Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլիստներին աշնանն են հաշվում

Սեպտեմբեր 09,2009 00:00

Մտորումներ՝ փակված տրանսֆերային պատուհանի առջեւ

2009-ի ֆուտբոլային ամառվա ամենակարեւոր իրադարձությունները ծավալվում էին ոչ թե մարզադաշտերում, այլ տրանսֆերային շուկայի դաշտում, ինչը, թերեւս, ադեկվատ է Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններից զուրկ՝ կենտ տարիներին: Սակայն 2009-ն ուներ նաեւ իր յուրահատկությունը, ինչը լավագույնս արտացոլեց դեռ հունիսին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի արած հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Ռոնալդուի ու Կակայի տրանսֆերները լուրջ մարտահրավեր են fair play-ին»: Սա արձագանք էր տնտեսական ճգնաժամի պայմաններում Մադրիդի «Ռեալի» նորընտիր, սակայն այդ պաշտոնում ստաժավոր նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ «Զիդանների ու Պավոնների» տխրահռչակ քաղաքականության վերածննդին, երբ ընդամենը հաշված օրերի ընթացքում արքայական ակումբի շարքերը համալրեցին «Միլանի» հետ ասոցացվող Կական ու մանկունիանցի Քրիշտիանու Ռոնալդուն: Հետաքրքրական է, որ Ռոնալդուի տրանսֆերային արժեքը ռեկորդային էր ֆուտբոլի պատմության ընթացքում՝ 93,8 մլն եվրո: Հատկանշական է նաեւ, որ 4 ամենաթանկ ֆուտբոլային տրանսֆերները հենց «արքայական» ակումբի «շնորքն» են՝ Ռոնալդու, Զիդան, Կակա, Ֆիգու… Եվ բոլորն էլ՝ պերեսյան ձեռքբերումներ: Սակայն վերադառնանք 2009-ի տեղաշարժային ակտիվությանն ու տրանսֆերային պատուհանին, որը լրատվամիջոցների «թեթեւ ձեռքով» կնքվեց որպես «Մադրիդի «Ռեալի» անվան»: Ֆլորենտինո Պերեսի մտածելակերպը հայտնի է ողջ աշխարհին. ամենաուժեղ ակումբում պիտի խաղան ամենաուժեղ ֆուտբոլիստները: Եվ այժմ արդեն «արքայական» ակումբի շարքերում են ոչ միայն վերոնշյալ՝ 2007 եւ 2008թթ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Կական ու Ռոնալդուն, այլեւ՝ Իսպանիայի հավաքականի պաշտպաններ Ռաուլ Ալբիոլն ու Ալվարո Արբելոան, կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման… Իրապես՝ արքայական մասշտաբի հավակնություններ: Անկախ ձեռք բերված ֆուտբոլիստների քանակից՝ Եվրոպայում որեւէ ակումբ մադրիդյան թիմի «թափը» չունեցավ: Անգլիայում, օրինակ, տրանսֆերային գերակտիվությունը «Մանչեսթր Սիթիինն» էր, որը 140 մլն եվրո ծախսեց ամառային «բաց պատուհանի» ընթացքում, ավելին, քան անգլիական ֆուտբոլի ճանաչված առաջամարտիկներ «Մանչեսթր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլն» ու «Արսենալը» միասին: Գումարային առումով անգլիական ակումբները օգոստոսի 31-ի դրությամբ տրանսֆերային շուկայում 504 մլն եվրո են ծախսել: Երկրորդ տեղում իսպանական պրիմերայի թիմերն են՝ 477 մլն, ընդ որում՝ այդ գումարի 77%-ը «Բարսելոնայի» ու «բազմաչարչար» «Ռեալի» բյուջեից է ծախսվել: Եվ դա այն պարագայում, որ կապտանռնագույնները ձեռք բերեցին միայն 3 ֆուտբոլիստի՝ ուկրաինացի Դմիտրի Չիգրինսկուն, բրազիլացի Մաքսվելլին ու շվեդ Զլատան Իբրահիմովիչին: Իտալական «Ա» սերիայի թիմերի ընդհանուր ծախսը կազմել է 422 մլն եվրո: Դժվար ու նույնիսկ ամոթ է մտածել, թե այս դասակարգման աղյուսակում որերորդ հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանը: Մեզ մոտ տրանսֆերային, տեղափոխումային գումարները չեն բարձրաձայնվում ու երբեմն-երբեմն անգամ կասկած է առաջանում՝ իսկ արդյո՞ք դրանք գոյություն ունեն: Նույն կասկածը ոչ հազվադեպ նաեւ հարց է ծնում՝ տրանսֆերային մշակույթ ունե՞նք, թե՞ ոչ: 2009-ին միայն մեկ փոքրիշատե արժեքավոր տեղափոխում եղավ մեզ մոտ, այն էլ՝ որոշ վերապահումով: Խոսքը փյունիկցի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին է Դոնեցկի «Մետալուրգ»: Իսկ առհասարակ հայաստանյան տեղափոխումները գերակշռող մեծամասնությամբ ներքին բնույթ էին կրում. «Արարատից»՝ «Ուլիս», «Ուլիսից»՝ ոչ ավել, ոչ պակաս, առաջին խմբի «Էրեբունի-Դիլիջան» ճահճոտ ուղղություններով: Սակայն հայկական տրանսֆերներին «սազական» մակդիրներից միայն «ճահճոտը» չէ, որ կարելի է վստահությամբ նշել, նաեւ՝ «անհասկանալի», «անտեղի», «աբսուրդ»… Մանավանդ՝ վերջինը հատուկ անդրադարձի կարիք է զգում: Հայկական ֆուտբոլում մարզիչների ու ակումբների նախագահների նախասիրությունների շարքին է դասվում «եվրագավաթային հանդիպումների համար արտասահմանցի ֆուտբոլիստներ հրավիրելու անհրաժեշտության» մասին խոսելը: Ու անգամ վերջին տարիներին «փառքով» ձախողած միջազգային խաղերը դաս չեն դառնում ֆուտբոլային պաշտոնյաների համար՝ վերոնշյալ աբսուրդ մտածելակերպից հրաժարվելու համար: Մեկ այլ աբսուրդ է գրեթե ամբողջ թիմի՝ 13 ֆուտբոլիստի ու մեկ մարզչի հեռանալն ակումբից ու նույն ակումբի համալրումը 14 նոր խաղացողներով… Այլ պարագայում միգուցե նորմալ կդիտվեր, բայց խոսքը վերաբերում է առաջնության միջնամասին: «Դե եկ վարդապետ ու մի խենթացիր»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930