Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԵՎԸ՝ ԵԿԵՂԵՑԻ, ՎԵՐԵՎԸ՝ ՄԶԿԻԹ

Հունիս 16,2010 00:00

Թուրքիայում գտնվող Հաթա բնակավայրը հայտնի է որպես խաղաղության եւ հանդուրժողականության քաղաք: Այստեղ փողոցներից մեկում կարելի է տեսնել կողք կողքի մզկիթ, եկեղեցի ու սինագոգ: Տարբեր կրոնների հոգեւոր աղոթարանները այստեղ իրար կողքի են կամ նույնիսկ՝ միմյանց վրա:

Սամանդաղ գավառին ենթակա Յողունօլուք գյուղում գտնվող 1633-1646 թթ.. կառուցված հայկական եկեղեցու վրա գործում է մի մզկիթ եւս:

Սամանդաղի քայմաքամ Թահսին Քուրթբեյօղլուն «AA» լրատու գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ շրջանը հարուստ է բազմաթիվ ծովային, քարանձավային տեսարժան վայրերով, պատմական հուշարձաններով ու եկեղեցիներով, ինչն էլ այստեղ է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների:

«Մ.թ. առաջին դարում կառուցված Թիթուս թունելից բացի՝ գյուղում կան նաեւ բազմաթիվ այլ տեսարժան վայրեր՝ Սուրբ Սիմոն վանքը, Հռոմեական կայսրության շրջանում կառուցված ժայռ-գերեզմանոցները եւ մոտ 2300 տարվա պատմություն ունեցող Մուսա ծառը: Ամեն տարի բազմաթիվ տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկներ են գալիս մեր գավառ՝ այդ ամենը տեսնելու: Սակայն Յողունօլուքի հայկական եկեղեցին եւ վերջինիս վրա հետագայում կառուցված մզկիթը համերաշխության քաղաք Հաթայի իրական խորհրդանիշն է»,-իր հարցազրույցում ասել է Թահսին Քուրթբեյօղլուն:

«Եկեղեցին պետք է վերականգնվի»

Քուրթբեյօղլուի հավաստմամբ, պատմական հայկական եկեղեցին մինչ օրս երբեւէ չի վերանորոգվել, սակայն այն գտնվում է վերահսկողության կենտրոնում, որն էլ իր հերթին ունի համապատասխան նորոգչական ծրագրեր: Յողունօլուք գյուղի մզկիթի իմամ Մեհմեդ Գյուլիստանը նշել է, որ այն բանից հետո, ինչ հայերը լքել են գյուղը, առանց եկեղեցու ճարտարապետությանը վնաս հասցնելու, 1940-ական թվականներին եկեղեցու վրա մի մզկիթ է կառուցվել: «Եկեղեցին եւ մզկիթն ունեն առանձին մուտքեր: Եկեղեցի այցելողները ավելի շատ հայեր են: Երկու պաշտամունքի տաճարները միմյանցից տարբեր են, սակայն երբեւէ իրար չեն խանգարում: Չնայած մզկիթը գործում է, իսկ եկեղեցին՝ ոչ: Հարկ է, որ եկեղեցին ժամ առաջ վերականգնվի»,- հավելել է Գյուլիստանը:

«Ճարտարապետական այս երկու կոթողները զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են լինում մշտապես: Գրեթե բոլորի համար էլ այն հետաքրքրական է: Այցելուների մեծամասնությունը հայեր են լինում: Երկու տարբեր կրոնների հանդուրժողականության ամենավառ օրինակներից մեկն է գյուղի այս երկու սրբատեղիները: Բայց շատ ցավալի է, երբ տեսնում ես, որ օր օրի եկեղեցու քարերը քանդվում են, խունանում: Մենք շատ կուզենայինք, որ վայրկյան առաջ եկեղեցին գտներ իր նորոգողին: Այդ դեպքում, կարծում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն մեր գյուղ: Այս երկու կառույցները մշակութային ամենահետաքրքրական զանազանությունն են ներկայացնում: Մենք հպարտ ենք, որ ունենք նման եզակի հարստություն»,- նշել են տեղացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել