Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի լինելը պրեստի՞ժ է, հայ լինելը՝ ամո՞թ

Փետրվար 19,2010 00:00

Ո՞ւր է գնում Վրաստանը…

\"\"«Առաջնային ենք համարում Վրաստա նի հայաշատ շրջաններում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի եւ հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը եւ ջավախահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը»,- երեկ «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանային հայապահպանությունը եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը» խորագրով սեմինարի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Սեմինարի օրակարգում էին Ջավախքի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը, վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մեխանիզմները, Հայաստանի քաղաքականությունը Ջավախքի խնդրի նկատմամբ եւ ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը միջազգային ատյաններում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իր խոսքում կարեւորեց Ջավախքի խնդիրը ոչ միայն հայ-վրացական հարաբերություններում, այլեւ վրաց-թուրքական եւ վրաց-ադրբեջանական հարաբերություններում. «Սա խնդիր է, որը մենք մոռացության ենք տվել, ամբողջ հարցն այն է, որ խնդիրը թողել ենք միայն հայ-վրացական հարթությանը՝ մոռանալով, որ Ջավախքի հարցը եւ՛ քաղաքական շրջանակներում, եւ՛ ադրբեջանական ու թուրքական մամուլում անընդհատ շահարկվում է եւ ընկալվում որպես մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ՝ Ջավախքի հանգամանքի շեշտադրմամբ: Այս խնդիրը կարեւորելով՝ պետք է նշեմ, որ չափազանց զգուշավորություն է պետք, որովհետեւ Ջավախքի խնդիրը թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվելու դեպքում, կարող է բացասական անդրադարձ ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա»: Պարոն Մելքոնյանի կարծիքով, երբ հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստից Ջավախքի հարցը դուրս է գալիս, ապա տեսանելի է՝ երկու ժողովուրդներն ունեն լուրջ դեմոկրատական խնդիրներ. «Մենք վրացիների հետ շատ ընդհանուր խնդիրներ ունենք լուծելու եւ այդ կոնտեքստում, իհարկե, այն խնդիրներն են, որ ծառացել են վրացական իշխանությունների կողմից՝ ջավախահայության իրավունքները հարգելու իմաստով»:

«Նորավանք» ԳՀԿ փորձագետ Թամարա Վարդանյանն էլ, խոսելով վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մեխանիզմներից, նախ եւ առաջ խորհուրդ տվեց հասկանալ, թե ուր է գնում Վրաստանը՝ որպես պետություն, ապա նշեց, որ ակնհայտ է՝ բազմաէթնիկ պետությունից անցում է կատարում միաէթնիկ համակարգի. «Եթե միայն 20-րդ դարը նայենք, կտեսնենք, որ Վրաստանում ապրող օտարազգիները վրացացվում են, 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ միայն հայերը 17,6%-ից դարձել են 5,7%: Պետք է արձանագրել, որ ազգային փոքրամասնությունները երկու ուղի ունեն՝ կամ պետք է ուծացվեն, կամ էլ հեռանան, եւ երկու ուղիներն էլ Վրաստանում կիրառվում են: Օրինակ, Ջավախքում ուծացման միտումն այնքան ուժգին չէ, որքան արտագաղթինը, իսկ Թբիլիսիում ավելի մեծ է ուծացման միտումը, թեեւ երկու դեպքում էլ երկու միտումներն առկա են»: Տիկին Վարդանյանի համոզմամբ, Վրաստանում մարդիկ սոցիալիզացման խնդիր ունեն. «Վրաստանի պարագան այնպիսին է, որ վրացի լինելը պարզապես պրեստիժային է, այնտեղ հայ լինելը ամոթ է: Պետք է նաեւ նշեմ, որ առանձին ու լուրջ խնդիր է լեզվի հարցը, մենք շատ ենք խոսում, բայց շատ քիչ ենք աշխատում: Հարցն այն է, որ Թբիլիսիի հայ համայնքը կարող է մեծ օգնություն ցույց տալ նաեւ Ջավախքի խնդրում, բայց ցավն այն է, որ Թբիլիսիի հայությունը Ջավախքի խնդիրներին գրեթե ծանոթ չէ, կա տեղեկատվության պակաս, եւ դա էլ մեր խնդիրն է: Ինչո՞ւ պետք է Թբիլիսիի հայերը խեղաթյուրված տեղեկատվություն ստանան վրացական լրատվամիջոցներից, ինչո՞ւ չենք կարողանում որեւէ լրատվամիջոց ֆինանսավորել կամ կենտրոն հիմնել եւ ապահովել օբյեկտիվ տեղեկատվություն»: Տիկին Վարդանյանի համոզմամբ, այս հարցում մեծապես թերանում է նաեւ Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը. «Այն իր գերակայություններում որոշակի ճշգրտումներ պետք է մտցնի, մենք վրացիների հետ հարաբերվելու ժամանակ միշտ կրավորական կեցվածք ենք ընդունում՝ հաշվի առնելով մեր տրանզիտային ճանապարհները, բայց դա սխալ է, մենք պետք է ազդարարենք, որ մեզ համար գերակա է յուրաքանչյուր հայի անվտանգությունը Վրաստանում. այստեղ նաեւ արժանապատվության հարց է»:

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ընդգծեց, որ Ջավախքում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ Հայաստանը չունի պահանջված երկխոսության մակարդակը. «Երեք տարին մեկ ինչ-որ նախարար կամ պաշտոնյա որոշում է այցելել եւ ընդհանուր կերպով փորձում ծանոթանալ ու իր միսիան ավարտված համարելով՝ հեռանում է. սա էական բացթողում է, որ պետք է մեր վարած քաղաքականության հիմքում դրվի ու այնտեղի կազմակերպությունների ստատուսը բարձրացվի»: Փորձագետ Ռոբերտ Թաթոյանն էլ ասաց, որ միջազգային կազմակերպությունները Վրաստանի առջեւ դրել են հստակ պահանջներ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու ուղղությամբ. «Երկու գործոն կա, որը ստիպում է Վրաստանին կատարել միջազգային պարտավորությունները. առաջին՝ նա ֆինանսապես կախված է դոնոր պետություններից, եւ երկրորդ՝ արդեն իսկ իր ստանձնած պարտավորությունների շրջանակում վրացական իշխանությունների կողմից պարտավորություններն ունեն վերահսկման մեխանիզմներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728