Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ առասպել IQ թեստի մասին

Ապրիլ 06,2010 00:00

Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից՝ XX-րդ դարի 40-ական թվականներին: 50-ականներին IQ-թեստերը խիստ մեծ տարածում գտան Եվրոպայում, իսկ նրա հեղինակը դարձավ հայտնի անձնավորություն: Ինտելեկտը չափվում էր ամենուր, ինչպես գրասենյակներում՝ այնպես էլ ընկերական շրջապատում: 
«Նա ցածր IQ ունի» արտահայտությունը դարձել է բնորոշման ձեւ եւ նույնացվում է «նա հիմարի մեկն է» արտահայտության հետ, ինչն իրականում հեռու է իրականությունից: Չէ՞ որ ինտելեկտը բնորոշվում է որպես մարդու ճանաչողական կարողությունների ամբողջություն, որոնք վկայում են վերջինիս մտածողության մակարդակի եւ բարդ խնդիրները լուծելու կարողության մասին: Այդ իսկ պատճառով ինտելեկտը ստուգող թեստերի խնդիրն է՝ բացահայտել, թե մտածողության որ տեսակն է առավել զարգացած տվյալ մարդու մեջ, պատկերավոր, տրամաբանական, բանավոր եւ այլն, ինչպես նաեւ գնահատել նրա հիշողությունը, զարգացածության մակարդակը, ուշադրությունը:  
Ինտելեկտի ստուգման առաջին թեստերը հորինվել են Հանս Էյզենքի կողմից՝ նացիստական նախագծի շրջանակներում, որն ուղղված էր գերմարդկանց (ամենագեղեցիկ, ամենախելացի եւ գենետիկորեն անթերի) ռասայի ստեղծմանը: Թեստը մշակելիս նա հիմնվել է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր տարիք ունի ինտելեկտուալ զարգացման իր նորմերը:
Էյզենքի գրչին են պատկանում մի քանի հոդվածներ, որոնցում խոսքը ռասայական, գենետիկական կամ սեռային գերազանցության մասին է: Օրինակ՝ 1971թ.-ին նրա վրա ձվեր նետեցին հրապարակային դասախոսության համար, որի ժամանակ Էյզենքը պնդում էր, որ սեւամորթների IQ-ն միջինը 15 կետով ցածր է, քան սպիտակամորթներինը, ինչը պայմանավորված է գենետիկական կոդի առանձնահատկություններով:
Առասպել առաջին: Ամփոփիչ թիվը, որը տրվում է ձեր կողմից IQ թեստն անցնելուց հետո, հանդիսանում է ձեր խելքի եւ կարողությունների ցուցանիշը:
Իրականում Էյզենքի թեստը բաղկացած է մի քանի բաժիններից՝ աբստրակտ, վերբալ, պատկերավոր մտածողությունը եւ այլն ստուգելու համար: Ենթաթեստերի արդյունքները գումարվում են եւ արդյունքում տրվում է միջինացված նիշը: Հետեւաբար, երեւելի պատկերավոր մտածողություն ունեցող անձնավորության մոտ առկա է ոչ այնքան բարձր տրամաբանական մտածողություն, եւ IQ-թեստի արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինի:
Առասպել երկրորդ: Որքան բարձր է IQ-ն, այնքան խելացի է այն հանձնողը:
Իրականում՝ IQ-ի բալերն ընդամենը նորը ճանաչելու մարդու կարողության ցուցանիշն են: Դա տեղի ունեցող իրադարձությունները դիտարկելու եւ ընկալելու՝ մարդու կարողության աստիճանն է: Սակայն դրանք կապ չունեն ոչ մարդու պրակտիկ խելքի, ոչ էլ ստեղծագործական կարողությունների հետ:
Առասպել երրորդ: Բարձր IQ ունեցող մարդը մյուսներից ավելի մեծ շանսեր ունի կյանքում հաջողության հասնելու:
Իրականում՝ IQ-թեստի հանրահայտ հրապարակումներից մեկի նախաբանում Էյզենքը գրել էր, որ կյանքում հաջողության հասնելու համար ինտելեկտի բարձր ցուցանիշները պարտադիր պետք է ուղեկցվեն համառությամբ եւ բարձր մոտիվացիայով: Բարձր ինտելեկտ ունեցող անձը, ով, սակայն, չունի համառություն, կարող է իր ողջ կյանքն ապրել՝ սպասելով «իր ժամին»: Իմացության մեջ համառ, սակայն որեւէ նպատակի մոտիվացիա չունեցող մարդը կարող է այդպես էլ չլքել բազմոցը: Որքան էլ տխուր է՝ հաջողության առավել մեծ շանսեր ունի համառություն գումարած մոտիվացիա համադրումը, նույնիսկ եթե բացակայում է վառ արտահայտված ինտելեկտը:
Առասպել չորրորդ: Եթե մարդու IQ-ն բարձր է 170-ից, ապա նա հանճար է:
Իրականում՝ IQ-ի մասնագիտական թեստերում ամենաբարձր միավորը 144-ն է: Նշված թիվը գերազանցող արդյունքն այնքան էլ չի մանրամասնվում՝ ընկնելով «150-160» կամ «160-170» նիշերի միջակայքը եւ այլն: Հստակ արդյունքներ են տալիս Էյզենքի՝ ինտերնետում առկա թեստերը:
Վերջին 50 տարիների ընթացքում Երկրի բնակիչների IQ-ն բարձրացել է 12 կետով: Նորզելանդացի սոցիոլոգ Ջեյմս Ֆլիննի անունն է կրում այն էֆեկտը, որի շնորհիվ յուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից ավելի խելացի է լինում, ավելի արագ եւ ավելի լավ է կատարում հոգեբանական թեստերում ընդգրկված հանձնարարությունները: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, որոնցով փորձ է արվում բացատրել Ֆլիննի էֆեկտի էությունը, սակայն դրանցից եւ ոչ մեկը հանրության կողմից լայն ճանաչում չի ստացել: Ինքը՝ Ջեյմս Ֆլիննը մշակել է մաթեմատիկական մոդել, որը բնութագրում է մտավոր զարգացման վրա ազդող տարբեր գործոնները եւ ցույց է տվել այդ գործոնների միջեւ տարբերությունը: Նա հանգել էր այն եզրակացության, որ ինտելեկտի աստիճանը մեծապես պայմանավորված է ոչ թե գեներով, այլ՝ շրջապատով: Այս վարկածը հաստատում են նաեւ որոշ փորձնական տվյալներ: Մասնավորապես՝ նկատվել է, որ միեւնույն ընտանիքում դաստիարակված հարազատ եւ որդեգրված երեխաները խիստ մոտ արդյունքներ են գրանցում թեստավորման ժամանակ, թեեւ նրանք ունեն տարբեր կենսաբանական ծնողներ:
Առասպել հինգերորդ: Կարելի է անցնել թեստն ինտերնետում եւ իմանալ սեփական IQ-ն:
Իրականում՝ ինտերնետում տեղակայված բոլոր թեստերը Էյզենքի հարցաշարի հեշտացված տարբերակներն են: Եվ եթե նման թեստը ձեզ գնահատել է 171 միավոր, ասելով՝ «շնորհավորում ենք, դուք անվիճելի հանճար եք», հարկ է անպայման ավելացնել. «երրորդ դասարանցիների խմբի ֆոնի վրա»: Մասնագիտական IQ-թեստը մի քանի տարին մեկ անգամ վերանայվում է հոգեբանների կողմից՝ միաժամանակ հաշվի առնելով Ֆլիննի էֆեկտը:
Առասպել վեցերորդ: Ինտելեկտի գործոնը հաստատուն մեծություն է:
Իրականում՝ նախ եւ առաջ անհրաժեշտ է տարբերակել իրական ինտելեկտը եւ IQ-թեստի ցուցանիշները: Իրական կարողությունները կարող են թեթեւակիորեն տարբերվել՝ կախված տրամադրությունից, զգացողությունից եւ նույնիսկ ինքնագնահատականից: Ինչ վերաբերում է թեստի խնդիրներին, ապա հիշեք հետեւյալը. իրադրությունը, որում հայտնվում է թեստն անցնող անձը, որոշակիորեն արհեստածին է: Մարդը կարող է սխալ ընկալել վատ ձեւակերպված կամ ռուսերեն վատ թարգմանված հանձնարարության պայմանները: Նա կարող է թեստի կեսին կորցնել տվյալ հանձնարարության նկատմամբ հետաքրքրությունը կամ լինել անուշադիր: Եվ հակառակը՝ հնարավոր է այնպես նախապատրաստվել Էյզենքի թեստի հանձնարարություններին, որ դրանց պատասխանելը մեծ ջանքեր չի խլի: Սակայն դա բոլորովին էլ չի ապացուցում, որ ձեր ինտելեկտն անասելի բարձր է:
Առասպել յոթերորդ: Աշխարհում գոյություն ունի մի գաղտնի կազմակերպություն, որին անդամակցում են 170-ից բարձր IQ ունեցող մարդիկ: Նրանք բոլորն էլ հանդիսանում են այս աշխարհի իշխանները. խոշոր կորպորացիաների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի հասարակական գործիչներ: Սակայն եթե դուք հանդիսանում եք բացառիկ ինտելեկտ ունեցող հավաքարար, այդ կազմակերպությունը վաղ թե ուշ կնկատի ձեզ, իր հովանավորության տակ կառնի, եւ այդ ժամանակ ձեզ խոստումնալից կարիերա է սպասվում:
Իրականում՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավատալ այս առասպելին, թող շարունակեն հավատալ: drugs.am-ը նշում է՝ գործնականում գոյություն ունի ավելի ժողովրդավարական մի կազմակերպություն, որը միավորում է բարձր ինտելեկտ ունեցող անձանց. դա «Mensa International»-ն է (https://www.mensa.org): Այն ավելի շուտ լուսավորչական գործունեություն է ծավալում: Մինչդեռ այս միջազգային եղբայրությանը հնարավոր է միանալ միայն մեկ ձեւով՝ անցնելով ինտելեկտի ստուգման թեստ եւ գրանցելով բացառիկ արդյունքներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930