Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երեխաները գույնի բացառիկ զգացողություն ունեն

Հունիս 04,2010 00:00

Իր սաների մասին ասում է լուսանկարիչ եւ գեղանկարիչ Սամվել Սեւադան

Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց լուսանկարիչ եւ գեղանկարիչ Սամվել Սեւադայի սաների ցուցահանդեսը:

Ներկայացված էր շուրջ 100 աշխատանք: Ս. Սեւադան ասաց, որ սաներին նյութի եւ թեմայի ընտրության մեջ ազատ է թողնում: «Նրանք նկարում են այն ամենը, ինչ իրենց հետաքրքրում է: Նկարում են այն նյութով, ինչը այդ պահին հոգեհարազատ է»: Նա նաեւ հավելում է, որ անցյալ տարի էլ սաները թումանյանական հեքիաթների թեմայով էին աշխատանքներ արել:

«Ընդհանրապես հեքիաթը նրանց ամենասիրելի թեման է: Հատկապես շատ են սիրում պատկերել ժամանակակից կոմպյուտերային խաղերի հերոսներին: Ինչը, ըստ իս, վատ չէ, եթե նրանք սիրում են աստղային պատերազմների միջի հերոսին, ուրեմն մեր սերնդի համար մի քիչ օտար հերոսներն էլ են բարի եւ մաքուր…»,- ասում է Ս. Սեւադան:

Գեղանկարիչը փաստում է, որ եթե կոմպյուտերային խաղեր ստեղծվեին մեր ազգային հերոսներով, ապա, անշուշտ, աստղային պատերազմի հերոսների փոխարեն նրանք մանուկների սիրելին կդառնային, ասենք՝ «Սասնա ծռերի» հերոսները:

Ս. Սեւադայի համոզմամբ, հայ երեխաները գույնի բացառիկ զգացողությամբ են օժտված: «Ամերիկայի Միացյալ Նահանգներում իմ սաների աշխատանքներն ու գույները պարզապես ապշեցնում էին ամերիկացիներին: Մեր երեխաները տաղանդավոր են եւ ունեն խելացի աչքեր, դա վաղուց պարզված ճշմարտություն է»,- ընդգծում է նա:

Հարցրեցինք՝ հե՞շտ է այսքան երեխաների հետ լեզու գտնելը:

«Արդեն 35 տարի աշխատում եմ իրենց հետ եւ երբեւէ չեմ գանգատվում… Իրենց հետ շփվում եմ իրենց լեզվով: Իմ արվեստանոցում շատ ջերմ ու ընկերական մթնոլորտ է: Երբեմն երեխաները չեն ուզում լքել արվեստանոցը: Հեքիաթի ընթերցումներ ենք ունենում, դասական երաժշտություն ունկնդրում…»,- պատմում է Ս. Սեւադան:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսի՞ փոքրիկ է եղել հենց ինքը` Սեւադա Սարգսյանը եւ ինչի՞ մասին է երազել մանուկ հասակում: «Խելոք երեխա եմ եղել, քիչ ամաչկոտ: Երազում էի գեներալ դառնալու մասին, բայց այդպես էլ չդարձա: Հասկացա, որ զինվորական եմ, ով պիտի ծառայի արվեստին»,-պատասխանեց արվեստագետը:

Գեղանկարիչը նաեւ պատմեց, որ իր առաջին նկարում, որը ժամանակին հանրապետական մրցույթում արժանացել է մրցանակի, պատկերված է եղել Սասունցի Դավիթը. «Այդ ցուցահանդեսը միշտ կմնա իմ հիշողության մեջ… Այն ժամանակ ես սովորում էի 5-րդ դասարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել