Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ դերասաններն ապրելու կոչ են անում

Մայիս 01,2010 00:00

«Այսօր այնքան շատ են տարբեր հարցերով դիմում պետական ատյաններ եւ մերժում ստանում, որ ես էլ չեմ ուզում հերթական մերժվածներից լինել»,- ասում է 24-ամյա Անուշավան Թադեւոսյանը, ում բեմադրած «Քայլող հիշողություն» թատերական ներկայացումը ցուցադրվելու է մայիսի 5-ին՝ Երեւանի կամերային երաժշտական թատրոնում:
2006-ին «բեմական խոսք» առարկայի քննության ժամանակ ներկայացված «Քայլող հիշողություն» ներկայացումը մեծ արձագանք ստացավ: 4 տարի անց սցենարի հեղինակներ Արմենակ Վաղարշակյանն ու Անուշավան Թադեւոսյանը մտածեցին, որ ներկայացումը հադիսատեսի դատին հանձնելու ամենապատեհ ժամանակն է: «Այս տարի նշվում է Ցեղասպանության 95-րդ տարելիցը: Կարծում եմ՝ թեման առավել քան արդիական է: Այստեղ հայի բողոքն է, հայի ձայնը, որ հայն ուզում է ապրել»,- ասում է սցենարի համահեղինակ եւ բեմադրող Անուշավան Թադեւոսյանը:
Ներկայացումն ստեղծվել է Պարույր Սեւակի պոեզիայի հիման վրա: «Այն ասմունքի երեկո չի լինելու: Ներկայացումն ամբողջությամբ դրամատուրգիա է: Պոեզիան դարձնել դրամատուրգիա՝ արդեն նոր երեւույթ է, բանաստեղծությունը չարտասանելը, այլ խաղալը՝ նորություն է»,- համոզված է բեմադրիչը:
Ներկայացումն սկսվում է զանգերի ղողանջներով, որոնք, ըստ բեմադրիչի, թե՛ հայկական եկեղեցու, թե՛ մեր տան զանգերն են: Գործողությունը ծավալվում է հայկական գյուղում: Անուշավանի խոսքերով, ներկայացման մեջ ցեղասպանության ոչ մի տեսարան չկա. «Այստեղ «թուրք» բառը գրեթե չի օգտագործվում, որովհետեւ թե ինձ, եւ թե մեր ներկայացման մասնակիցների համար տարբերություն չկա, թե ցեղասպանությունը՝ թուրքը, ռուսը թե վրացին են իրականացրել: Կարեւորը ցեղասպանություն երեւույթն է, իսկ մեր միակ նպատակն ապրելու գաղափարի շուրջ բոլորին համախմբելն է»: Ըստ բեմադրիչի՝ գաղափարի շուրջ միասնականության օրինակ հանդիսատեսը կտեսնի բեմում՝ տասը երիտասադ դերասանների միջոցով: Ներկայացման վրա մեծ գումարներ չեն ծախսվել, բայց երիտասարդ բեմադրիչը եւ ներկայացման նախաձեռնողն աջակցություն տեսել է ընտանիքից, «Ժայռ» երիտասարդական հ/կ-ից: «Ամենամեծ աջակցությունը մեր ստեղծագործական թիմը ստացել է Կամերային երաժշտական թատրոնից՝ ի դեմս թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի, ով անշահախնդիր օգնել է ե՛ւ տարածքով, ե՛ւ այլ հարցերով: Իր խորհուրդներով մեծ օգնություն է ցուցաբերել նաեւ Սոս Սարգսյանը»,- ասում է Անուշավանը: Իսկ պետական աջակցության նա կսպասի հանդիսատեսի գնահատականից հետո. «Այդ ժամանակ ես կասեմ, թե մարդկանց դա դուր է գալիս, ուրեմն պարտավոր եք օգնել ինձ»: Ներկայացումն ավարտվում է Սեւակի «Եկեք միանանք» բանաստեղծությամբ, ներկայացման բեմադրիչն էլ համոզված է. «Ամեն մարդ, դիտելով ներկայացումը, ասելու է՝ սա իմ կյանքն է, եւ ոչ ոք սուտ չի հուզվելու»: Պրեմիերայից հետո ստեղծագործական երիտասարդ թիմն սպասում է իր լսարանի առողջ քննադատությանը եւ հուսով է, որ իրենք բեմում կմնան երկար ժամանակ՝ եփվելով, հասունանալով եւ կատարելագործվելով հենց հանդիսատեսի աչքի առաջ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել