Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ՔԻԹ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԴԻՐ

Հունիս 05,2010 00:00

Հայաստանում պլաստիկ վիրահատության են դիմում հիմնականում աղջիկները

\"\"

«Միշտ խուսափում էի պրոֆիլով նկարվելուց: Կոմպլեքսավորվում էի: Ես պարուհի եմ եւ հաճախ բեմում ինձ նկարում են: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, բայց… երբեք չէի թողնում, որ նկարներս հայտնվեն ամսագրերում եւ թերթերում: Երբ փողոցով քայլում էի, ինձ թվում էր՝ բոլորն ինձ են նայում եւ մտածում՝ ի՜նչ մեղք ա էս աղջիկը: Այս ամենի պատճառը քիթս էր»,- պատմում է 22 ամյա Արեւիկը:
Հայկական մեծ քիթը հուզում է շատերին, իսկ դրա հետեւանքը անվստահությունն ու ինքնաթերագնահատումն է: Բարդույթները վերացնելու նպատակով ոմանք դիմում են քթի պլաստիկ վիրահատության: «Վիրահատվելու համար տարիքային սահմանափակում չկա, 16 տարին լրացած բոլոր մարդիկ կարող են վիրահատվել, իսկ եթե հիվանդը տարիքով մեծ է (օրինակ՝ 45 տարեկան)՝ այս դեպքում փոխվում են միայն վիրահատության տեխնիկան ու ձեւը»,- պարզաբանում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը: Մեր օրերում քթի վիրահատություն ավելի շատ անում են աղջիկները՝ 80%-ը: Շնչառության հետ խնդիրներ ունենում են քչերը եւ մեծամասամբ վիրահատվում են քթի մեծության պատճառով: Հիվանդին իր դեմքին համապատասխան ձեւեր են առաջարկվում, իսկ նա միայն ընտրում է: Լինում են նաեւ դեպքեր, երբ քիթը ոչ թե փոքրացնում են, այլ՝ մեծացնում: Օրինակ՝ դիմացից կոտրված քիթը պետք է բարձրացնել, որովհետեւ լրիվ տափակ է: «Այսպիսի վիրահատության համար պետք են ռեսուրսներ, որոնք վերցվում են հիվանդի օրգանիզմի ուրիշ մասերից, հիմնականում՝ ականջների կրճիկներից»,- ասում է բժիշկը: Այսպիսի վիրահատություններից հետո, եթե արդյունքը հիվանդին դուր չի գալիս, կատարվում է կրկնավիրահատություն, որը, որպես կանոն, արվում է անվճար: Վիրահատությունից հետո երբ գիպսը հանում են՝ քիթը ուռած է լինում, աչքերի տակ մի փոքր կապտած, հնարավոր է նաեւ աչքերն արյունով լցված լինեն: Մոտ 1 շաբաթ անց հիվանդը լիովին ապաքինվում է՝ կարող է ազատ շարժվել, օգտվել կյանքի բոլոր հաճույքներից, բայց երկու ամիս քիթը պիտի պաշտպանված լինի հարվածներից:
«Չնայած բոլոր ընկերներս ասում էին, որ վիրահատվելու կարիք չունեմ, այնուամենայնիվ, ռիսկի դիմեցի: Հիմա ունեմ այսքան ժամանակ երազած քիթ, շատ-շատ պրոֆիլով նկարներ ու ինքնավստահություն: Իհարկե, սկզբում դժվար էր, չէր կարելի կտրուկ շարժումներ անել, պարել, պետք է զգուշանայի հարվածներից եւ այլն: Բայց, ինչպես ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում»,- ավելացնում է Արեւիկը:
 Պլաստիկ վիրահատություններից հետո կարող են առաջանալ նաեւ բացասական հետեւանքներ: «2 տարի առաջ որոշեցի վիրահատվել, սակայն քիթս վիրահատությունից հետո, գեղեցկանալու փոխարեն, տգեղացել էր, մոտ 5 ամիս այտուցվածությունը չէր անցնում, անընդհատ ցավեր էի զգում, բժշկի խորհրդով դիմեցի կրկնավիրահատության, սակայն այս անգամ ավելի վատ բան ստացվեց, վիրահատության ընթացքում վնասվել էր շնչափողս: Երկրորդ վիրահատությունից հետո մի կերպ եմ շնչում, դեռ մի քանի ամիս պիտի սպասեմ՝ մինչեւ երրորդ վիրահատությանը դիմեմ, շատ կուզեի ոչ մի պլաստիկ վիրահատություն էլ չանեի, հիմա ամեն օր ափսոսում եմ 2 տարի առաջ կատարածս քայլի համար»,- խոստովանում է 28-ամյա Գայանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել