Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ՝ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԵՓՈՐԱՀԱՐ

Մայիս 28,2010 00:00

Հայ ժողովուրդը դաժան փորձության ենթարկվեց Առաջին աշխարհակործան աշխարհամարտի ժամանակ

\"\"\"\"

1915-ի ցեղասպանության հետեւանքով շուրջ 2 միլիոն հայ բնաջնջվեց: Վայրագ թշնամու վերջնական նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդի վերջին բեկորները՝ նրա բնօրրանում: Դա Մուստաֆա Քեմալի եւ զինակից Կարաբեքիր փաշայի հայակործան ծրագիրն էր՝ թրքավայել «ազգային ուխտի» ռազմական պահանջով: Անտանտի դեմ «պայքարելու» պատրվակով նրանք Լենինից պահանջեցին ռազմական եւ ֆինանսական օգնություն: Շուտով թուրք բանակները արշավանքի ելան բոլշեւիկների համար «իմպերիալիստ» համարվող անօգնական Հայաստանի դեմ… Նրանք իրենց կեռլուսին դրոշին գրել էին բորենի Թալեաթի ցինիկ ամբարտավանությունը. «Այն, ինչ սուլթան Համիդը չկարողացավ անել 30 տարվա ընթացքում (հայկական հարցով), ես արեցի մի քանի ամսում»: Հրոսակ թուրքական զորքերը քառատրոփ արշավեցին Արեւելյան Հայաստան աշխարհ: Մտաբերենք կովկասյան ճակատի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամեդի զայրույթը հայոց Առաջին Հանրապետության պատասխանատու Հովհաննես Քաջազնունու երեսին. «Ճակատագիրը քշում է թուրքերին արեւմուտքից արեւելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաեւ Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք արեւելք, այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը, մեր լեզուն: Մեր եղբայրներն ամենուր են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց… Դուք պետք է մի կողմ քաշվեք»: Եվ 1918թ. մայիսի 21-ին թուրքերը հայտնվեցին Երեւանի կիսաբաց դռների առաջ: Հրաշք կատարվեց եւ այս անգամ ոտքի ելան, համախմբվեցին հայոց բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները, հայ աշխարհազորը, զինակիր 500 մահապարտ հոգեւորականներն ու երկրի մտավորականությունը, բոլշեւիկն ու դաշնակը, Ղաչաղ Մելգուշն ու Ջհանգիր աղայի ու Ուսուբ Բեկի եզդիական ձիավորները: Հայոց երկրամասում էին գտնվում գեներալներ Նազարբեկյանը եւ Սիլիկյանը, գնդապետներ Դանիել եւ Պավել Բեկ-Փիրումյանները, ռուս Սիլինի պարտիզանական խմբերը, անվանի զորական Պերեկրեստովը, մարտկոցապետեր, կապիտան՝ հույն Սակելեարին, ֆրանսիացի Շնեուրը, դիպուկ հրետանավոր Կլիչը, ռազմական գործի շատ այլ գործիչներ: Նրանք Առաջին համաշխարհայինի կրակներով եւ բովով անցած զորահրամանատարներ էին, ովքեր կարճ ժամանակահատվածում միավորեցին հայկական բոլոր ուժերը, անօրինակ սխրանքներով եւ ռազմական պատվախնդրությամբ վճռեցին անհույս թվացող պատերազմի ելքը: Խայտառակ պարտություն կրեցին անհաղթ հորջորջված «Կարս-Դարդանելի» թուրք-քեմալական բազմահազարանոց զորախմբերը: Հայոց նորագույն պատմության՝ սարդարապատյան փառավոր ճակատամարտերի 7 օրերի հրաշքը՝ սպառված տաճիկի հեւասպառ փախչելն էր: Պատմությունն արձանագրել է, որ չարագլուխ Վեհիբ փաշան Ալեքսանդրապոլից ճողոպրելիս՝ հասել է Բաթում եւ խնդրել թուրք պատվիրակության նախագահ Խալիլ բեյին. «Աման, ո՞ւր են հայ պատվիրակները, վերջացնենք եւ հաշտություն կնքենք: Հերիֆները (իմա՝ հայերը) գեշ կկռվեն, բնավ պահեստի ուժ չունեմ: Թուրք ասկյարը, եթե էսպես նահանջի, մեր շունչը Պոլսո դռներին կառնենք»: Եվ դժբախտաբար, հայ պատվիրակները, որ այդ օրերին գտնվում էին Բաթումում, կապի բացակայության պատճառով՝ անհաղորդ, անտեղյակ մնացին հայերի՝ Սարդարապատում տարած հաղթանակներից, պարտված թուրքի պարտադրմամբ՝ անպտուղ, դատարկաձեռն հաշտության պայմանագիր կնքեցին տաճիկի հետ (հունիսի 4, 1918թ.): Թուրքը որտեղ չի հաղթել զենքով, հաղթել է խարդախ դիվանագիտությամբ…

Այսօր ամենասրտագին շնորհավորանքները մեր ժողովրդին՝ անձնուրաց պատմական մեծ հաղթանակի տարեդարձի առթիվ, եւ գլուխներս խոնարհենք բախտորոշ սարդարապատյան ճակատամարտում ընկած սուրբ անմահների հիշատակների առջեւ: Սարդարապատը արցախյան սավառնաթեւ մեր հաղթանակների շեփորահարը հանդիսացավ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31