Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց-հայկական «Սայաթ-Նովա»

Դեկտեմբեր 01,2009 00:00

Բեմադրիչ Գիզո Ջորդանիայի հայաստանյան բեմադրությունը

Կովկասյան ժողովուրդների լեզուներով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն երգող Սայաթ-Նովան վերջապես իր բեմական նոր մարմնավորումը կստանա Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան կիրականացնի վրաց ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիան: Հիշյալ օպերայի պրեմիերան Երեւանում կայացել է 1969թ. մայիսին՝ բեմադրող-դիրիժոր Արամ Քաթանյանի, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մեկնությամբ: Իսկ բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր Վարդան Աճեմյանը: Աննայի դերերգով ժամանակին փայլել են Աննա Նշանյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Օլգա Գաբայանը, իսկ Սայաթ-Նովային հիանալի են մարմնավորել Վահան Միրաքյանը, Արտաշես Հայրյանը, Գեղամ Գրիգորյանը: Թատրոնի խաղացանկում օպերան ապրեց մինչեւ 80-ականների սկզբները: 1970-ականներին երկու անգամ ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայում՝ Մեծ թատրոնում եւ Կրեմլի պալատում: Ի դեպ, «Սայաթ-Նովան» բեմադրվել է նաեւ Բաքվում՝ 1973թ. (բեմադրիչ՝ Ֆերուդին Սաֆարով): Ասում են, որ այն պետք է բեմ բարձրանար նաեւ Վրաստանում, սակայն վրացի կոմպոզիտորները ըմբոստացել են, պատճառաբանելով, թե իբր Աննային սիրահարված է եղել ոչ թե Սայաթ-Նովան, այլ վրաց պոետ Բեսիկին: Անդրադառնալով մերօրյա «Սայաթ-Նովային», ասենք, որ բեմադրիչը՝ Գ. Ջորդանիան Երեւանում 1972-ին՝ ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի առիթով, բեմադրել է Օթար Թաքթաքիշվիլու «Մինդիա» օպերան:
Վրաց բեմադրիչը վերջերս կարճատեւ այցով գտնվել է Հայաստանում: Մանրամասներ ճշտելու նպատակով «Առավոտը» զրույց ունեցավ «Սայաթ-Նովայի» բեմադրող դիրիժոր, Ազգային օպերայի թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ: Ի դեպ, վերջինս նախօրեին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, ուր օրերս կղեկավարի տեղի Փոքր ակադեմիական օպերային թատրոնում Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումը: Կ. Դուրգարյանը հայտնեց, որ օպերային թատրոնը «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու նպատակով պայմանագիր է ստորագրել Գիզո Ջորդանիայի հետ, պրեմիերան էլ նախատեսված է 2010թ. հունիսին: «Թատրոնում սկսված են նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի եւ մեներգիչների փորձերը: Բեմադրության դեկորատորն է Ալեքսանդր Հարությունյանի թոռնուհին՝ Արաքս Հարությունյան-Քուչուկյանը, զգեստների հեղինակն էլ Ռուբինա Հովհաննիսյանն է»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ թե ովքեր են հանդես գալու գլխավոր դերերգերով, Դուրգարյանը հայտնեց, որ այսօր դեռ անուններ չի կարող տալ. «Ինչպես ընդունված է, մեկ դերերգը պատրաստում են 2 եւ ավելի երգիչներ»: Անդրադառնալով Գ. Ջորդանիայի գործունեությանը, Կ. Դուրգարյանը տեղեկացրեց, որ վրաց բեմադրիչը ավելի քան 100 դրամատիկական եւ օպերային ներկայացումների հեղինակ է: Նրա բեմադրությամբ Վրաստանի, Բաթումի եւ Գերմանիայի օպերային թատրոնների խաղացանկերում տեղ են գտել ինչպես վրաց կոմպոզիտորների, այնպես էլ համաշխարհային օպերային գրականության գոհարներ, այդ թվում՝ Չայկովսկու «Պիկովայա դաման», Լեոնկավալոյի «Պայացները», Լիսենկոյի «Տարաս Բուլբան» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել