Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց գոմեշի մսի եւ էժանագին բիժուտերիայի

Հուլիս 07,2010 00:00

«Հնդկաստանից ամեն ամիս մոտ $15միլիոնի ապրանքատեսակներ են Հայաստան ներմուծվում, մինչդեռ Հայաստանից Հնդկաստան արտահանումը զրոյական մակարդակի վրա է: Ու ներկրվում է միայն տխրահռչակ գոմեշի միսը, ամենաէժան հագուստներն ու բիժուտերիան, ինչը մեր երկրին պատիվ չի բերում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհում էր «Ազդարար» հանդեսի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը: Ըստ նրա, պետք է լավագույնս կազմակերպվի հայկական ապրանքատեսակների արտահանումը Հնդկաստան. «Հնդիկները հիացած են հայկական կոնյակով ու գինով, ու բացի դրանից կարող ենք Հնդկաստան արտահանել շինարարական կոնստրուկցիաներ: Էլ չեմ խոսում մշակութային մեծ արժեքների մասին՝ պարեր, օպերա, գրական ստեղծագործություններ, հրաշալի կտավներ, որոնք հնդիկներին ներկայացնելը մեզ պատիվ կբերի: Էլ չենք ուզում հնդկական էժանագին ֆիլմերը, մարգարիտները…»:
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Մալ Հուդրան էլ ասաց, որ որպեսզի փոխադարձ դժգոհություններ չլինեն Հայաստան ներկրվող եւ Հնդկաստան արտահանվող ապրանքատեսակներից, իրենք այսուհետեւ լրջորեն կաշխատեն այդ ուղղությամբ. «Կարելի է կազմակերպել տարբեր ցուցահանդեսներ, որտեղ հնդիկ ներմուծողը եւ հայ արտադրողը կարող են տեղեկություն ստանալ, թե ինչ է արտադրվում Հայաստանում եւ ինչի կարիքն ունի Հնդկաստանը: Հնդկաստանում հայկական կոնյակի մեծ պահանջարկ կա»:
Դեսպանի խոսքով, նորաստեղծ կազմակերպությունը նաեւ տեղեկատուի գործառույթ է իրականացնելու, քանի որ Հնդկաստանում շատ քիչ բան գիտեն ժամանակակից Հայաստանի մասին. «Հնդիկները կարդացել են խորհրդային տարիների հայ ստեղծագործողների գործերը, եւ մեր կազմակերպությունը, շատ հնարավոր է, կընտրի հայ ժամանակակից դասականների անգլերեն թարգմանությունը եւ կներկայացնի հնդիկ ընթերցողներին»:
Դեսպանը անդրադարձավ նաեւ Հնդկաստանում հայկական համայնքին: Նրա խոսքով, թեեւ հնդկահայերը փոքրաթիվ են, սակայն շատ ակտիվ են. «Նրանք պահպանել են իրենց մշակույթը, ինքնությունը եւ մեզ մոտ ազատ են հետեւելու իրենց կրոնին ու հաճախելու հայկական եկեղեցի»: Դեսպանի խոսքով, հայկական մարդասիրական քոլեջը շարունակում է իր գործունեությունը եւ ամեն տարի իր դռներն է բացում Հայաստանից, Իրանից ու այլ երկրներից ժամանած նոր աշակերտների առաջ: Պարոն Հուդրան նաեւ նշեց, որ քոլեջի հայ աշակերտները փայլում են իրենց ուսումնական առաջադիմությամբ եւ հետագայում ուսումը շարունակում են Հնդկաստանի բարձրագույն բուհերում: Հայ-հնդկական համագործակցության արդյունքում այս տարեվերջին Երեւանի պետական համալսարանում կսկսի գործել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կենտրոնը: Հնդկաստանի կառավարությունն արդեն կատարել է ներդրումներ՝ ձեռք է բերել անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ ու տպիչներ, որոնք առաջիկայում կբերվեն Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել