Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԴԺՎԱՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ

Հոկտեմբեր 21,2009 00:00

\"\"Բռնության դեպքերի մասին լռելը խնդիր է

«Ոչ թե սեռական բռնության դեպքերն են շատացել, այլ դրանց մասին սկսել են ավելի հաճախ խոսել»,- հավաստիացնում է Կանանց ռեսուրսային կենտրոնում իրականացվող մի շարք ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կներկայացնեն նաեւ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների՝ իրենց կատարած վերջին ուսումնասիրությունների արդյունքները: Թեեւ կենտրոնում արդեն մեկ տարի գործում է նաեւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ծառայությունը, սակայն, Տ. Աղաբեկյանի խոսքով, այն դեռեւս չի ընկալվում հասարակության կողմից. հայ կանանց փոքրամասնությունն է, որ բարձրաձայնում է բռնության դեպքերը կամ զանգում՝ համապատասխան խորհրդատվական ծառայություն ստանալու համար: Տ. Աղաբեկյանը պատմում է, որ իրականում ոչ բոլոր զանգողներն են, որ հենց սեռական բռնության են ենթարկվել, շատ դեպքերում պարզապես ընտանեկան կամ ֆիզիկական բռնությունների մասին են իրենց տեղեկացնում եւ խնդիրը լուծելու համար խորհուրդ հարցնում, բայց նրանց թիվն էլ շատ չէ՝ տարեկան մոտավորապես 15 հոգի. «Կարծում էինք, որ ընդհանրապես զանգողներ չեն լինելու, հայ կանայք շատ դժվար են խոսում, բազմաթիվ են դեպքերը, երբ բռնության ենթարկված կանայք ոստիկանություն են դիմում, բայց անմիջապես հետ են վերցնում բողոք-դիմումները. այդ ոլորտում ճնշում է նկատելի»:

Տ. Աղաբեկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ բռնության դեպքերի մասին լռելը մեծ խնդիր է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հատկապես մարզերում. «Դա նկատելի է մեր՝ մարզեր այցելություններից ու այնտեղ դասընթացներ անցկացնելուց: Մեր կենտրոնը դեռ չունի իրավաբան կամ բժիշկ, բայց փոխարենը իրավաբանական հաստատությունների, հոգեբանական ծառայությունների եւ պոլիկլինիկաների հետ պայմանավորվածություն ունենք, մեզ զանգողներին էլ ուղղորդում ենք համապատասխան մարդկանց դիմելու գործում, եւ եթե կարիք է լինում՝ մեր կենտրոնի անդամներն էլ են գնում նրանց հետ»:

Ըստ մեր զրուցակցի՝ կա եւս մեկ խնդիր, որն էլ աղջիկների եւ կանանց կողմից սեռական հարաբերության մասին տարրական հարցերի, օրգանների կառուցվածքի կամ հիգիենայի կանոնների չիմացությունն է: Տ. Աղաբեկյանի խոսքով, հայ կանայք մի խնդիր էլ ունեն. տարիներով բժշկական հետազոտությունների չեն գնում. «Ընդհանրապես խրախուսվում է տարեկան մեկ անգամ բժշկական հետազոտություն անցնել, հատկապես 36 տարեկանից հետո պարտադիր է: Շատ կանայք մտածում են, որ մինչեւ սեռական հարաբերություն չունենալը՝ ստուգվելու կարիք չկա, բայց ասեմ, որ ամենաերիտասարդ աղջիկը, ով արգանդավզիկի քաղցկեղ է ունեցել, ընդամենը 17 տարեկան էր, եւ նա երբեւէ սեռական հարաբերություն չէր ունեցել»: Տ. Աղաբեկյանի խոսքով, անցյալ տարի կենտրոնի անդամներն ունեին անվճար բժշկական ստուգումներ անցնելու հնարավորություն, բայց նույնիսկ այդպիսի պայմաններում էլ քչերը համաձայնեցին ստուգվել: Նրա ձեւակերպմամբ՝ կենտրոնի 6 տարվա գործունեության ընթացքում իրականացվող ծրագրերը ուղղված են եղել վերը թվարկված խնդիրները կասեցնելուն: Այս առումով Կանանց ռեսուրսային կենտրոնը պարբերաբար իրազեկող դասընթացներ է կազմակերպում՝ սեռական դաստիարակության, հղի կանանց եւ երիտասարդ մայրերի համար: Որոշակի դասընթացներ՝ նաեւ արական սեռի ներկայացուցիչների համար են նախատեսված: «Տղամարդկանց համար նախատեսված դասընթացները շատ չեն, դրանք հիմնականում իրավունքի դասերն են, մեր հիմնական ծրագրերը կանանց ու աղջիկների համար է»,- նշեց Տ. Աղաբեկյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, նկատելի է վերջին շրջանում կենտրոն այցելողների, դասընթացներին մասնակցել ցանկացողների ակտիվություն. յուրաքանչյուր քննարկմանը 20-30 մասնակից է ընդգրկվում. տարեկան մոտ 10 անգամ իրականացվող իրավունքի դասերին ամեն անգամ 12 մասնակից է լինում. «Հնգօրյա դասերի ընթացքում ամեն օր տարբեր թեմաների ենք անդրադառնում. իրավունք, գենդեր, կանանց շարժում, բռնություն եւ թրաֆիքինգ, վերարտադրողական առողջություն եւ այլն»: Տ. Աղաբեկյանը հավելեց, որ հոկտեմբերին կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ամիս է հայտարարված, որին նվիրված՝ կենտրոնը տարբեր միջոցառումներ, հանդիպումներ ու տեղեկատվական ֆիլմերի ցուցադրություններ է նախատեսել: Նաեւ արդեն սկսել են նախապատրաստվել նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին. «Այս տարի, բացի ավանդական երթից, նախատեսել ենք նաեւ բռնության թեմայով ցուցահանդես եւ նույն թեմայով տեղացի ու արտասահմանցի ռեժիսորների 5 փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրութուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել