Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳԵ՞Լ, ԹԵ՞ ՉԵՐԳԵԼ

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"Այս է խնդիրը Երեւանի կարաոկեներում

Աշխարհում առաջին անգամ կարաոկեն հայտնվել է ճապոնական բարերից մեկում՝ նախորդ դարի 70-ականներին: Կոբէ քաղաքի բարերից մեկում աշխատող երաժիշտ-գործիքավորող Դայսուկէ Ինոուէն է աշխարհով մեկ հայ-տնի դարձած եւ երիտասարդների սիրելի զբաղմունքի վերածված այս «սուբ-կուլտուրայի» հեղինակը: Հայաստանում առաջին կարաոկե բարերը հայտնվեցին 1999-2000 թվականներին, սակայն դրանց նկատմամբ հետաքրքրությունը ինչպես ողջ աշխհարհում, այնպես էլ մեզ մոտ դեռ չի մարել: Ավելին, կարաոկե (ինչը ճապոներենից թարգմանած նշանակում է «դատարկ նվագախումբ») -ակումբները Հայաստանում գնալով շատանում են: Երիտասարդները շարունակում են իրենց ժամանցը անցկացնելու համար նախընտրել կարաոկե ակումբները, որտեղ կարելի է ոչ միայն երգել, այլեւ պարել, ուտել եւ զվարճանալ:

Ցավոք, երիտասարդներից շատերը չեն ընդունում, որ նմանօրինակ ակումբները ստեղծված են ոչ թե պրոֆեսիոնալ երգելու կարողություն ունեցողների, այլ այն մարդկանց համար, ովքեր պարելուց զատ, թեկուզ մեկ-մեկ սիրում են քթի տակ երգել: Հաճախ կարելի է լսել, որ կարաոկե ակումբների աշխատակիցները դժգոհում են, որ մեր երկրում երիտասարդները կոմպլեքսավորվում են կարաոկեներում ու դեռեւս չեն հաղթահարել իրենց ամաչկոտությունը:

22-ամյա Մինասը, օրինակ, աշխատում է Երեւանի լավագույն կարաոկեներից մեկում: Իր ասելով՝ եւ՛ դիջեյություն է անում, եւ՛ երբեմն-երբեմն շոու-ծրագրերով հանդես գալիս: «Ես այս ակումբում աշխատում եմ վեց տարուց ավելի: Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ երիտասարդները գալիս են մեր ակումբ ու հիմնականում չեն երգում, պատճառաբանելով, թե ամոթ է: Դեպքեր են եղել, որ երգի կեսից աղջիկը նույնիսկ լաց է եղել, մենք էլ ստիպված երգն ընդհատել ենք: Ուղղակի զարմանալ կարելի է»,- ասում է Մինասը:

Մեկ այլ ակումբի դիջեյ Սմբատից էլ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են երիտասարդները ամաչում երգել կարաոկե ակումբներում: «Մեզ մոտ չեն ամաչում,- վստահորեն ասաց դիջեյն ու շարունակեց:- Մեր ակումբը այնպես ենք սարքել, որ երգողի դեմքը չերեւա, միայն ձայնը լսվի: Այս տարբերակը էլի մի քիչ «փրկում» է մեր երիտասարդներին, եւ հաճախորդների մեծ մասը երգում է»: Վերջինս կարծում է, որ եթե երիտասարդը լավ երգել է իմանում (հաճախ շատերը տանը երգերը նախօրոք պարապում են), իրար հետեւից նույնիսկ մի քանի երգ է պատվիրում, իսկ այն երիտասարդները, որոնց ձեռքում առաջին անգամ է հայտնվում միկրոֆոնը, սկսում են կոմպլեքսավորվել ու պարզապես չեն երգում:

19-ամյա Նարեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հաճախ ընկերուհու հետ այցելում է Երեւանի կարաոկե ակումբներ: «Այցելում ենք, որովհետեւ զվարճանքի սիրահար ենք: Ընկերուհիս՝ Իռենը, շատ է սիրում երգել-պարել, ես էլ, բայց «մեռնեմ»՝ կարաոկե ակումբներում չեմ երգի: Մի անգամ երգեցի ու խայտառակ եղա, բոլորը ծիծաղեցին վրաս, ստիպված այդտեղից արագ հեռացանք: Եթե երգել չգիտեմ՝ ինչո՞ւ երգեմ»,- հավելեց Նարեկը, չգիտակցելով, որ կարաոկե ակումբները պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիների համար չեն:

Այլ կարծիքի է Մարիաննան, նա համոզված ասում է, որ կարաոկե ակումբները իրեն ստիպում են մի լավ ուրախանալ. «Երբ հիշում եմ, թե որքան կոմպլեքսավորված էի մի քանի տարի առաջ՝ զարմանում եմ ինքս ինձ վրա: Առաջ այսպիսին չէի: Անկեղծ ասած, ձայնս շատ վատն է, բայց երգում եմ հաճույքով ու չեմ էլ նկատում, թե իմ մասին ինչ են խոսում մյուսները, հատկապես՝ «ռաբիս» տղաները, որոնք կոմպլեքսավորված ծպտվում են մի անկյունում, գարեջուր խմում ու խոսում այս կամ այն աղջկա մասին»:

Թե ինչու են մեր երիտասարդները կոմպլեքսավորվում կարաոկե ակումբներում, իր տեսակետն է արտահայտում նաեւ հոգեբանական գիտությունների թեկնածու Նարինե Բաբայանը: «Պատճառները միանշանակ շատ են: Բայց հիմնականում հայ երիտասարդի մոտ ձեւավորված է մի կարծրատիպ, որը ստիպում է «չգնալ» նման զվարճանքների հետեւից: Օրինակ՝ վերջիններս կկոմպլեքսավորվեն հենց միայն այն պատճառով, որ կմտածեն՝ ահա, այն տղան, որ նստած է իր ընկերների հետ, կծաղրի ինձ, իսկ ես չեմ ցանկանում ծաղրի առարկա դառնալ: Ասեմ ավելին՝ մեր երիտասարդները բավականին ծանրակշիռ ու լրջախոհ են, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ նրանցից շատերը պարզապես խուսափում են այցելել նման ակումբներ»:

Երեւանում կարաոկե ակումբները օրեցօր ավելանում են, իսկ դրանց մուտքը սովորաբար տղաների համար վճարովի է լինում (1000-ից 2000 դրամ): Մեկ երգի արժեքն էլ մոտավորապես տատանվում է 300-ից 500 դրամի սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել