Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴԸ ԹԱՏՐՈՆ ՉԻ ԽԱՂՈՒՄ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Այստեղ նպատակներ են դնում եւ հասնում դրանց իրականացմանը

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանողական խորհրդի ծնունդն էր: 1994-ին ստեղծված ուսխորհուրդն ազդարարեց, թե ինչպես է նշելու իր 15-ամյա հոբելյանը: Հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրը, Պոլիտեխնիկի ուսխորհուրդը կկազմակերպի տարաբնույթ միջոցառումներ. երեկ ուսխորհրդի ղեկավար անձնակազմի եւ ուսանողների ներկայությամբ տեղի ունեցավ ուսխորհրդի Web 2.0 էլեկտրոնային գործիքների փաթեթի ներկայացումը: Բուհի մի խումբ ուսանողների ջանքերով ստեղծվել է ուսխորհրդի www.sc.seua.am պաշտոնական կայքէջը, համապատասխան բլոգերում ձեւավորվել են ուսխորհրդին վերաբերող էջեր, սոցիալական ցանցերում՝ ուսխորհրդի խմբեր եւ այլն:

Ուսխորհրդի նախագահ Կարապետ Թոռչյանը «Առավոտի» հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. «Սա եւս մեկ հնարավորություն է ինֆորմացիան հասցնելու ուսանողներին եւ ապահովելու հետադարձ կապը: Քանի որ ուսանողները հնարավորություն ունեն խնդիրներ բարձրացնելու եւ առաջարկություններ անելու անանուն կերպով, ապա գուցե նաեւ մեզ համար կարեւոր ինֆորմացիա էլ ստանանք նրանցից»:

Իսկ այսօր հոբելյանական միջոցառումների շրջանակներում բուհի բանավիճային ակումբում տեղի կունենա «15-ամյա ուսխորհրդի դերն ու նշանակությունը 75-ամյա բուհում» թեմայով քննարկում: Երկուշաբթի կբացվի քարերի եռօրյա ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինի ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտի քարերի հավաքածուն: Բուհի ՈՒԳԸ-ն կկազմակերպի քեմփ ֆորմատի ոչ ֆորմալ գիտաժողով, տեղի կունենա բարեգործական համերգ, բնապահպանական ակցիա, որի շրջանակներում ուսանողները կբարեկարգեն բուհի հարակից տարածքը, կբաժանեն բնապահպանական կոչերով բացիկներ: Հոբելյանական միջոցառումները կավարտվեն նոյեմբերի 17-ի հոբելյանական նիստով:

«Առավոտը» Կ. Թոռչյանից հետաքրքրվեց՝ մյուս բուհերի իրենց գործընկերներին հրավիրե՞լ են մասնակցելու հոբելյանական միջոցառումներին: Նա պատասխանեց. «Մյուս բուհերի ուսխորհուրդների հետ ոչ մի անձնական կամ կառույցին վերաբերող խնդիրներ չունենք: Իհարկե, կհրավիրենք, պարզապես այն միջոցառումներին, որոնք մոտ են նրանց բնույթին»: Հետաքրքրվեցինք՝ հաճախ «անտարբեր» որակումն ստացող ուսանողությանը հե՞շտ է կազմակերպելը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Բավականին դժվար է: Ուսանողությունը եւ երիտասարդությունը բազմապրոֆիլ մոտեցումներ եւ մտածելակերպ ունեն եւ 100%-ով համախմբել բոլորին անհնար է: Մեր հիմնական նպատակն այն է, որ ուսանողության վառ ներկայացուցիչներին կարողանանք մասնակից դարձնել բուհի ղեկավարման գործընթացին՝ օրենքով սահմանված կարգով՝ 25%-ի չափով, ինչին մենք հասել ենք: Միայն գիտական խորհրդում ուսանողները ներկայացված չէին, բայց այսօր դրան էլ ենք հասել: Դա մեզ հեշտ չտրվեց. կային ընդդիմախոսներ, խոչընդոտներ ֆակուլտետային մակարդակներում, բայց որոշ տեղերում մեր սուր մոտեցումների շնորհիվ կարողացանք հասնել նրան, որ բուհում ուսանողական հատվածն իր հստակ չափաքանակով մասնակցում է բուհի կառավարման գործընթացին: Հետո մեզ մոտ այն մոտեցումը չէ, թե ուղղակի գրված են ուսանողների անուններ, որոնք սրա-նրա խնամի-ծանոթ-բարեկամներն են եւ գնում, ընդամենը ձեռք են բարձրացնում, այլ հստակ ներկայացված են ուսանողներ, որոնք կառավարման օղակներում ունենում են իրենց հստակ կարծիքը, որը բխում է ուսանողների շահերից: Մի խոսքով, մեզ մոտ թատրոն չէ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ բուհի ղեկավարության կուսակցական կողմնորոշումը ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ է իրենց գործունեության վրա: Ուսխորհրդի նախագահը նկատեց. «Տարիների շփումների ընթացքում տպավորություն ունեմ, որ մեր բուհում կուսակցական մարդ չկա թե՛ բուհի ղեկավարության, թե՛ այլ շրջանակներում»:

Ուսխորհուրդն ունի համապատասխան տարածքներ բուհի տարբեր ֆակուլտետներում, որտեղ ուսանողները հավաքվում, տարբեր հարցեր են քննարկում, միջոցառումներ կազմակերպում: Բայց այս առումով էլ կան որոշ դժվարություններ, որտեղ կրկին ուսխորհրդի եւ ուսանողության ներկայացուցիչների սուր դիրքորոշման կարիքն է հաճախ լինում: Կ. Թոռչյանն այս առիթով ասաց. «Երբեմն որոշակի ոտնձգություններ կան, մեկ էլ տեսնում ես՝ մեկի դուրը եկել են այդ տարածքները, եւ նա փորձում է ինչ-ինչ տարբերակներով հիմնավորել, որ կարող է այդտեղ այս կամ այն բանը լինել, բայց դա այնքան էլ չի ստացվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել