Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀԱՅՐ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սեպտեմբեր 09,2009 00:00

\"\"1. 2009 թ. ապրիլին Դուք նշանակվեցիք Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ: Դա Ձեր առաջին այցելությունն էր Հնդկաստան: Ձեր տպավորությունները, խնդրեմ:

– Ինձ համար բոլորովին նոր աշխարհ է՝ բազմազան գույներով, սովորույթներով: Ես բավական ծանոթ եմ Արեւմտյան աշխարհին, բայց առաջին անգամ է, որ արեւելք եմ գալիս եւ գալիս եմ պաշտոնավարելու՝ Հնդկաստանի նման հզոր եւ հարուստ մշակույթ ունեցող երկրում: Անկեղծ լինելու համար ասեմ, որ դյուրին չէ ապրել եւ աշխատել Կալկաթայում, բայց ես այստեղ իմ պարտականություններն իրականացնում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, եւ ինձ համար պատիվ ու պատասխանատվություն է ծառայել հայ եկեղեցուն եւ ազգիս՝ աշխարհի ցանկացած անկյունում, ուր կա գեթ մեկ հայ:

2. Պատմությանը հայտնի է, որ մասնավորապես 18-րդ դ-ում, Հնդկաստանի հայ համայնքը բավական ազդեցիկ է եղել, այստեղ մշակվել են օտարների լծից Հայաստանի ազատագրման ծրագրեր: Ինչպիսի՞ն է այսօրը 21-րդ դարի Հնդկահայ համայնքի համար:

– Հնդկահայ համայնքի փառքից մնացել են հիշողություններ, կանգուն եկեղեցիներ եւ շենքեր, որոնք վկայում են գաղութի հարուստ անցյալի մասին: Հայկական գաղութը կտրուկ նվազեց անցյալ դարի կեսերին, հատկապես 1950թ.-ից հետո, երբ Հնդկաստանը ձեռք բերեց անկախություն. հայերի թվաքանակի նվազման միտումը շարունակվում է առ այսօր: 20-րդ դարում Հնդկահայ նախկին հզոր գաղութից որոշակի աշխուժություն պահպանում էր Կալկաթայի հայությունը եւ եթե 1960-ական թվականներին Կալկաթայում ապրում էր 3000-3500 հայ, ապա այսօր խոսք կարող է գնալ միայն 120-150 հոգու մասին:

Հնդկահայ գաղութը լինելով փոքրաթիվ, չունի կայացման խնդիր, այն իր դերը եւ նշանակությունը շարունակում է պահպանել՝ բոլոր անհրաժեշտ կառույցներով եւ արժեքներով: Այսօր 5 հայկական եկեղեցի կա Արեւմտյան Բենգալիա նահանգում, որից երեքը գտնվում է Կալկաթայում: Նրանք շարունակում են հարատեւել ի պատիվ մեր համայնքի եւ Ս. Նազարեթ եկեղեցու վարչության: Ամեն կիրակի այդ եկեղեցիներից մեկում պատարագ է մատուցվում, եւ սովորաբար մասնակիցների թիվը կազմում է 15-20 հայ հավատացյալ, ինչպես նաեւ Հայոց մարդասիրական ճեմարանի սաները եւ Հայաստանից ժամանած ուսուցիչները: Ցավոք, շատ են նաեւ խառը ամուսնությունները եւ գաղութը մեծամասամբ հայախոս չէ:

Գարեգին Ա կաթողիկոսը մի առիթով ասել է. «Սփյուռքը նմանվում է օվկիանոսում խեղդվող անհատի, որը երբեմն կարիք ունի ոտքը հատակին խփելով ջրի երես բարձրանալ՝ կյանքը երկարացնելու փափագով»: Մենք ամեն ինչ անում ենք գաղութի վերազարթոնքն ու հարատեւումը ապահովելու եւ անծայրածիր օվկիանոսում խեղդվելու վտանգը ի չիք դարձնելու համար:

3. Ի՞նչ մակարդակի վրա են ՀՀ դեսպանատուն, եկեղեցի, ճեմարան հարաբերությունները:

– Այս երեք կառույցներն էլ անգնահատելի դեր ունեն եւ՛ հայապահպանության հարցում, եւ՛ մեր հայրենիքն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հնդկաստանում ըստ արժանվույն ներկայացնելու գործում: Եկեղեցին, ՀՀ դեսպանատունը եւ Մարդասիրական ճեմարանը ջերմ հարաբերությունների մթնոլորտում են, ունեն փոխադարձ սերտ համագոծակցություն: Իմ՝ Կալկաթա ժամանման առաջին օրերը համընկան Մեծ եղեռնի 94-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը, որին իր մասնակցությունն էր բերել Հնդկաստանում ՀՀ (արդեն նախկին) դեսպան Աշոտ Քոչարյանը:

4. Ինչպես վերը նշվեց, Դուք միաժամանակ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչն եք: Ինչպե՞ս կգնահատեք ճեմարանի այսօրը:

– Հայոց մարդասիրական ճեմարանը լինելով Սփյուռքի գործող ամենահին կրթօջախներից մեկը, եթե ոչ ամենահինը, ունեցել է իր լուսավոր եւ խավար էջերը, սակայն 1999թ.-ից հետո, երբ ճեմարանը հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամքին, այն վերելք եւ զարթոնք ապրեց: Քաջատեղյակ լինելով Վեհափառ Հայրապետի բազմազբաղ ժամանակացույցին եւ առօրյային՝ հիացած եմ այն ծովածավալ հոգատարության եւ ուշադրության համար, որ ցուցաբերում է Գարեգին Բ կաթողիկոսը Մարդասիրական ճեմարանին: Յուրաքանչյուր աշակերտով նա հետաքրքրվում է այնպես, ինչպես ամենահոգատար եւ բարեխիղճ ծնողը կհետաքրքրվեր իր զավակներով:

Բազմամիլիոնանոց եւ ոչ այնքան մաքուր Կալկաթայում մեր կրթօջախը կարծես մի օազիս է, սակայն դպրոցը՝ իր շրջակայքով, ամենօրյա խնամքի կարիք ունի, որն, անտարակույս, իրագործվում է:

5. Որքա՞ն աշակերտ է այսօր սովորում ճեմարանում, եւ արդյո՞ք նախատեսվում է աշակերտների թվի աճ:

– Այժմ ճեմարանն ունի 78 աշակերտ՝ Հայաստանից, Իրաքից, Իրանից եւ Հնդկաստանից (երեխաների մեծամասնությունը Իրանից են-33): Հնդկաստանի դպրոցները գործում են 12-ամյա կրթական ծրագրով, սակայն մեր դպրոցը առայժմ 10-ամյա է, եւ մեր աշակերտները 11-րդ, 12-րդ դասարանները ավարտում են Կալկաթայի լավագույն դպրոցներում, բացի այդ, 12-ամյա կրթությունը ավարտած 3 շրջանավարտ հաճախում են քոլեջներ: Նշենք նաեւ, որ այս տարի ունեցել ենք 8 շրջանավարտ, որոնք արդեն սովորում են այլ դպրոցներում: Նրանց ուսման վարձերի, ճանապարհային ծախսերի, կեցության հովանավորման խնդրում դպրոցին աջակցում է Ս. Նազարեթ եկեղեցու վարչությունը:

Այս տարի 3 նոր աշակերտ ենք ունեցել Իրաքից, իսկ առաջիկա ամիսներին նախատեսվում է Հայաստանից բերել աշակերտների նոր խումբ, նախապատվությունը տրվելու է 8-10 տարեկան երեխաներին, որովհետեւ ավելի բարձր տարիքում դժվար են համակերպվում, կա նաեւ ուսման մեջ ետ մնալու խնդիր:

6. Ի՞նչ լեզվով է իրականացվում կրթությունը դպրոցում, եւ արդյոք կա՞ համագործակցություն ՀՀ կրթության նախարարության հետ:

– Կրթությունը իրականացվում է անգլերեն լեզվով, եւ դպրոցը հետեւում է Հնդկաստանի դպրոցների կրթական ծրագրին, որին զուգահեռ՝ դասավանդվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն եւ հայ երգ-երաժշտություն: Հայագիտական բոլոր առարկաները անցնում են ՀՀ կրթության նախարարության կողմից ընդունված ծրագրերով: Նշված առարկաների դասավանդման համար այս տարի Հայաստանից հրավիրվել է 4 ուսուցիչ:

Նոր դասագրքերի ապահովման հարցում աջակցություն ցուցաբերեց Սփյուռքի նախարարությունը:

7. Գիշերօթիկ դպրոց լինել՝ նշանակում է կազմակերպել նաեւ աշակերտների առօրյան, ի վերջո, երեխաները հիմնականում լինում են ճեմարանի տարածքում:

– Ճեմարանի առօրյան բավական հագեցած է. դպրոցում գործում են գրական-երաժշտական, պարի եւ նկարչության խմբակներ, ինչպես նաեւ սպորտային մի քանի մարզաձեւերի՝ ֆուտբոլի, ռեգբիի, թենիսի, լողի, որոնցից յուրաքանչյուրն ունի համապատասխան մարզիչը: Դպրոցն ունի նաեւ բավական հարուստ գրադարան:

Սերտողության հաշվին, սովորաբար, որեւէ այլ բան չի արվում:

8, Լինելով ճեմարանում, առաջին բանը, որ նկատվում է, մաքրությունը եւ կարգապահությունն է, որը չի վերաբերում միայն աշակերտներին, սակայն երբեմն անհարկի շահարկվում է ճեմարանի կարգուկանոնի չափազանց խստությունը:

– Ճեմարանը գիշերօթիկ է, եւ աշակերտները հետեւում են որոշակի կարգապահական կանոնների՝ իրենց իսկ անվտանգության եւ ապահովության համար: Թերեւս ավելի մեծ է ուրիշի զավակին խնամք ու հոգ տանելու պատասխանատվությունը, պատկերացրեք մի ընտանիք, ուր կա 78 երեխա, եւ դու պատասխանատվություն ես կրում յուրաքանչյուրի համար: Պատասխանատվություն Աստծուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրանց ծնողներին եւ սեփական խղճին: Ի վերջո, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ճեմարանը գտնվում է օտար երկրում, իսկ մեր դպրոցի հստակ կանոնակարգված կարգապահությանը պետք է հետեւի յուրաքանչյուր աշակերտ: Վերջիններիս դաստիարակության եւ կարգապահության հարցում անգնահատելի է ուսուցիչների դերը, հատկապես հայ ուսուցիչների, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են ճեմարանի սաների հետ, եւ իրենց իսկ խոսքերով՝ Մարդասիրական ճեմարանը մեծ ու համերաշխ ընտանիք է:

9, Ճեմարանում շաբաթվա 7 օրը Դուք աշխատում եք, Ձեր գրասենյակի դուռը կարծես երբեք չի փակվում, կա ջանասիրություն, որն ակնհայտ է, արդյո՞ք սա բնական աշխատանքային գործընթաց է, թե՞ ծանրաբեռնվածություն:

– Իմ դուռը կարող են բախել օրվա 24 ժամերին՝ աշակերտներ, ուսուցիչներ, ճեմարանի աշխատակիցներ, ավելի քան 150 մարդ՝ ամեն մեկն իր խնդիրներով, իր հոգսերով: Ես պարտավոր եմ միշտ լինել հասանելի նրանց համար: Դու կարող ես չքնել, երբ ստիպված ես երեխային գիշերը բժշկի մոտ տանել, անխուսափելի են վնասվածքները խաղի ընթացքում, կան բազմաթիվ հոգեբանական խնդիրներ՝ տարիքը, օտարությունը եւ ընտանիքից հեռու լինելը: Ես պարտավոր եմ լինել այդ պահերին նրանց կողքին, փաղաքշել եւ հուսադրել նրանց: Այո՛, աշխատում եմ նվազագույնը 14-15 ժամ, բայց հոգնածությունս փարատվում է, երբ տեսնում եմ արդյունքը՝ սաներիս կայտառ ժպիտն ու երախտագիտությունը:

10, Ճեմարանում ապրում են նաեւ տարբեր դպրոցներում եւ քոլեջներում սովորող ճեմարանավարտ պատանիներ, նրանց ցուցաբերվում է առանձնահատուկ վերաբերմունք, սակայն հատկապես արտերկրում բնակվող որոշ անձինք չհիմնավորված պայքար են մղում այդ ուսանողների «իրավունքների» համար:

– Չ. Չապլինն ասել է. «Չարժե կռանալ, եթե բարձրացնելու ոչինչ չունես»: Օրերս լուրեր հասան, որ շրջանավարտների ուսման վայրերը ճեմարանից մեկ ժամ հեռավորության վրա են, եւ նրանց տրանսպորտային ծախսերը չի հոգում Մարդասիրականը (ավելի հստակ՝ ես): Սա պարզապես զրպարտանք է, որն ավելորդ անհանգստություն է առաջացնում աշակերտների ծնողների եւ նախկին շրջանավարտների մոտ: Հարկ եմ համարում կրկին հիշել մեր մեծերից մեկի՝ Մ. Նալբանդյանի խոսքերը, այն է՝ շատ «հայեր, դժբախտաբար, այնպիսի մի զարմանալի հոգվո տեր են դարձած, որ եթե չկարողանան կամ չկամենան մի բանի օգնություն տալ, վնասելու եւ քանդելու պատրաստ են»:

Ճեմարանի պատմությունը սերտորեն կապված է շրջանավարտների հետ, իսկ վերջիններս միշտ իրենց կրթօջախի հետ են, նրանք մեր ցանկալի հյուրերն ու բարեկամներն են, որոնք շարունակում են հավատարիմ մնալ ճեմարանին:

Մենք հնարավորինս կապի մեջ ենք նաեւ ծնողների հետ, ամեն բան լուսաբանվում է ինչպես նրանց, այնպես էլ հանրության համար:

Եվ չցանկանալով երկար խոսել չարակամ մարդկանց մասին՝ ուզում եմ միտքս ավարտել Բ. Քլինթոնի հետեւյալ խոսքերով. «Ես չեմ մտահոգվում այն ամենով, ինչի վրա վերահսկողություն չունեմ»:

11, Ճեմարանը Հայոց պատմության կարեւորագույն մշակութային արժեքներից է, եւ նրա պահպանության խնդիրը ոչ միայն եկեղեցու, այլեւ յուրաքանչյուրիս ուսերին է դրված: Ցանկացած զրպարտանք կամ անձնական շահ, երբ գերադասվում է ազգայինից, այն վնասում է առաջին հերթին ազգի գոյությանը:

– Հայոց մարդասիրական ճեմարանը Հնդկահայ համայնքի բաբախող սիրտն է, լուսավոր դեմքը, որտեղ հայ մանկան շուրթերից հնչում է Հայր Մերն ու Մեր Հայրենիքը: Հայաստանից ժամանած ուսուցիչների ժրաջան աշխատանքի եւ հոգատարության շնորհիվ ճեմարանի աշակերտներն աճում, զարգանում են իբրեւ հայ քրիստոնյաներ: Թե՛ ես, թե՛ տնօրինությունը, թե՛ ուսուցչական կազմը պատրաստակամ եւ վճռական լծված ենք մեր ամենօրյա գործին. ոչինչ չենք խնայում եւ պիտի չխնայենք հայ աշակերտի առողջական, կրթական եւ կենցաղային պայմաններն էլ ավելի բարելավելու համար: Այսօրվա աշակերտները, որոնք վաղվա շրջանավարտներն են եւ մեր ժողովրդի ապագան, պիտի հպարտանան, որ եղել են սանը Հայոց մարդասիրական ճեմարանի, եւ իրենք էլ ծնող դառնալով, վստահ եմ, որ իրենց զավակներին պիտի ուղարկեն այստեղ՝ կրթություն ստանալու:

12, Ճեմարանում եւ նրա շրջակայքում նկատելի է նաեւ շինարարական եռուզեռ, որոնք լայնամասշտաբ բնույթ են կրում:

– Այժմ հիմնովին վերանորոգվում է դպրոցի դահլիճը, որն արդիականացվում է, շուտով կսկսվի երրորդ հարկի ննջարանների վերանորոգումը, իսկ հիմնական մեծամասշտաբ աշխատանքները կսկսենք մի քանի ամսից: Աղջիկների բնակության մասնաշենքը՝ Դավթյան դպրոցի շենքը, շատ հին է, խոնավությունից պատերը քայքայվել են: Մասնագետների հավաստմամբ, անարդյունավետ է վերանորոգելը: Ընթացքի մեջ են նոր բազմահարկ շենքի նախագծային աշխատանքները, եւ Բարձրյալի կամոք՝ մի քանի ամսից կսկսվի շինարարությունը, այն լինելու է ժամանակակից, բազմահարկ, շքեղ կառույց:

13, Հուսանք, որ դեռ ամեն ինչ առջեւում է, եւ ժամանակն ու պատմությունը կգնահատի այն դերը, որն այսօր ունի Հայ Առաքելական եկեղեցին՝ Հայոց մարդասիրական ճեմարանի պահպանման եւ զարգացման գործում:

– Գրեթե 2 դար առաջ Հայոց մարդասիրական ճեմարանը Տիրոջ օրհնությամբ, մեր ժողովրդի իմաստուն եւ առատաձեռն զավակների շնորհիվ ծնվել, հասակ առել եւ հասել է մեզ: Հերթը մի պահ մերն է այսօր: Պետք է սիրենք, փայփայենք եւ հոգ տանենք, որպեսզի բաց ճակատով կարողանանք այն հանձնել գալիք սերունդներին ավելի պայծառ, լուսավոր եւ բարեկարգ վիճակում: Ի պատիվ հայ ժողովրդի եւ ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել