Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ Է

Հունվար 29,2010 00:00

Հայոց բանակը երեկ դարձավ 18 տարեկան, մինչդեռ իր կենսագրության մեջ արդեն ունի
բազմաթիվ հաղթած ճակատամարտեր եւ ազատագրված Արցախ

Երեկ Հայոց բանակի ծննդյան օրն էր, եւ արդեն ավանդույթ դարձած սովորությամբ իշխանությունը, ընդդիմությունը, «Երկրապահը» եւ շարքային քաղաքացիները վաղ առավոտից ուղեւորվեցին դեպի Եռաբլուր:
Ըստ օդերեւութաբանների՝ երեկ այս ձմեռվա ամենացուրտ օրն էր:
Ու քանի որ Եռաբլուր էի հասել շատ ավելի վաղ, քան կգային իշխանությունն ու ընդդիմությունը, շրջեցի ազատամարտիկների գերեզմանների շարքերի միջով՝ առաջին հերթին նրանց հարգանքի տուրք մատուցելու: Հիմնականում այստեղ թաղված են 18-20 տարեկան զինվորներ, որոնք 1992-ին նոր-նոր էին բանակ զորակոչվել: Ազատամարտիկներից մեկի գերեզմանաքարին գրված էր՝ «Մռավն իմ Ավարայրն էր»: Սենտիմենտներ չեմ սիրում, եւ գուցե այս նկարագրությունը դիտվի հենց այդպիսին, սակայն, ամեն անգամ այցելելով Եռաբլուր, որպես ապագա զինվորի մայր, հասկանում եմ, որ ամենից թանկ բանը խաղաղությունն է, եւ սին են մնացած բոլոր իշխանական եւ ընդդիմադիր խաղերը:
Ինչպես միշտ, իշխանությունը Եռաբլուր եկավ առաջինը: ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, կառավարության անդամները, պատգամավորներ՝ ճերմակ մեխակներով խոնարհվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Զորավարի հուշակոթողների մոտ, հետո նախագահ Սերժ Սարգսյանը եւ մյուսները խոնարհվեցին նաեւ Եռաբլուրի մեծ հուշակոթողի առաջ եւ լուռ հեռացան:

\"\"
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոնարհվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի եւ Արցախի պատերազմի հերոսների հուշակոթողների առաջ: Նախագահից հետո խոնարհվեցին նաեւ այլ մեծ ու փոքր պաշտոնյաներ:

\"\"
Միակը իշխանությունից, որ պետք է խոսեր եւ խոսեց՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Ասածը շնորհավորանք էր եւ ոչինչ ավելին: Մեր բոլոր մյուս հարցերին նա պատասխանում էր հումորով. «քանի որ այսօր տոնական օր է…»: Իբրեւ շնորհավորանք՝ ասաց. «Սա համազգային օր է, յուրաքանչյուրս հպարտությամբ ենք գալիս Եռաբլուր, որովհետեւ մենք ունենք հաղթանակած բանակ, եւ այսօրվա խորհուրդը կայանում է նրանում, որ մենք ամեն ինչ պետք է անենք՝ ունենալու համար ուժեղ բանակ, որը հուսալի երաշխավորն է մեր պետության անվտանգության, հայ ժողովրդի գոյատեւման եւ անվտանգության»:

\"\"
Արթուր Աղաբեկյանը Եռաբլուր եկավ «Երկրապահի» հետ:

\"\"
Հայ ազգային կոնգրեսը Եռաբլուր եկավ ժամը 13-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց շարքերում չէր, ասացին՝ վատառողջ է: Եթե իշխանության ներկայացուցիչների այցելության ժամանակ Եռաբլուրը խիստ մարդաշատ էր, ՀԱԿ-ի այցելության ողջ ընթացքում մարդկանց հոսք գրեթե չկար, նույն դեմքերն էին՝ մի քիչ հոգնած եւ մի քիչ մեծացած:

 

Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի:

\"\"
«Երկրապահը» Եռաբլուր եկավ ժամը 12-ին, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ եկել էր նաեւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:  Գեներալը լրագրողների հարցերին պատասխանեց իրեն հատուկ կոլորիտով: Մենք որոշեցինք գրեթե չխմբագրել նրա խոսքը՝ համն ու հոտը պահպանելու նպատակով: Օրինակ, երբ «ՉԻ» թղթակիցը փորձեց պարզել՝ գեներալը, արդյոք, կողմնակի՞ց է, որ ազատագրված տարածքները հանձնվեն՝ հանուն Արցախի կարգավիճակի, Մանվել Գրիգորյանը զայրացավ. «Ես ընդհանրապես Ղարաբաղի կամ նմանատիպ խնդիրներին ոչ մի ձեւի կողմնակից չեմ: Էդ ժողովուրդն իրա անկախությունը ձեռք ա բերել՝ հայ ժողովրդով, իրանով ու վայելում ա: Մնացածն ավելորդ խոսակցություններ են»: Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում Ղարաբաղի խնդրի լուծումը, գեներալն այսպես պատասխանեց. «Լուծումը գտած ա, ի՞նչ թազա լուծման մասին ա խոսքը: Մարդիկ անկախ պետությունում ապրում են: Ոնց որ ասես Հայաստանը էգուց պտի չլնի, կլնի՞: Տենց բաներ մի խոսացեք, ախր դուք եք զոռովեն ուրիշներին քսի տալի մեր վրեն՝ ուրիշ ժողովուրդներին՝ արեք, ուզեք: Ոչ տվող կա, ոչ էլ վերցնող: Գիդաս իրանք կարա՞ն վերցան: – Բայց իրենք ուզում են:
– Սաղ էլ ուզում են, որ լավ ուզող ըլներ՝ կտային:


«Բանակի հանդեպ մեր երկիրը, մեր ժողովուրդը, անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելուց, պիտի վարվի շատ խնամքով ու սիրով»,- երեկ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ իսկ այդպե՞ս են վարվում այսօր բանակի հետ: Պարոն Սարգսյանն ասաց. «Շատ կուզեի, որ այդպես լիներ, չեմ ուզում ասել, թե բանակում թերություններ չկան, բայց ես միշտ հակված եմ բանակի մասին խոսել միայն սիրով: Բանակի օրվա առթիվ ես շնորհավորում եմ առանց բացառության բոլորին՝ զինվորից մինչեւ նախարար, բոլոր պահեստայիններին, ազատամարտիկներին, բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի Երրորդ Հանրապետության Բանակի կայացման գործում ունեցել են իրենց ներդրումը, իրենց աջակցությունը, ներառյալ՝ տնտեսական աջակցությունը: Շնորհավորում եմ մեր ժողովրդին Բանակի օրվա կապակցությամբ եւ կամենում եմ, որ Հայկական բանակը իր ձեւավորման օրվանից ունեցած իր պատմության մեջ ամրագրված հաղթանակով երթը շարունակի հաղթանակներով, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իսկ եթե դա չկա, երկիրը լինի խաղաղ, եւ մեր երեխաները իրենց ծառայությունն անցկացնեն պատվով՝ սիրված եւ բարեկեցիկ բանակում»:

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031