Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀԵՐՊԵՍԻՑ

Հուլիս 07,2010 00:00

Մոլորակի բնակչության մոտ 95%-ը համարվում է հերպեսի վիրուսակիր: Սակայն վիրուսակիրների միայն 17-20%-ն է հիվանդանում: Շրթունքների վրա առաջացող բշտերը, որոնք խիստ ցավոտ են, մենք կապում ենք գրիպի, մրսածության հետ: Բայց… դա առանձին հիվանդություն է եւ կոչվում է հերպես:
Կա հերպեսի վիրուսի 2 տիպ: Առաջինը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով (բշտեր շրթունքի վրա), իսկ երկրորդ տիպը փոխանցվում է սեռական ճանապարհով (բշտեր են առաջանում սեռական օրգանների լորձաթաղանթի վրա): Այնպես որ, հերպեսը կարելի է համարել նաեւ վեներական հիվանդություն:
Հերպեսի վարակն անցնելով օրգանիզմ, «բնակվում» է նյարդային բջիջների մեջ: Եվ այնտեղ մնում է ցմահ: Քանի դեռ մարդն առողջ է, հանգիստ, չկան հզոր ուժով սթրեսներ, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, վիրուսը «քնած» է: Հերպեսի վիրուսն ակտիվանում է, երբ մարդը հիվանդանում է տարբեր վարակիչ հիվանդություններով (գրիպ, պարագրիպ), մրսած է, կա սննդային կամ էլ դեղորայքային թունավորումներ (անտիբիոտիկների օգտագործումը):
Ըստ վիճակագրական տվյալների, վիրուսակիրների մոտ 45-48%-ը կանայք են (20-45 տարեկան): Սակայն այստեղ չկա ոչ մի զարմանալի բան, քանի որ կանանց «կրիտիկական» օրերը հերպեսի վարակի ակտիվացման համար «հիանալի» ժամանակաշրջան են: Ակտիվացման համար մեծ դեր ունի նաեւ օրգանիզմի իմունիտետի (անընկալունակության) թուլացումը եւ պակասը: Հերպեսը հաճախ անպտղության պատճառ է հանդիսանում: Հղիության վաղ շրջանում՝ վիժումների 25%-ի եւ հղիության վերջին ամիսներին, վիժումների 50%-ի պատճառը հերպեսն է: Այս հիվանդության նկատմամբ շատ զգայուն են հղի կանայք եւ մինչեւ 5 տարեկան երեխաները: Երբ հերպեսի վարակը «ցույց է տալիս» իր ակտիվությունը, հիվանդը պետք է խիստ սահմանափակի շփումները առողջ մարդկանց հետ: Բավական է թեթեւակի շրթունքներով հպվել փոքրիկի այտին կամ կանգնել նրան շատ մոտիկ, որպեսզի վիրուսը փոխանցվի երեխային: Խնամքով պետք է լվանալ ձեռքերը, երբ հպվում եք հերպեսով ախտահարված մաշկին (վիրուսը կարող է փոխանցվել ձեռքերի միջոցով): Այժմ կան հակահերպեսային բազմաթիվ քսուքներ, որոնք թույլ չեն տալիս վիրուսին բազմանալու, սակայն, ցավոք, այն վերջնականապես չեն սպանում:
Լիարժեք սնունդը, բավականաչափ հանգիստը, դրական հուզական ռեակցիաները, մարմնի կոփումը, անձնական հիգիենան կօգնեն, որ դուք տարիներով չհիվանդանաք հերպեսով: Հիվանդության սրացման ժամանակ մի համբուրեք եւ մի թողեք համբուրել ձեզ, ում շրթունքին ակնհայտ երեւում է հերպեսի նշանը: Պաշտպանեք ձեր համբույրներից երեխաներին: Մի զբաղվեք սեքսով, երբ սրացում կա ձեր կամ ձեր զուգընկերոջ մոտ: Հակառակ դեպքում՝ օգտագործեք պահպանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել