Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐՆԵՐԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼԸ ՀՀ-ՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Կառավարությունը նաեւ այսպես է նախապատրաստվում Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացմանը

ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանը, Արա Նռանյանը եւ Վահան Հովհաննիսյանը օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին, ըստ որի՝ «ՀՀ սահմանամերձ շրջաններում (սահմանից մինչեւ 25 կմ խորությամբ) միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրներից են օտարերկրյա քաղաքացիներն ու օտարերկրյա կազմակերպությունները, կարող են ունենալ սեփականության իրավունք միայն Հայաստանի կառավարության որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնության դեպքում»: ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության փորձաքննության համաձայն՝ մասնավորապես վերջին դրույթը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից: Փորձագետները խնդրահարույց են համարել նաեւ հետեւյալը. «Նախագծով ամրագրված առաջարկի վերլուծությունից հետեւում է, որ տվյալ տարածքում սեփականատերերի սեփականության իրավունքի իրացման պարտադիր պայման է հանդիսանում ՀՀ կառավարության համապատասխան որոշման առկայությունը, ինչը, կարծում ենք, չի բխում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթի պահանջներից, այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը»:
Նշելով, թե ՀՅԴ այս պատգամավորների նախաձեռնության «ընդհանուր գաղափարն ընդունելի է»՝ այն, այնուամենայնիվ, քննադատել է նաեւ կառավարությունը, որը նոյեմբերի 3-ին ներկայացրած եզրակացության մեջ մասնավորապես նշել է, թե գաղափարի իրականացման «լուծումները չափազանց խոցելի են եւ համալիր վերանայման կարիք ունեն»: Եվ որպես նախագծի առանցքային թերություն է մատնանշված. «Դրանում բացարձակապես հաշվի չեն առնվել սահմանակից պետությունների օրենսդրական առանձնահատկությունները եւ իրականացվող քաղաքականությունը»: Նաեւ նշված է. «Առաջարկվող իրավական լուծումները բացարձակապես չեն կարող լուծել անվտանգության խնդիրները: Ավելին, դրանք ավելի խոցելի են դարձնում նույն այդ խնդիրների լուծումը»: Կառավարության եզրակացության մեջ նաեւ նշված է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ ներկայումս համալիր կերպով ուսումնասիրվում է հատկապես Թուրքիայի օրենսդրությունը՝ նպատակահարմար է պարզապես ժամանակավորապես դադարեցնել օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռք բերումը ՀՀ տարածքում, իսկ բացառիկ դեպքերում թույլտվություն տալու իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանը»:
Նախագծի հեղինակներից մեկի՝ Ռուզաննա Առաքելյանի հետ զրույցի ընթացքում, երբ փորձում էինք պարզել, թե այժմ ի՞նչ վտանգներ են տեսնում, որոնք կանխելու համար ծնվել է այս նախաձեռնությունը՝ ներկայացրեց հետեւյալ օրինակը. «Երբ Իսրայելը պետություն դարձավ՝ առաջին գործը, որ արեցին հրեաները (եւ հատկապես՝ ոչ միայն Իսրայելում, այլեւ ամբողջ աշխարհում ապրող հրեա մեծահարուստները)՝ Պաղեստինից հողեր գնելն էր: Եվ գնում էին սահմանամերձ շրջաններում գտնվող տարածքներ: 5 տարի հետո պաղեստինցիները կանգնել էին լուրջ փաստի առջեւ՝ երկրի կեսն արդեն հրեաների սեփականությունն էր»:
Թեեւ Ռուզաննա Առաքելյանն այդքան հոռետես չէ, որ կարող է մեր աչքի առջեւ Հայաստանի հողերի կեսը գնեն՝ այնուամենայնիվ, հնարավոր է համարում նմանատիպ վտանգներ՝ ասենք, որ սահմանամերձ շրջանում գնեն հողային հսկայական տարածք ու միտումնավոր չօգտագործեն. «Մենք օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ դրեցինք՝ երկրի անվտանգության խնդիրը նկատի ունենալով: Մեր նման երկիրը պե՛տք է այսպիսի օրենք ունենա: Եվ հայ-թուրքական սկսված գործընթացը մի փոքր արագացրեց այն, ինչ մտածում էի շատ ավելի շուտ»: Պատմեց, որ մինչ այս նախաձեռնությունը ներկայացնելը՝ ուսումնասիրել է, թե մեր հարեւան երկրների օրենսդրության մեջ ինչպես են կարգավորվում այս խնդիրները: Նշենք, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ անվտանգության ու փակ գոտիներում օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց չի թույլատրվում ձեռք բերել հողի ոչ միայն սեփականության, այլ անգամ վարձակալության եւ օգտագործման իրավունք: Մեր հարցին, թե փաստորեն ցանկանում են Հայաստանի օրենսդրությունն այս առումով նմանեցնել Թուրքիայի՞ն՝ ՀՅԴ պատգամավորը պատասխանեց բացասաբար, նաեւ ուշադրություն հրավիրելով, որ իրենց նախաձեռնությամբ չեն սահմանափակում վարձակալության իրավունքը. «Բացի այդ՝ Թուրքիայի օրենսդրությունն ամենավերջինն եմ ուսումնասիրել: Սկզբում նայել եմ Իրանի համապատասխան օրենքը՝ իրենց մոտ շատ ավելի խիստ է, քան մենք ենք ներկայացրել նախագծում: Նրանց սահմանամերձ շրջաններում ընդհանրապե՛ս է արգելվում հողի վաճառքը: Իսկ Իրանի մնացած տարածքներում՝ այն հատվածների, որոնք ազգային անվտանգության առումով ինչ-որ բան են ներկայացնում, վաճառքի իրավունքը տրվում է արդարադատության նախարարությանը: Եվ այն վերջին 20 տարում չունի նման վաճառքի վերաբերյալ ոչ մի որոշում: Ուսումնասիրել եմ նաեւ Սիրիայի համապատասխան օրենքը, որը նույնպես շատ ավելի խիստ է, քան մեր ներկայացրած նախագիծը՝ նրանք էլ են սահմանամերձ շրջաններում ընդհանրապես արգելում հողի վաճառքը»: Մեր դիտարկումը, թե փաստորեն հիմք է ընդունել առավելապես մահմեդական երկրների փորձը՝ պարզվեց, որ համընկավ նրան, ինչ այս կապակցությամբ նոյեմբերի 16-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասել էր կառավարության ներկայացուցիչը, երբ քննարկվել էր այս նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը, եւ այն հետաձգել էին մինչեւ 30 օրով: «Ես ուսումնասիրել եմ մեր հարեւան պետությունների փորձը»,- այս հակափաստարկը ներկայացրեց ՀՅԴ պատգամավորը: Նաեւ պատմեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այս 30 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի միջազգային փորձը՝ «Նախագիծն ավելի ամբողջական եւ անխոցելի դարձնելու համար: Եվ առաջին հանձնարարությունը, որ տրվեց այդ խմբին՝ եվրոպական երկրների փորձն ուսումնասիրելն է: Ես դեմ չեմ՝ այդ փորձը մեզ համար կարեւոր է, մանավանդ որ՝ միտված ենք եվրոպական արժեքներին, Եվրոպայի խորհրդի մեջ լինելով՝ ուզում ենք մեր օրենսդրական դաշտն անպայման հարմարեցնել եվրոպական օրենսդրական դաշտին: Բայց այնուամենայնիվ՝ օրենքներ հարմարեցնելով մենք ո՛չ եվրոպացի ենք դառնում եւ ո՛չ էլ դառնում ենք եվրոպական արժեքներ կրող»: Նաեւ հավելեց. «Եվրոպական ցանկացած երկիր նույնպես հաշվարկում է իր անվտանգության խնդիրները: Այժմ Ֆրանսիան լրջորեն վերանայում է իր օրենսդրական դաշտը, քանի որ իրենց երկրում բնակվող մուսուլմանների թիվը արդեն մոտենում է բնակչության 50%-ին, եւ իրենց համար սա անվտանգության խնդիր է»:
Ռուզաննա Առաքելյանն ամփոփեց. «Չգիտեմ, թե ինչ ճակատագրի կարժանանա մեր նախագիծը, բայց պնդում եմ, որ այն շատ կարեւոր է: Եվ եթե այս նախաձեռնությունն այսօր լուրջ խոչընդոտների հանդիպի, համոզված եմ՝ մի օր այսպիսի նախագծի անհրաժեշտությունն անպայման կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30