Լրահոս
Օրվա լրահոսը

Տիեզերքը մարմնավորողը

Մայիս 11,2010 00:00

Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին

«Մի անգամ Վիլյամ Սարոյանը ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին հարցնում է՝ ի՞նչ է մարդը: Նա պատասխանում է՝ տիեզերական մարմին: Վ. Սարոյանը շարունակում է՝ այդ դեպքում տիեզերքից բան կպակսի՞, եթե մարդը վերանա: Գիտնականը երկար մտորումից հետո ասում է՝ կպակսի, շատ մեծ բան՝ տիեզերքը մարմնավորողը, որովհետեւ ոչ մի տիեզերական մարմին չի կարող ստեղծել երաժշտություն, պոեզիա, գրականություն, նկարչություն, ճարտարապետություն…»: Այս երկխոսությամբ օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը բացեց ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, նկարիչ, գրող Գրիգոր Գուրզադյանին նվիրված երեկոն:
«ՀայԱրտում» այդ երեկո տիեզերական տրամադրություն էր, որովհետեւ մեկ երեկույթի մեջ ներառվել էին Գուրզադյան- նկարչի գեղանկարների ցուցահանդեսը, Գուրզադյան- գրողի գրքերի շնորհանդեսը, նրա մասին պատմող ֆիլմի ցուցադրություն եւ այդ ամենը դասական երաժշտության հնչյունների ներքո:
«Սա մի համեստ սիրո, հարգանքի տուրք է Գրիգոր Գուրզադյանին: Ես այս քայլով ուզում եմ նրան ասել, որ իրեն շատ եմ սիրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց երեկոյի կազմակերպիչ Ռ. Շառոյանը:
Երեկոյի գլխավոր իրադարձությունը Ռիտա Շառոյանի հեղինակած՝ մեծանուն գիտնականին նվիրված «Տիեզերքը ափի մեջ» փաստավավերագրական ֆիլմն էր: Այն պատմում է գիտնականի, փիլիսոփայի, գրողի, նկարչի մտածողության եւ էության բազմաշերտ աշխարհի մասին: Տիկին Շառոյանի փոխանցմամբ, ֆիլմը ստեղծվել է Գուրզադյանի հետ տարբեր տարիների հանդիպումներից, հարցազրույցներից եւ նկարահանումներից պահպանված արխիվային նյութերի հիման վրա:
Գ. Գուրզադյանը, ցավոք, չէր կարողացել ներկա գտնվել իրեն նվիրված միջոցառմանը: Ինչպես նշեց Ռ. Շառոյանը, նա վատառողջ էր. «Նա տեղյակ է իմ նախաձեռնության մասին, ինչի առիթով շատ հուզվել է: Իմ պարտքն եմ համարում՝ սիրածս արվեստագետներին այսկերպ իմ հարգանքի տուրքը մատուցելու: Վաղուց ցանկություն ունեի Գուրզադյանի համար ինչ-որ բան անել»:
Երեկոյին ներկա էր գիտնականի որդին՝ աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը: Բնութագրելով հորը՝ որպես գիտնական, Վ. Գուրզադյանն ասաց. «Անշուշտ, արվեստը, կերպարվեստը, գրականությունը նրա աշխարհն են, բայց նախ եւ առաջ նրա աշխարհը գիտությունն է: Անգամ նրա ստեղծած նկարներից երեւում է մեծ սերը գիտության, աստղաֆիզիկայի նկատմամբ: Նա այն ժամանակ հայտնվեց գիտության ոլորտում, երբ ամեն ինչ փակ էր, գաղտնի: Դրանք խորհրդային 60-70-ական թվականներն էին: Հիմա Հայաստանում արժեքները մի փոքր շեղվել են, դա վերաբերում է եւ գիտությանը, եւ մյուս ոլորտներին: Եվ մեծարել Գ. Գուրզադյանին մեր օրերում՝ հիրավի տեղին է»:
88-ամյա աստղաֆիզիկոսը ստեղծել է ժամանակի առավել կատարելագործված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանները՝ տեղադրված «Սալյուտ» տիեզերական կայանի եւ «Սոյուզ» տիեզերանավի վրա, աշակերտել է Վիկտոր Համբարձումյանին, եղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում:
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի բնորոշմամբ, Գուրզադյանը ոչ ոքի նման չէ. «Ես Գուրզադյանի հարեւանն եմ, մեր դռները մեկուկես մետր են իրարից հեռու: 2008թ. ամբողջ տարին եւ 2009-ի երեք ամիսը գրեթե ամեն օր մտել եմ մոտը՝ մեծ ծոցատետրով, որտեղ գրառումներ էի անում մեր զրույցներից: Ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ինչ եմ վերապրել: Այդ ծոցատետրով գնացել եմ նավագնացության: Իսպանիայում այնպես պատահեց, որ դիպլոմատս գողացան, որի մեջ նաեւ այդ ծոցատետրն էր: Այդ մասին տեղեկացրի Գուրզադյանին: Նա ասաց՝ հանգիստ եղիր, կգաս, էլի կշարունակենք: Եվ հիմա շարունակում ենք: Գուրզադյանն ինձ համար նմանվում է Բեթհովենին. նա իր լսողությունն էր կորցրել, իսկ Գուրզադյանը՝ տեսողությունը: Նստել նրա կողքին եւ երկար զրուցել՝ իսկական հրաշք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել