Լրահոս
Օրվա լրահոսը

9. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"
Գերեզմանոցի տնակի բնակիչները:

Քայլում եմ դեպի Արինբերդի գերեզմանոցն ու մտածում հանգուցյալի հետ խոսելու հայ մարդու հնուց եկող սովորության մասին: Գերեզման այցելելիս հարազատը զրուցում է հանգուցյալի հետ, պատմում ընտանիքի կյանքում վերջին փոփոխությունների մասին, ու հավատում է, որ նա լսում է իր խոսքը, չնայած եւ գիտե, որ մեռնելիս հոգին բաժանվում է մարմնից ու համբառնում է մեկ այլ աշխարհ, կամ որոշ ժամանակ թափառում է երկրում, հետեւելով հարազատներին ու մտերիմներին: Երբ նստում ես տապանաքարի մոտ ու մտովի խոսում, պատմում ընտանեկան վերջին իրադարձությունների, հարաբերությունների մասին, ինքդ էլ ես թեթեւանում: Իսկ հանգուցյալը քո մեջ կենդանանում է: Հանգուցյալի հետ իրոք շատ բան ունեն խոսելու նրա հարազատները, քանի որ ամեն մարդ մի հսկայական փակ վեպ է տարել իր հետ: Տնտղում եմ շիրիմների արձանագրությունները։ Մեկը գիտնական էր, հավանաբար՝ ֆիզիկոս, հարեւանը` գյուղատնտես, կողքինը` բանվոր, որը հիսուն տարի խառատային հաստոցի մոտ մետաղ է մշակել, այն կողմինը կուսակցական աշխատող էր, անընդհատ լարված սպասել էր, թե կուսակցության ղեկավարը ինչպես կգնահատի իր ծառայելու պատրաստակամությունը: Հարեւանը ինժեներ էր, այդպես էլ չգտավ իրեն, անվերջորեն նորարարություններ էր առաջարկում, ձեռնարկության տնօրենի գլուխը տանում: Թողեց ինժեներությունն ու սկսեց շուկայում կարտոֆիլ վաճառել: Մյուսի կիսանդրին, քանդակների ողջ համալիրը վկայում է, որ հեղինակություն էր եղել, մաֆիոզ, գուցե եւ օրենքով գող: Նրա հարեւան գերեզմանը ոստիկանապետինն է: Թշնամիներին ինչո՞ւ են իրար մոտ բերել: Դե չէ՝ ինչ թշնամի: Ձեւացնում էին, թե հակառակորդ են, իրականում նրանք բարեկամներ էին: Եթե պետք էր, ոտիկանապետին իր շրջապատից մի քանի անուն էր տալիս, որոնց ուզում էր վերացնել, կալանավայր ուղարկում, որ այնտեղ հսկեր թմրադեղերի հոսքը:

Երեւի գերեզմանոցում կարելի է որոշել, թե անցած տարիներին ազնիվ աշխատանքով ապրող մարդի՞կ են շատ, թե` կաշառակերները, բյուրոկրատները, խարդախները, գրպանահատները: Երեւի դա ոչ թե գերեզմանոցում պետք է որոշել, այլ երկրի ներկա վիճակով: Եթե աղքատություն է երկրում, ապա պետք է մտածել, որ դեռեւս կոռուպցիան ու անարդարությունն են իշխում երկրում:

Գերեզմանոցում հանգուցյալի հետ խոսող մարդ չտեսա: Իհարկե, դա ինտիմ հարաբերություն է, ու այլ մարդ չի կարող ներկա լինել այդ ծեսին: Այն աղոթքի պես մի բան է, ներքին, ենթագիտակցական հաղորդություն:

Ժամանակակից հայկական գերեզմանոցում գերակշռում է մահացածի հարազատների ցուցամոլությունը, թաղման արարողակարգից սկսած մարդկանց մեջ մեկ անգամ էլ փայլելու իրենց հարստությամբ ու ազդեցությամբ: Բայց ամեն ինչ ժամանակավոր է: Հիշում եմ, ազդեցիկ մի նախարարի հարազատի թաղմանը մարդկանց, շքեղ մեքենաներին տեղ չկար: Ամեն ոք ցանկանում էր սեղմել նախարարի ձեռքը, ցավակցություն հայտնել: Իսկ ահա նրա թաղմանը մարդ չկա, քանի որ նրա ժառանգներն աննշան մարդիկ էին:

Ես առիթ եմ ունեցել լինել հայկական հին գերեզմանոցներում: Ցավում եմ, որ վերացել է գերեզմաններին ավանդական տապանաքարեր տեղադրելու սովորությունը: Մեծամասամբ գրանիտե սալեր են տեղադրում` հանգուցյալի պատկերով: Հետաքրքիր է, որ այս իմաստով քրիստոնյաների ու մահմեդականների սովորությունները մեկտեղվել են: Իսկ անցյալ դարի սկզբներին հայկական գերեզմանոցներում շատ տարածված էին դամբանագրերը: Արդեն առաջացել էր դամբանագրային պոեզիա, որը դեռեւս լավ չի ուսումնասիրված:

Գերեզմանոցի դարպասներից շքեղ մեքենաներ ներս մտան, ու ես կտրվեցի մտքերից: Մորուքավոր երիտասարդը մոտեցավ, համբուրեց գրանիտե խաչը, որի մեջ հանգուցյալի դիմանկարն էր: Երբեմն գրանիտի վրա պատկերում են հանգուցյալին հասակով մեկ, նույնիսկ փայլուն կոշիկները: «Մերսեդեսից» հոգեւորական դուրս եկավ, բուրվառը վառեց, ցրեց խունկով հագեցած ծուխը, ապա «Հայր մերն» ասաց, ավարտեցին ծեսն ու գնացին:

Գրանիտե սալերին կարդում եմ արձանագրությունները, ու ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել, թե ով է հանգուցյալը։ Իսկ ավանդական դամբանագրերը շատ բան կպատմեին: Անցորդը մի պահ կանգ է առնում, ընթերցում է դամբանագիրը, ողորմի ասում ու հեռանում: Ու նա երկար հիշում է այդ տողերը: Ես չեմ մոռանում Նախիջեւանի Ցղնա գյուղում մի տապանաքարի դամբանագիրը. «Աշխարհ մտա դառն օրվա համար, կյանքի օրերիս դառնություն գտա, ցավի տանջանքը սրտումս մտած, հալեց ու մաշեց մինչեւ գերեզման, թողնելով ամուսինս ու որդիքս:

Լացեք ծնողք, լացեք սիրեկան եւ ազգական,

էլ չեք տեսնի ինձ մինչեւ հավիտյան»:

Հատկապես տպավորիչ էր Գանձակի, Գետաշենի ու Շուշիի դամբանագրային պոեզիան: Դամբանագրերը երբեք իրար չեն կրկնում: Այս մշակույթը, որը գալիս է դարերի խորքից, ցավոք, մոռացվել է:

Գերեզմանոցի պահակը հայտնեց, որ մեկ ժամից կսկսվեն հուղարկավորությունները: Ես շարունակեցի քայլել հանգստարանում, մտածել հանգուցյալների մասին: Լավ է, որ հոգին հողի տակ չեն թաղում: Ասում են, որ երբեմն հոգին չի համբարձվում, մտնում է որեւէ կենդանու մեջ ու հետեւում իր հարազատներին: Բարձր ծառի վրա թռչունի բույն կար: Ես արդեն պատկերացրի, որ հենց այս բնի տեր թռչունի մեջ է տեղավորվել ծառի մոտ մարմարապատ հանգստարանում հանգիստ առած մարդու հոգին: Նա իր բնից հետեւում է, թե իր հարազատներից, ընկերներից ով է հիշում իրեն: Ու երեւի թռչնի մեջ պատսպարված հոգին սիրահարվել է իրեն նվիրված շքեղ հուշարձանին, վերեւից նայում է ու չի կշտանում:

Նայում եմ գերեզմանոցի հուշարձանների ու տապանաքարերի բազմազանությանը, մտածում մարդկանց մեջ տարածված սովորույթների մասին: Եթե Եվրոպայում գոնե մահվանից հետո արդեն համահավասար են, տապանաքարերը նույն ստանդարտ չափի են, ապա մեզանում ասես մի տարօրինակ մրցակցություն է ծավալվել. ով ավելի թանկ տեղ ձեռք կբերի, ավելի ճոխ հուղարկավորություն կկազմակերպի, ում պատրաստած հուշարձանը ավելի շքեղ ու թանկ կլինի: Մարդիկ իրենց պատիվը կապում են ոչ թե իրենց գործունեության, այլ հարազատի գերեզմանի շքեղության հետ, չնայած, հնարավոր է, որ կենդանության օրոք, ասենք, ծնողի խոսքը չեն հարգել: Բայց այս սովորույթը խիստ ծանր է նստում չունեւոր մարդկանց վրա: Ամենահամեստ հուղարկավորությունը, հուշարձանի պատրաստումը մեկ միլիոն դրամի չափ ծախս է պահանջում: Ու չունեւոր մարդիկ ձգտում են երկար ապրել, մինչեւ ունեւոր դառնան հարազատները։ Երեւի դա է պատճառը, որ աղքատները ունեւորներից ավելի երկար են ապրում։

Թաղման բյուրոյում ինձ հայտնեցին, որ ելքը դիակիզարանն է: Այստեղ է, որ հավասարություն է ստեղծվում: Միայն Արինբերդի գերեզմանոցը 150 հեկտար տարածք է գրավում: Ողջ Երեւանում գերեզմանոցները գրավում են 525 հա տարածք: Իսկ հանրահայտ է, որ տարածքի առումով անսպառ չեն քաղաքի հնարավորությունները: Մի քանի տարի հետո ընդունված կարգի թաղումները, տեղի պատճառով, անհնար են դառնալու: Մնում է բնակչությունը աստիճանաբար հաշտվի դիակիզարանի գոյության հետ, որը բավականին առավելություններ ունի: Երեւանյան գերեզմանատները սկսել են գործել 1924 թվականից: Իսկ մինչ այդ եղած գերեզմանների (բացառությամբ Ավանի) հետքն անգամ չի պահպանվել: Քաղաքային պանթեոնում (Թոխմախ) արդեն անտեր գերեզմանների տեղերի բաշխում է կատարվում։ Իսկ դիակիզարանում հանգուցյալների հիշատակը կպահպանվի հարյուրամյակներ շարունակ: Իհարկե, այս դեպքում ցուցամոլության առիթ չի լինելու:

Այս մտորումների մեջ էի, երբ տեսա, որ գերեզմանատան մուտքի մոտ լցվեցին մեքենաները, որոնցից մի շքախումբ առանձնացավ ու մտավ գերեզմանոց: Մարդկանց հոսքը չէր դադարում: Դժվարությամբ տեղեկացա, որ քաղաքային հեղինակություններից մեկի հորեղբոր թաղումն է: Գերեզմանի մոտ ելույթ ունեցողները ասես մոռացել էին հանգուցյալին, քանի որ անընդհատ տալիս էին հեղինակության անունը:

Դարպասների մոտ մի «Երազ» կանգ առավ: Մի տարեց մարդ իջավ մեքենայից, խոսեց պահակի հետ, սկսեց սակարկել, ետ գնաց, նստեց մեքենան, ու «Երազը» դարպասներից ներս մտավ: Ետեւի դուռը բաց էր ու երեւում էր փայտե արկղ-դագաղը: Ընդամենը երկու հոգի էին հուղարկավորողները: Կանգ առան փոսի մոտ, արագ իջեցրին դագաղը, տեղավորեցին փոսի մեջ, հողը լցրին, մի թումբ սարքեցին, քար դրեցին վրան ու արագ հեռացան: Իսկ քաղաքային հեղինակության հորեղբոր հուղարկավորությունը դեռ շարունակվում էր:

Գերեզմանոցի տարածքում գերեզմանաքարերի արհեստանոցն էր: Այստեղ արդեն գերեզմանոցի մաքրությունն ու կարգ ու կանոնը չկար: Հանգուցյալի հարազատները գալիս, պատվիրում էին քար, սակարկում ու գնում: Արհեստանոցի տարածքում մի վագոն-տնակ գրավեց իմ ուշադրությունը: Ամեն ինչից երեւում էր, որ տնակում ընտանիք է բնակվում: Բակում հինգ ու վեց տարեկան Լենան ու Սիրանուշը խաղում էին:

– Երեխաներ, գերեզմանոց չմդնիք,- զգուշացրեց մայրը:

Երկու տարի առաջ էր, Արսեն Գալոյանի եւ Սվետլանա Սարգսյանի ընտանիքը աշխատանքի որոնումները Գյումրիից երեւան են բերել, գերեզմանոցի վարպետներն էլ, խղճահարությունից դրդված, իրենց ունեցածը` այս տնակն են առաջարկել: Հասկանալի է, որ 1988-ի աղետից հետո գյումրեցիները վարժվել են վագոն-տնակներին, ու շատերի համար նման տնակում տեղավորվելը հաջողություն է համարվում:

– Տան համար դիմե՞լ եք որեւէ մեկին,- հարցրի Սվետլանային:

– Ո՞ւմ դիմեմ,- զարմացած հարցրեց երեխաների մայրը:

– Քաղաքապետարան…

– Չէ, ոչ մեկին չենք դիմել: Գյումրիում մի շենքի ձեղնահարկում ենք տեղավորվել: Վադ չէ, գոհ ենք։

– Իսկ այստեղ հարմա՞ր է:

– Յոլա կերթանք:

Գերեզմանոց դուրս եկա: Տեսնես ի՞նչ է անում աղքատ մարդու հոգին: Հազիվ թե ցանկանար մնալ այս աշխարհում: Երեւի հանդիպել են ունեւորի ու աղքատի հոգիները, ծիծաղել մարդկանց վրա: Իհարկե, հարուստի հոգին քիչ անհարմար վիճակում է ու ներողամտորեն ժպտում է: Իսկ աղքատը մեծահոգաբար թփթփացնում է մեջքին, խոստանում, որ դատաստանի ժամանակ մի երկու խոսք կասի նրա օգտին։

Արինբերդի գերեզմանոցն անցնելով, դար ու փոսերով քայլում եմ դեպի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկն ու մտածում այնտեղ ազատազրկման դատապարտված շուրջ 1100 մարդկանց, նրանց ճակատագրերի, կենսագրության, բարոյահոգեւոր իրավիճակի, աշխարհընկալման, ընտանեկան պայմանների, մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունների մասին:

Շուրջս ասես միանգամից ծղրիդների բազմերանգ երգեր տարածվեցին, թե՝ նոր միայն լսելու ունակություն ձեռք բերեցի: Շների մի մեծ ոհմակ հայտնվեց թմբի ետեւից, ու բոլորը միաբերան սկսեցին հաչել, սպառնալով, որ իրենց տարածք չմտնեմ: Քաղաքի թափառող շները միայն գիշերներն են իրենց տեր ու տիրական զգում, սպառնում անցորդներին: Իսկ այս շները լրիվ ազատության մեջ են հայտնվել ու արդեն չափ ու սահման չեն զգում: Սակայն ինչո՞ւ են նրանք այս ամայության մեջ հայտնվել: Շների մեջ հայտնվեց հսկա, զարհուրելի հովվաշունը: Երեւի հոգնել է քաղաքային թաղամասերում էգերի համար գիշերները անվերջանալի կռիվներից, հավաքել է քածերին, հարեմ-ոհմակ կազմել ու առանձնացել քաղաքային թոհուբոհից հեռու ամայի տարածքում: Նրանք շրջակա աղբանոցների վրա ավազակային հարձակումներ են գործում, կուշտ ուտում, իրենց ոստան վերադառնում: Ձեռքի հետ էլ գիշերները գերեզմանաքարերի արհեստանոցներն ու դարուփոսերով ավտոմոտոդրոմի տարածքը հսկում, որի համար քարգործները նրանց ուտելիք են թողնում: Ես մի պահ կանգ առա, սակայն տեսնելով, որ հաչոցները սպառնալիքների են վերածվում, որին կհետեւի հարձակումը, շարունակեցի հեռու քայլել:

Արդեն որոշակի պատկերացում ունեմ Նուբարաշենի կալանավայրի, նրա ներքին կառուցվածքի մասին: Ուսումնասիրություններս սկսել էի հիմնարկի արբանյակային լուսանկարներից: Վեցհարկանի տուֆաշեն հսկա աշտարակը չորս կողմից միացված է ուղղանկյուն հատակագծերով չորս երկհարկ շինությունների: Լավ է, որ դրանք շրջանաձեւ կամ օվալաձեւ չեն, այլապես ընդհանուրը ծաղկի տեսք կունենար ու թյուրիմացության մեջ կգցեր տիեզերքից նայողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել