 20-րդ դարի համաշխարհային գրականության հայտնի դեմքերից մեկի՝ հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան տարելիցը։ Մի մարդու, որն իր «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինն արձագանքեց Օսմանյան կայսրության բարբարոսությանը եւ գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը։ Հետագայում վեպը բազմիցս վերահրատարակվեց, բեմականացվեց տարբեր երկրներում եւ չեխ կոմպոզիտոր Յո Մատեյը գրեց նաեւ համանուն օպերայի երաժշտությունը։ Իսկ Վիեննայում վեպը մեծ տպաքանակով լույս տեսավ նաեւ որպես գրպանի գիրք։ Հեղինակը գրքում բացահայտեց ոչ միայն կայսրության բարբարոսությունը, որի պատճառով մեր հայրենակիցների զգալի մասն իր հայրենիքի աշխարհագրական դիրքի զավթման պատճառով նահատակվեց, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում, այլեւ ի հայտ բերեց հայ ժողովրդի ոգու անկոտրում կամքը։

Այսօր եթե ոչ բոլոր հայերը, ապա մուսալեռցիները այդ գիրքը ունեն եւ նրանք հպարտությամբ են հիշում իրենց հերոս հարազատներին։

Ճիշտ է, Վերֆելը օտարերկրացի է, սակայն միջազգային գրական ասպարեզում մրցանակի արժանացած այդ վեպով նրա անունը հավերժ կապվեց մեր պատմության հետ եւ այսօր էլ հաստատապես ապրում է հայ ոգու հիշողության գանձարանում։ Ուստի մենք ազգովի պարտավոր ենք ոչ թե մերկ խոսքերով հարգել հումանիստի մարդկային արժանիքները, այլ գործնականորեն գնահատել նրա մարդասիրությունը, եթե իրոք բարեկիրթ ազգ ենք համարվում։ Քաղաքականությունում, ըստ իս, ոչինչ այնպես բարձր չի գնահատվում եւ պարզությամբ աչքի ընկնում, ինչպես մարդասիրությունը։

Մենք մեկ անգամ հարգանքի տուրք արդեն ցուցաբերել ենք, երբ Ֆ. Վերֆելի մահից հետո սփյուռքահայերը նրա աճյունը հարազատների խնդրանքով Կալիֆոռնիայից տեղափոխեցին Վիեննա, կազմակերպեցին վերահուղարկավորումը, տեղադրեցին կիսանդրին, սակայն մարդասիրական մեծ քայլ կլիներ, եթե մեր կառավարությունը մտահոգված լինի եւ ֆինանսապես աջակցի քաղաքապետարանին, որպեսզի մեծ գրողի 120-ամյակի կապակցությամբ, 2010 թվականի սեպտեմբերի 10-ին Երեւանում տեղադրվի նրա արձանը՝ ապացուցելով ողջ աշխարհին, որ մենք՝ հայերս, ոչինչ չենք ուրանում, գիտենք ե՛ւ գնահատել, ե՛ւ հատուցել։

Այսօր քաղաքապետարանը արձանի տեղադրման հարցում դրական է արտահայտվել, նույնիսկ, ինչպես պարզվեց՝ նաեւ տեղն է որոշվել, սակայն, ելնելով այսօրվա ֆինանսական ճգնաժամից, մտավախություն ունեմ, որ արձանի տեղադրումը տարիներ կտեւի, գուցեեւ անտարբերության մատնվի։ Ուստի, նկատի ունենալով այդ հանգամանքը, խնդրում եմ կառավարությանը, որ առանց սուբյեկտիվ պատճառաբանումների պետբյուջեից համապատասխան գումար հատկացնի քաղաքապետարանին եւ հետեւողական լինի, որ եկող տարի, գրողի հոբելյանի օրը, նրա արձանը տեղադրված լինի մայրաքաղաքում։ Չեմ կարծում, որ այսօր թե Հայաստանում, թե Սփյուռքում իր ազգային սուրբ ավանդույթները սիրող եւ հարգող գեթ մեկ հայորդի գտնվի, որ դեմ լինի Վերֆելի արձանի տեղադրմանը մեր մայրաքաղաքում։

Հարգելի պետական այրեր, եկեք հուսանք, որ ե՛ւ ձեր, ե՛ւ հատկապես ԱԺ պատգամավորների օգնությամբ հայ ժողովրդի կողմից սիրված եւ հարգված ավստրիացի հանրաճանաչ գրող Ֆրանց Վերֆելի արձանը ժամանակին տեղադրված կլինի Երեւանում։

Հուսանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել