Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՆԱՑԻ» ՏՈՆ՝ «ՀԻՆԱՄԱՑՈՒՐԻ»

Մարտ 16,2010 00:00

300-ամյա տոնը նշվեց Հայաստանում

Ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնը կիրակի օրը առաջին անգամ նշեցին նաեւ Երեւանում: Նախաձեռնությունը Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի սաներինն էր: Ստուդիայի գեղարվեստի խմբի գեղարվեստական ղեկավար Կարինե Փիլիպոսյանի պատմելով՝ տոնը ունի 300 տարվա պատմություն եւ նշվում է ամեն երրորդ ամսվա երրորդ լուսնի օրը. «Հինամացուրին փոքրիկ աղջիկների տոն է: Միաժամանակ այն կոչվում է նաեւ դեղձի ծաղկման տոն՝ հիմքում դրված է ընտանիք ստեղծելու, ընտանիքի բարօրության գաղափարը: Նախկինում՝ դարեր առաջ, Ճապոնիայում թղթից հինա (թարգմանաբար՝ փոքրիկ) տիկնիկներ էին պատրաստում՝ մարմնին քսում եւ հավատում էին հրաշագործությանը՝ թե տիկնիկը իր վրա է վերցնում մարդու հիվանդությունները, դժբախտությունները, այնուհետեւ տիկնիկը դնում էին ծղոտե զամբյուղի մեջ եւ նետում գետը, որ քշի-տանի վատ բաները»: Տիկին Փիլիպոսյանի խոսքով, ժամանակի ընթացքում տոնակատարության արարողակարգում նորարարություններ մուտք գործեցին. «Հետագայում տոնի ժամանակ պատրաստում էին երեք, հինգ կամ յոթ աստիճանահարթակ եւ դրա վրա դնում էին համապատասխան հանդերձանքով, գունային տեսակով տիկնիկներ, ի դեպ՝ այս հանգամանքը պարտադիր էր, մենք էլ տոնակատարությամբ բավականին հետաքրքրված, փորձեցինք այն նշել, այս անգամ պահպանելով բոլոր մանրուքները, նշեմ, որ վերջին շրջանում Ճապոնիայում նաեւ թանկարժեք ճենապակուց են տիկնիկներ պատրաստում, ապա կազմակերպում տիկնիկների ցուցահանդես: Աշխատանքներով կարելի է հիանալ միայն այդ օրը, իսկ տիկնիկները պահում են սերնդեսերունդ, փոխանցում ժառանգաբար՝ որպես օժիտի մաս»: Տիկին Փիլիպոսյանը նաեւ ասաց, որ սովորաբար տոնին պատրաստվում են մի քանի օր առաջ. «Ամենասկզբում հարթակների վրա տիկնիկներն են շարում, վերջում նոր մտածում տան կահկարասիի եւ մնացած կահավորանքի մասին, այդ օրը աղջիկները հագնում են իրենց տոնական հագուստները, զարդարվում ծաղիկներով…»:
«Առավոտը» զրուցեց նաեւ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Իիդա Ձիռոնի հետ: Նրա խոսքով, այդ օրը մեծ խորհուրդ ունի՝ պետք է ամենալավ բաները կիսես ուրիշների հետ. «Տոնը նշելիս աղջիկները ցանկանում են նմանվել այն տիկնիկներին, որոնք պատրաստել են, տոնակատարության ընթացքում աղջիկները նաեւ քաղցրավենիք են հյուրասիրում հյուրերին: Ուրախալի է, որ Հայաստանում ճապոնական արվեստի մասին գիտեն եւ նշում են մեր սիրելի տոներից մեկը»: Պարոն Ձիռոնը նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ընդգծեց. «Բոլոր դեպքերում հակասությունները լավ չեն եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեզ միայն կուրախացնի, ինչու չէ՝ նաեւ սահմանների բացման մասին է խոսքը, պատմությունը պետք է ընդունել որպես պատմություն, իսկ ինչ վերաբերում է այսօրվան ու վաղվան՝ պետք է գործել խաղաղությամբ»:
«Հինամացուրիի» արարողության ավարտին Գեղագիտության ազգային կենտրոնի սաները կազմակերպել էին նաեւ «բաց դաս» եւ ներկաներին սովորեցրին տոնին տիկնիկներ պատրաստել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել