Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ

Նոյեմբեր 10,2009 00:00

Այլապես կհայտնվեք գրպանահատների ուշադրության կենտրոնում

Հայաստանում գոյություն ունեն գրպանահատների խմբավորումներ, որոնք երթուղային տաքսիներից օգտվող հասարակության հաշվին բավականին լուրջ բիզնես են ծավալում: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ խմբավորումների ղեկավարն իր «աշխատակիցների» համար օրվա «պլան» է սահմանում, եւ անկախ նրանից, թե այդ օրը երթուղային տաքսիներում գողերը որքան դրամապանակ են հաջողացնում թռցնել, իրենց «շեֆին» պետք է «նալոգ» տան:

Գրպանահատ հանցագործների գործունեությունն ակտիվանում է հատկապես այս սեզոնին, երբ մարդիկ իրենց թեթեւ ամառային շորերից հետո սկսել են կրել բաճկոններ ու տաք հագուստներ: Օրինակ, Մաշտոցի պողոտայում՝ փակ շուկայի հարեւանությամբ տեղակայված կանգառում երթեւեկության «պիկ» ժամերին գրպանահատները, պլանավորելով իրենց տվյալ օրվա անելիքները եւ ընտրելով թիրախը՝ անցնում են գործի: Պատահական չէ, որ գրպանահատները, որպես իրենց «գրասենյակ» ընտրել են հատկապես Մաշտոցի պողոտան, քանի որ այդտեղով է անցնում քաղաքային տրանսպորտի մեծ մասը, ընդ որում, հատկապես ժամը 18-ի սահմաններում երթուղային տաքսիներն այդ կանգառում լինում են գերբեռնված:

Գրպանահատների համար գոյություն ունեն «թիրախային» եւ «ոչ թիրախային» երթուղային մեքենաներ: Այն համարները, որոնք շատ կարճ ինտերվալով են աշխատում եւ արագ են սպասարկում ուղեւորներին, գրպանահատների համար գրավիչ չեն: Այս առումով «խոցելի» խմբում են հատկապես Մաշտոցի պողոտայով անցնող թիվ 100, 10, 23, 4, 75, 77, 46 երթուղային տաքսիների ուղեւորները:

Մի քանի օր առաջ ականատես եղանք, թե ինչպես թիվ 100 երթուղայինում գրպանահատը ածելիի օգնությամբ կտրելով մի տատիկի ցելոֆանե տոպրակը, գողացավ նրա դրամապանակն ու անմիջապես այդ կանգառում իջավ: Մինչ տատիկը գլխի կընկներ, թե ինչ կատարվեց, գրպանահատն արդեն հասցրեց տեղավորվել մեկ այլ գերբեռնված երթուղայինում: «Տոպրակիս մեջ ընդամենը 2000 դրամ էր, բայց հարցը գումարը չէ, հիմա ես ստիպված եմ տունդարձի ճանապարհին վարորդին խնդրել, որ ինձնից ուղեվարձ չպահանջի»,- լաց լինելով ասում էր թալանված տատիկը: Նույն երթուղայինի մեկ այլ ուղեւոր պատմեց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ դարձյալ թիվ 100 երթուղայինում գրպանահատները գողացել են իր թանկարժեք հեռախոսը: «Ես տնեցիներին հազիվ էի համոզել, որ ապառիկով գնեմ այդ հեռախոսը: Իսկ ես դեռ պետք է մեկ տարի աշխատեմ, որ կարողանամ ապառիկի պարտքերը փակել»,-նեղսրտեց նա:

Նշենք, որ «Առավոտի» հարցմանը, թե այս տարվա ընթացքում գրպանահատության քանի՞ դեպք եք արձանագրել եւ քանի՞ գրպանահատի հայտնաբերել, ի՞նչ տեղեկություններ ունեք գրպանահատների խմբավորումների մասին՝ ոստիկանությունը որեւէ պաշտոնական պարզաբանում չտվեց: Բանն այն է, որ «Քրեական օրենսգրքի» 177-րդ հոդվածի համաձայն, գողությունները բաժանվում են խմբերի: Կախված նրանից, թե գրպանահատը գողությունը կատարել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, առանձնապես խոշոր չափերով կամ տուժողի հագուստից, պայուսակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողություն՝ պատժատեսակն ըստ այդմ այլ է լինում՝ սկսած նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանքից մինչեւ ազատազրկում՝ 1-8 տարի ժամկետով:

Հետեւաբար, եթե ոստիկանության ձերբակալած գրպանահատն ուղեւորի գրպանից գողացած է լինում 1000-2000 դրամ, դա որակվում է որպես մանր չափի գողություն, եթե թանկ հեռախոս է տարած լինում՝ արդեն խոշոր չափերի, ուստի ոստիկանությունը ներկայումս չունի հստակ տվյալ, թե քանի գրպանահատության դեպք են հայտնաբերել, քանի որ, ըստ գողության չափերի են առանձնացրել: «Եթե ականատես եք եղել դեպքերի, գրպանահատների մասին ձեր անձնական եզրակացությունն արեք, մենք պաշտոնապես որեւէ բան այդ առումով չենք կարող ասել»,- հորդորեցին ոստիկանության լրատվականից:

Մնում է ուղեւորներին զգուշացնել, որ կանգառներում խուսափեն դրամապանակի պարունակությունը ստուգելուց եւ երթուղայիններում իրենց հարուստի տեղ դնելուց: Հենց նման պահվածքն է գրավում գրպանահատին եւ օգնում գտնել օրվա «թիրախին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել