Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՀՈՒՅՍԵՐԻ

Սեպտեմբեր 09,2009 00:00

Կամ «Ռեինկարնացիան», հայկական ռեգին ու ջունգլիական օրենքները

«Այսօր շատ քիչ իսկական հայ է մնացել. բոլորը մի տեսակ օտար են հայկականի ու ազգայինի հանդեպ: Բոլորը մտածում են միայն լավ մեքենաներ ունենալու ու Ազգային ժողով մտնելու մասին,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ-հիմնադիր Ռոլանդ Գասպարյանն ու կես կատակ կես լուրջ ավելացնում,- Ես երբեք Ազգային ժողով չեմ մտնի, որովհետեւ կոստյումի փող չունեմ…»:

Արդեն շուրջ 8 տարի՝ 8 երիտասարդ երաժիշտներ հիմնել են հայկական ռեգի երաժշտական ճյուղն ու երգեր են գրում հայերի, հայկական կենցաղի, խնդիրների ու հայկական սիրո մասին:

«Խումբն ունի 9 տարվա պատմություն, սկզբից ռոք էինք նվագում: Տարիների ընթացքում «Ռեինկարնացիան» եկավ միտքս: Հասկացա, որ ես չեմ եկել աշխարհ ձուլվելու ներկայիս «երամին» եւ լացացնելու ժողովրդին, այլ ինչ-որ անցած երաժշտություն պետք է վերածնեմ: Հենց այդ նպատակով խումբն անվանեցինք «Ռեինկարնացիա», այսինքն՝ վերածնում, վերամարմնավորում: Պատկերացում չունեի, որ 8 տարի անց կհասնեմ իսկական ռեինկարնացիայի»:

Ռ. Գասպարյանը խոստովանում է. «Ինձ թվում է՝ նախկին կյանքում առյուծ եմ եղել, այսինքն՝ առյուծի ոգով ռեինկարնացիա եմ եղել մարդկային մարմնի մեջ: Որովհետեւ այն կերպը, որով ապրում եմ, միայն առյուծի ուժ ունեցողներին կարող է բնորոշ լինել. առյուծի պես պայքարում եմ դժվարությունների դեմ՝ ջունգլիների օրենքներով, ուղղակի ավելի բարի ու հարգանքով: «Ռեինկարնացիան» մի ընտանիք է, «մյուզիք» ենք գրում, ոչ ոքի չենք խանգարում, ոչ էլ մրցում ենք: Մեզ համար մի անկյուն քաշված ապրում ենք»:

Ջունգլիների օրենքներով ապրող Ռոլանդի բնորոշմամբ, այդ կյանքով ապրելու դժվարությունը անդադար պայքարելու մեջ է. «Մեզ պես պարտիզանների կյանքը պայքար է… Շատ քիչ հարցեր կան, որոնցից ես նեղվում եմ…»:

«Ռեինկարնացիա» խմբի 8 անդամներն իրենց վերածնած երաժշտությունն անվանել են հայկական ռեգի: Ռոլանդի մեկնաբանմամբ, այն երաժշտությունը, որն իրենք երգում են՝ ռեգիի, հայկականի եւ բալկանյան երաժշտության խառնուրդ է. «Չեմ կարող մի բառով ասել՝ ինչ է մեր երաժշտությունը, դա նախեւառաջ իմ հոգու երաժշտությունն է՝ ամենակարեւորը՝ հայկական: Ռեգին Ջամայկայից է, ունի աֆրիկյան ֆոլքի տարրեր: Սա էլ հայկական ռեգի է՝ հայերի մասին, հայերի պատմությունների, նրանց հույսերի»:

Ինչպես նշեց խմբի մենակատարը, երգերի հեղինակն ինքն է: Իսկ թե ինչպես են ծնվում երգերը, հեղինակի խոսքով. «Մեր չորս կողմը երգեր են: Կենցաղում շրջապատող ամեն ինչից ծնունդ է առնում ասելիք, որի մասին էլ երգում եմ: Ես ոչ մի հայտնագործություն չեմ արել: Եթե մեկ ուրիշն ավելի ուշադիր լինի, իրեն շրջապատող ամեն ինչ սիրի եւ գնահատի, նրա մեջ էլ կառաջանա ասելիք եւ կվերածվի երգի: Հարկավոր է միայն շուտ-շուտ շուրջը նայել: Երգերս ուղղված են Բաբելոնին. իմ հավատքի մեջ դա մեղքի կյանքն է: Երգերը քրիստոնյա հայի մասին են: Այնքան վատ եմ զգում, երբ մի վատ արարք կամ սովորություն են տեսնում, ասում են՝ հայկական «խասյաթ» է կամ միայն հայը կաներ: Դա, իհարկե, իմ երգերի միջի հային չի վերաբերում… Հայը նա չէ, որ պոպուլյար է դառնում իր վատ արարքով, օրինակ՝ Գերմանիայում սառնարան գողանալով: Իմ ճանաչած հայը արվեստի ու արհեստի մարդն է: Ցավն այն, է որ հիմա հայ չի մնացել: Հիմիկվա հայը փորձում է ուրիշ բաներով հայտնի լինել, գնահատել չգիտի, հարգել չգիտի: Իսկական հայը այդպես չի ապրի: Էգոիստ ենք դարձել, մեզ չենք գնահատում: Դա մեր ամենամեծ պրոբլեմն է: Աշխարհի ամենափոքր ազգն ենք, բայց ամենացրվածն ենք: Եթե կարողանանք համախմբվել, լավ կլիներ, միայն թե առանց այդ կեղտոտ քաղաքականության, զզվելի թանկ կոստյումների, ջիփ-կրայսլերների: Դա իմ հայը չէ… Ինձ համար հայը տատիս մոր կերպարն է, այն, որ ամսով մի կտոր հաց տայիր՝ յոլա կգնար, չէր ասի վատ է, չունեմ, զզվում եմ Հայաստանից…»:

Երիտասարդության մասին էլ Ռոլանդն ասաց. «Համաձայն չեմ այն կարծիքին, թե հայ երիտասարդությունը վատն է: 95%-ի մեջ հայկական մաքրություն դեռեւս մնացել է: Ընդամենը 5%-ն է փչացել: Ու դրանում ինքը մեղք չունի, նրա ծնողն է մեղավոր, փողն է մեղավոր, նույն այդ կեղտոտ քաղաքականությունն է մեղավոր: Պարզապես, այդ 5%-ը չի գտել իրեն, իր լույսը: Իր համար լույսն իր գրպանում է՝ դրամապանակի մեջ: Ոմանք, ցավոք, կիբեր են դարձել՝ ռոբոտացել են: Ուղեղները տվել են միայն բիզնեսին եւ մարմնի ձախ անկյունում՝ կրծքի տակ խփող փոքրիկ «գնդի» մասին մոռացել են… Կոնկրետ իմ առաքելությունն այս կյանքում այն է, որ առավոտյան արթնանամ ու ինձանից չամաչեմ: Ամեն օր Աստված եմ կանչում, որ իմ հոգին մաքրի: Ամեն մարդ պետք է այդպես վարվի եւ ոչ թե Աստված կանչի, որ մեքենա գնի ապառիկով կամ ուրիշի արյան գնով: Այնքան միս ենք կերել, որ բոլոր սատկած կենդանիների ցավերը մեզանով ենք արել»:

Ռ. Գասպարյանը գոհ չէ նաեւ հայկական շոու-բիզնեսում, իր խոսքով՝ շոու-ֆիթնեսում տիրող մթնոլորտից. «Ես ընկերներիս հետ երգ եմ գրում, մի հատ հին հայկական տրամվայի գիծ ունեմ՝ սովետի թվի, բոլորից առանձին՝ նոր պողոտաներից, նոր մայրուղիներից անջատ ինձ համար գնում եմ հանգիստ, ժպիտը դեմքիս, ընկերներիս հարգելով: Ով կնստի մեր տրամվեն, թող նստի, ով էլ չէ, թող չքրֆի: Չնայած քրֆողներ դեռ չկան, քանի որ իմ պես մտածողները շատ են»: Ռոլանդը նաեւ երազանք ունի. «Երազում եմ երեխա ունենալու մասին. դա իմ ամենամեծ երկու երազանքներից առաջինն է: Երազում եմ մի օր բեմից նայեմ ու իրեն տեսնեմ ներքեւում՝ դահլիճի մարդկանց մեջ նստած…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել