Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մարտ 06,2010 00:00

Կրթական համակարգը առաջին եւ գլխավորն է, այն ամեն ինչ պետք է անի, որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանալով՝ երկրին պիտանի լինեն, ունենան ազգային մտածողություն, չհուսահատվեն ու լքելով հայրենիքը հեռանան այլ երկրներ՝ թողնելով հայրենիքը որբ ու անտեր:

]Կրթությունն ամենաշատ տառապած ոլորտն է, որ մենք ունենք ու տեսնում ենք մեր կյանքում: Նոր գիտակցությունը ձեւավորելու միակ ճանապարհը կանոնավոր կրթական համակարգ ունենալն է, որ մենք ունեինք մինչեւ 90-ական թվականները:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը, եթե կարողացել է գոյատեւել ու պայքարել օտարանալու դեմ, պատճառն այն է, որ ունեցել է մեր ազգային պոտենցիալին հարիր կրթական միջավայր, կրթական համակարգ, որը հնարավորություն է տվել մեզ պահպանելու եւ իրագործելու ազգային պոտենցիալը: Բայց այսօր մեր կրթական համակարգը ոչ միայն այդ խնդիրները չի լուծում, այլեւ կաշկանդող ու ետ տանող ազդեցություն է ունենում մեր զարգացման վրա: Կրթությունը չպետք է ինքնահոսի թողնել եւ ինքն իրեն խաբելով ասել, որ այն լավն է: Եթե մյուս տեղերում վճարում են սովորելու համար, մեզ մոտ վճարում են չսովորելու համար:

Հայաստանում կրթության ոլորտը պետք է փրկել հանուն մեր ազգի փրկության ու գոյատեւման: Ուրիշ տարբերակ չունենք: Կրթական համակարգի միջից պետք է արմատախիլ անել կաշառակերությունը:

Միայն կրթության ու լուսավորության ճանապարհով է մարդկությունն ըմբռնում մարդու իրավունքների էությունը:

Լավ կրթական համակարգ ունենալու դեպքում ազգը կարող է գոյատեւել եւ իդեալական պետական համակարգ ստեղծել:

Իրականությունը ցույց է տալիս, որ հզոր եւ ուժեղ են այն ազգերը, որոնք ունեն զարգացած կրթական համակարգ: Մեզ մոտ կրթական համակարգը հետզհետե ընկնում է, իջնում: Աշակերտները արդեն գրեթե չեն կարդում: Չնայած կրթական ոլորտի պատասխանատուները պնդում են, թե մեզ մոտ կրթական մակարդակը բարձրանում է, անընդհատ նոր թեստեր ու հարցաշարեր են ավելացնում, բայց բոլոր մանկավարժներն էլ տեսնում ու հասկանում են, որ դրանք երեխաների մտածողությունը բթացնում են: Այսօր ամեն մի պատահական ուսուցիչ թեստեր է կազմում ու լույս ընծայում: Երեխաները մատներով իրար հասկացնում են, թե որ թեստի որ համարը լրացնեն: Երբեմն էլ թույլ աշակերտն ավելի բարձր գնահատական է ստանում, քան լավ սովորողը:

Ընդհանրապես կրթական ցենզի նվազմանը հակառակ, ավելացել են «կարմիր դիպլոմավորները»: Դպրոցներից մեկում վերջերս աշխատանքի է անցնում հայոց լեզվի ու գրականության երիտասարդ ուսուցչուհի: 9-րդ դասարանում աշակերտը հարցնում է, թե ո՞վ է գրել «Խենթը», ուսուցչուհին պատասխանում է. «Խենթը դու ես, էս հիմարին տեսեք»: Հաջորդ օրը, երբ ծնողը տնօրենի մոտ է գալիս բողոքելու, տնօրենը պատասխանում է. «Հնարավոր չէ, նա կարմիր դիպլոմով է ավարտել»: Այսպիսի ուսուցիչներով լցված են հիմա մեր դպրոցները: Սա ողբերգություն է:

Փորձառու եւ լավ մանկավարժները լռում են, չեն բողոքում, որովհետեւ նրանց գործից հանում են եւ մնում են անգործ:

Կրթություն ներդրվեցին արեւմտյան համակարգի իրեն չարդարացրած ձեւերը՝ 12-ամյա դպրոցական կրթությունը, կրեդիտային համակարգը, մագիստրատուրան եւ այլն: Եթե ԽՍՀՄ-ի օրոք հայկական կրթական համակարգը աշխարհում առաջիններից մեկն էր, ապա հիմա՝ 2009թ. Հայաստանի կրթական համակարգը բոլորովին չկա, ցածր է:

Այսօր ԱՄՆ-ն ուսումնասիրում է ՌԴ կրթական համակարգը՝ իրենց մոտ ներդնելու նպատակով, իսկ մենք մեր ունեցած կրթական համակարգը գիտակցաբար, ուրիշներին լսելով քանդում, ոչնչացնում ենք: Մենք եղածը ավելի պետք է կատարելագործեինք: Կարո՞ղ է մի նորմալ մանկավարժ ապացուցել, որ այսօրվա կրթական համակարգը, որ արդեն 8-9 տարի փորձում ենք իրագործել, ավելի լավն է, քան մեր ունեցածը 90-ականներին:

Եթե այսօրվա կրթական համակարգը մնա, ապա մոտ 10 տարի հետո Հայաստանի դպրոցները կունենան կիսագրագետ ուսուցիչներ ու աշակերտներ, եւ Հայաստանը կիջնի 1920-ական թվականների մակարդակին:

Բուհերի շրջանավարտները հիմնականում դիպլոմ են ստանում եւ ոչ թե պրոֆեսիոնալ կրթություն: Դա ազգային աղետ է, երբ անորակ ուսուցիչ կամ բժիշկ են պատրաստում: Այսօր մանկավարժականն ավարտողների մեծ մասը չի կարող աշխատել իր մասնագիտությամբ եւ ստիպված այլ աշխատանք է փնտրում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հանրապետությունում պակասում է աշակերտների թիվը: Եթե 80-ական թվականներին ունեինք մոտ 600 հազար, ապա այսօր ունենք 400 հազար աշակերտ: Հետեւաբար ուսուցիչների թիվը եւս կրճատվում է: Եվ վատն այն է, որ կրճատվում են բանիմաց, բազմամյա կենսափորձ ունեցող ու հարուստ գիտելիքների տիրապետող մանկավարժներ: Թոշակի գնալու պատճառով աշխատանքից ազատում են հմուտ մանկավարժների, իսկ դրանց փոխարինում են ցածր գիտելիքներով մի կերպ ավարտած շրջանավարտներ: Ուսման որակը ընկնելու պատճառներից մեկն էլ դա է:

Եթե 1989թ. ՀՀ-ում գործում էր 13 բուհ եւ ունեինք 56000 ուսանող, ապա այսօր գործում է 85 բուհ (15 պետական, 70 ոչ պետական) եւ ունենք մոտ 112000 ուսանող:

Վերջին 20 տարում ՀՀ-ում կրճատվել է գիտնականների թիվը (մոտ 5 անգամ): Բազում հմուտ մասնագետներ հեռանում են արտասահման: Դա եւս կրթությանը մեծ հարված է հասցնում: Գնում են, որովհետեւ նյութապես շատ ծանր վիճակի մեջ են ընկել, ֆինանսավորումը անբավարար է:

Հայաստանում աշխատող մանկավարժի աշխատավարձը չափազանց ցածր է: Ռուսաստանում մանկավարժը 2-3 անգամ բարձր է ստանում, քան՝ Հայաստանում (այնտեղ ուսուցչի միջին աշխատավարձը մոտ $600 է), իսկ Եվրոպայում՝ շատ ավելի բարձր:

Չափազանց վատ վիճակում է գրականության ուսուցումը դպրոցում: Հատկապես հիմա, երբ նոր մարդու դաստիարակությունն ու ազգային գաղափարախոսությունն առաջին պլան են մղվում: Իսկ դա սկսվում է հատկապես միջին դասարաններից: Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հենց այդ տարիքում է երեխայի մեջ արթնանում սեր ազգային արժեքների նկատմամբ, ձեւավորվում ազգային ճաշակ ու կապում աշակերտներին գրականության հետ: Միայն գրականության լավ ուսուցմամբ է ձեւավորվում ազգային գիտակցություն: Այսօրվա ծրագրերով 5-6-րդ դասարաններում գրականությունը որպես առանձին առարկա դուրս եկավ՝ իր տեղը զիջելով «Մայրենի» կոչվածին: Գրականության նախկին դասագրքերը, որոնք հաջող քննություն էին բռնել, սկսվում էին Խորենացու «Հայկի զավակներն ու թոռները» ազգային, հայրենասիրական թեմայով, որը աշակերտի մեջ դաստիարակում էր հայրենասիրություն եւ սեր իր նախնիների նկատմամբ: Այս եւ սրա նման նյութերը դուրս եկան դասագրքից եւ դրանց փոխարինեցին «Արդուկն ու մարդուկը», «Այգեպան Մոսին» եւ այլ պատմվածքներ:

Անկատար է կրթությունը, երբ հայը չի իմանում իր ժողովրդի անցյալը, պատմությունը, նա չի կարող գնահատել ներկան եւ պատկերացնել ապագան: Դրանք նա սովորում է հատկապես գրականության միջոցով, որը դուրս եկավ միջին դասարաններից: Աշխարհում ոչ մի դպրոցում նման փորձ չի կատարվել, որ միջին դասարաններում գրականությունը արժեզրկվի:

Կրթությունը պետք է ունենա համազգային շահ, իսկ դրա հիմքերից մեկը դպրոցում գրականության դերի բարձրացումն է: Ոչ թե պետք է միջին դասարաններից գրականությունը որպես առանձին առարկա հանել, այլ պետք է, ընդհակառակը, գրականության ժամերն ավելացնել: Լեզուն սովորում են նաեւ գրականություն լավ տիրապետելով:

Լեզուն հարցաշարերով չեն սովորում: Դա ուսուցման մեթոդ չէ եւ ոչ մի տեղ իրեն չի արդարացրել: Դա է պատճառներից մեկը, որ այսօրվա աշակերտը չի կարողանում սովորել ու դասը պատմել, շարադրություն գրել, ստեղծագործել: Այսօր գրեթե բոլոր քննությունները վերածվել են հարցաշարային գրավոր քննությունների: Իսկ դասագրքերի ստեղծումը մեզ մոտ դարձել է բիզնես, եւ այդ գործն իրենց ձեռքն են վերցրել այնպիսի անձինք, որոնք մինչեւ անգամ չգիտեն, թե ի՞նչ է հոլովը կամ դերանունը:

Ուսուցման անկման պատճառներից մեկն էլ աշակերտների՝ գրքից հեռանալն է: Այսօր աշակերտը շատ քիչ է կարդում կամ բոլորովին չի կարդում: Հատկապես ավագ դպրոցում աշակերտը սովորում է միայն այն առարկաները (2 կամ 3), որոնք պետք է քննություն հանձնի: Չէ՞ որ այդպես չէր: Աշակերտները բոլոր առարկաները գրեթե հավասար սովորում էին եւ կարողանում էին բուհերում հաջող քննություն հանձնել: Այսօր այդ ավանդույթը այլեւս չի պահպանվում: Դրա մեծագույն թերությունը կամ մեղավորներից մեկը մանկավարժներն են: Նրանք եւս թերանում են ընթերցանության մեջ: Եթե 1988թ. «Կրթություն» թերթը լույս էր տեսնում 14000 տպաքանակով, եւ գրեթե բոլոր մանկավարժները սիրով կարդում էին, ապա այսօր այն լույս է տեսնում 4500 տպաքանակով, որը շատ քիչ մանկավարժներ են ստանում ու կարդում: Մոտ 70-80 ուսուցիչների հարցում ենք արել, թե ինչո՞ւ չեն ստանում եւ կարդում գոնե «Կրթություն» թերթը, մեծ մասը պատասխանել է, որ այդտեղ իրեն հետաքրքրող նյութեր գրեթե չկան: Կան որոշ համարներ, որոնց մեջ 4-5 էջում զետեղված են դպրոցների տեսչական ստուգումներին վերաբերող հաշվետվություններ, որոնք ուսուցիչներին չեն հետաքրքրում: Որեւէ առարկայի ուսուցման մասին նյութեր շատ հազվադեպ են լինում:

Բացի դրանից, նախկինում ամեն շաբաթ կային հեռուստատեսային ուսումնական հաղորդումներ տարբեր առարկաներից, որոնք եւ աշակերտները, եւ ուսուցիչները մեծ սիրով դիտում էին ու շատ բան սովորում: Դա եւս դուրս եկավ:

Իսկ ի՞նչ է սովորեցնում այսօր հեռուստատեսությունը: Հեռուստացույցով ցուցադրում են, թե ինչպես են ջահել աղջկա հետույքին դաջում թռչունի նկարը: Եվ դա 20-30 րոպե: Դա դիտում են երեխաները, երիտասարդությունը: Երկրորդ օրը անչափ շատ աշակերտներ իրենց զարմանքն արտահայտեցին…

Այսօր հեռուստացույցը երիտասարդությանը սխալ է դաստիարակում: Բազմաթիվ սերիալները գրական լեզվից հեռացրել են մեր հեռուստադիտողներին եւ նրանք խոսում են փողոցային ժարգոնով ու անբարոյական բառ-արտահայտություններով: Այդ հաղորդումներից հետո ուսուցիչը ինչպե՞ս աշակերտներին ներգրավի բարոյական դաստիարակության մեջ, ինչպե՞ս նրանց ստիպի խոսել գրական լեզվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031