Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐԸ, ԵՐԿԱԹԸ ԿԱՄ ՈՒԼՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵԼ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Ֆիզիկական իրերի մեջ պետք չէ փնտրել կյանքի իմաստ

«Դարեր շարունակ ժողովրդի միջից՝ ինչպես եւ ողջ քրիստոնյա աշխարհից չհաջողվեց արմատախիլ անել հեթանոսական սովորույթները: Սովորույթներ, որոնք հազարամյակներ մարդկանց գենետիկորեն փոխանցվել են՝ երեխան մորից է սովորել, թոռը՝ տատից, եւ այսպես շարունակ: Այդ սովորությունները հեթանոսությունից հետո հավատացյալների կողմից դուրս մղվեցին, բայց միայն հավատացյալների շրջանում: Մարդկությունը շարունակեց հավատալ քարին, երկաթին կամ թղթի կտորին»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տիրայր ավագ քահանա Սահրադյանը՝ խոսելով թալիսմաններին հավատալու մասին: Նա նաեւ հավելեց. դրանց հավատալ՝ նշանակում է կորցնել Աստծուն:
Ըստ քահանա Սահրադյանի, այն մարդը, որը Քրիստոսին ընդունում է իբրեւ Տեր եւ Փրկիչ, չի կարող հավատալ սին բաների. «Դրանք այն անհավատներն են կամ թերի հավատացողները, ովքեր չեն կարողացել Աստված ճանաչել իրենց հոգում կամ մոտենալ, աղոթքով խոսել նրա հետ: Հիմնականում այս տիպի մարդիկ են թալիսմաններ պահում: Եվ ամենազարմանալին այն է, որ թալիսմաններ են դարձնում ամեն ինչ. օրինակ, նալը՝ տան ճակատին փակցրած, որն իբր չար աչքից հեռու պիտի պահի: Վերջին ժամանակներում էլ նալի մեջ սկսել են խաչ դնել, որ իմաստ տան՝ իբրեւ թե քրիստոնյա են: Կան նաեւ բնության հետ կապված թալիսմաններ՝ քարեր, ծառի տերեւներ, շատ ընդունված է հատկապես փշի մի տեսակ, որ սովորաբար մեքենաների մեջ, դռների վրա են փակցնում… Հասարակության մեջ մեծ հավատ կա հատկապես ուլունքների նկատմամբ: Տարբեր գույնի ուլունքներ են օգտագործում, որոնց վրա աչք է նկարած եւ այլն: Դրանք հիմնականում կապում են նորածին երեխաների ձեռքին՝ իբրեւ թե չար աչքից հեռու պահելու համար: Էլ ինչի համար է սահմանված 8 օրական երեխայի մկրտությունը՝ երեխային մկրտեք, թող Աստծո շնորհի տակ մտնի, մեռոնվի, Սուրբ Հոգու շնորհներով զարդարվի, եւ որքան էլ որ նրան չարը փորձի մոտենալ, փոքրիկը այլեւս անմեղ հրեշտակ է, չարը չի կարող նրան կպչել, որովհետեւ նա արդեն Աստծո պաշտպանվածության ներքո է»:
Քահանայի ձեւակերպմամբ, ավելի ճիշտ է մայրն աղոթք կարդա, «Նարեկը» դնի երեխայի բարձի տակ, կամ մի կտոր հաց դնի փոքրիկի կրծքին, որովհետեւ դա Քրիստոսի մարմինն է, քան թալիսմաններ ամրացնի երեխայի հագուստին:
Նա նաեւ նկատեց, որ մարդիկ այսօր անգամ կենդանիների վզից են թալիսմաններ կախում. օրինակ՝ շատ կաթ տվող կովերի վրա թալիսման են կախում, որ աչքով չտան. «Սրանք ընդամենը սնապաշտություններ են»:
Մեր զրուցակիցը ասաց, որ շատ է հանդիպում երիտասարդների, որոնք մի սեւ թելի վրա ինչ-որ ուլունք են կախած լինում պարանոցից ու երբ հարցնում ես՝ ինչո՞ւ ես կախել, ասում է՝ սա իմ թալիսմանն է, ինձ հաջողություն է բերում. «Այդ երիտասարդը հավատում է դրան, ներշնչում իրեն, որ այդպես է, եւ ներշնչանքը դրական իմաստով որոշ հաջողությունների է հանգեցնում: Բայց ավելի լավ է նա այդ ներշնչանքի՝ իմաստ չունեցող սնոտիական երեւույթների փոխարեն Աստծուն հավատա, դա է ճշմարտությունը, եւ Աստված մարդուն կպարգեւի հաջողություն, կփրկի բոլոր տեսակի անհաջողություններից: Տասնյակ օրինակներ կան՝ ռազմի դաշտ գնացող զինվորից սկսած, վերջացրած սարում ոչխար պահող չոբանով… Քարը, երկաթը չեն կարող հաջողություն բերել: Աստված հաջողություն տալիս է նրանց, ովքեր խնդրում են իրենից, պետք չէ հավատալ երկաթի կտորին: Քարը կարող է որպես ֆիզիկական նյութ ինչ-որ էլեմենտներ պարունակել իր մեջ, բայց այն չի կարող հաջողություն բերել: Աստված մարդուն տվել է բանականություն, ազատ կամք եւ հոգի, որ անասունից տարբերվի: Եթե հոգի ունես՝ Աստծուն պետք է դիմես քո աղոթքով, ազատ կամք ունես, պետք է ընտրես բարին չարից: Բանականությունդ Աստված տվել է, որպեսզի ամեն ինչը ղեկավարես, ոչ թե հույսդ դնես թալիսմանների վրա: Այս թվարկածներս եթե կորցնում ես ու անցնում քարերին հավատում, ներշնչում, որ դա քեզ կօգնի, շեղվում ես ճիշտ ճանապարհից»:
Ըստ Տիրայր ավագ քահանա Սահրադյանի՝ ֆիզիկական իրերի մեջ պետք չէ փնտրել կյանքի իմաստ, որովհետեւ, եթե փնտրում ես, ուրեմն շեղված ես, եւ հաջողություն չես ունենա. «Թալիսմանին հավատացողը Աստծուց հեռացած է: Իսկ մարդուն բարիք, հաջողություն տվողը աղոթքն է, որ մեկ-մեկ բարձրանաս այդ աղոթքի աստիճաններով եւ քո առջեւ բացվի Աստծո լույսը: Հասարակության միջից արմատախիլ անել թալիսմանապաշտությունը՝ դժվար է, որովհետեւ մարդիկ շատ բաներ անգիտակցաբար են անում: Երբեմն էլ կողմնակի ազդեցությունները խանգարում են, եւ հասարակությունը սեւեռվում է դրանց վրա: Մենք կիրթ դարաշրջանում ենք ապրում, համալսարան-ինստիտուտ ենք ավարտում, պետք է հեռու մնալ բոլոր տեսակի սնոտիապաշտություններից, դրանք երեւույթներ են, որոնց չի կարելի հավատալ: Թող ամենուր մարդուն ուղեկից լինի ոչ թե թալիսմանը, այլ աղոթքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել