Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 10,2010 00:00

Հայրը երեք անչափահաս դուստրերին պարտք է 700 հազար դրամ, պետությունը չի
կարողանում հորը կարգի հրավիրել, դուստրերին օգնում է միայն «Օրրանը»:

\"\"Բնակարանին փոխարինող այս սենյակում են պատսպարվում անչափահաս 3 քույրերը՝ Անահիտ, Լիլիթ, Անժելիկա Աբրահամյանները, իրենց մոր՝ Սվետլանա Ալավերդյանի հետ: Վանաձոր քաղաքի Չարենցի 6/1 հասցեի 13 քմ տարածքը, միաժամանակ խոհանոց, հյուրասենյակ ու ննջասենյակ ծառայելուց բացի, նաեւ լոգարան ու սանհանգույց է: Բնական պահանջը՝ բնական պահանջ է, ու եթե մայրը կամ աղջիկներից մեկը նման կարիք ունի, անկախ եղանակից ու ժամից, ընտանիքի մյուս անդամները պարտավոր են դրսում սպասել, իսկ սանհանգույց են \"\"ծառայում սովորական դույլն ու պոլիէթիլենե տոպրակները: Այսօրինակ կենցաղավարության պատճառը երեխաների հոր՝ Արծրուն Աբրահամյանի եւ հորական տատի անտարբերությունն ու նաեւ որոշակի չկամությունն է: Երեխաների տատը՝ Անժիկ Ավագյանը, նախ մի քանի ամիս փակի տակ է պահել ընդհանուր օգտագործման սանհանգույցը, իսկ այս տարվա փետրվարին տեղափոխվել բազմաբնակարան շենք՝ վարձով ապրելու, իրեն արդեն պետք չեկող սանհանգույցն էլ ամբողջությամբ քանդել է: Ժամանակին համատեղ օգտագործվող հոսանքից էլ է զրկել թոռներին, նրանք ստիպված մոմի լույսի տակ են դասերը սովորել, ինչն առողջական խնդրի պատճառ է դարձել՝ 15-ամյա Անժելիկան բողոքում է տեսողությունից: Փոքրիկ սենյակում ձմռանն այնքան ցուրտ է լինում, որ տանը մնալ հնարավոր չէ: Աշխատանք չունենալու պատճառով եւ ցուրտ սենյակում չմնալու համար Սվետլանան կամավոր աշխատում է «Օրրան» հ/կ-ում («Օրրանն» իր հովանու տակ է վերցրել 3 անչափահասներին): Արդեն հինգ տարի է, ինչ մայրն ու աղջիկները բնակարանային այս անմարդկային պայմաններում են:
Հայրական կողմի անտարբերությունն ու արհամարհանքը ամուսնալուծությունից է սկսվել: 2003 թվականին, երրորդ երեխայի ծնվելուց հետո, Սվետլանան հայրական տնից վերադառնալով՝ իր տանը տեսնում է այլ կնոջ, չի ներում ամուսնուն, երեխաների հետ հեռանում է եւ ամուսնալուծվում: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 12.04.2005թ. վճռով, հօգուտ երեխաների, նրանց հորից՝ Արծրուն Աբրահամյանից բռնագանձում է վերը նշված սենյակն ու նշանակում ամսական 15 հազար դրամ ալիմենտ՝ մինչեւ երեխաների չափահաս դառնալը: Սակայն վճիռը մնացել է թղթի վրա, երեխաների հայրը լավ իմանալով, որ իր նախկին կինն ու երեք անչափահաս երեխաները, բացի 33 հազար դրամ ընտանեկան նպաստից, եկամտի այլ աղբյուր չունեն, համառորեն չի վճարում ալիմենտը: Չվճարված այդ գումարն էլ տարիներով հավաքվել եւ դարձել է 700 հազար դրամ: Դատական կարգով երեխաների համար հատկացված տարածքը հարակից գոմ ու ավտոտնակ ունի: Սվետլանան նույնիսկ խնդրել է ամուսնուն ու նրա հարազատներին՝ գոմից 2 մետր տարածք հատկացնել, պայմանով, որ չվճարված ալիմենտը ձեւակերպվի որպես դրա դիմաց վճարված գինը: «Հարազատները» չեն համաձայնել: Ընտանիքի նախկին հայրը հրաժարվում է վճարել ալիմենտը, պնդելով, թե աշխատանք չունի: Այս պատճառաբանությունը, մեղմ ասած, զարմացնում է տիկին Սվետլանային: Վերջինիս խոսքերով, Արծրուն Աբրահամյանը Ալավերդու շրջանում բանջարեղենի մեծածախ առեւտրով է զբաղված եւ ապրում է Թումանյանի շրջանում: Չհավատալով, թե Արծրուն Աբրահամյանն ինքնակամ կվճարի դատարանի սահմանած ալիմենտը, Սվետլանա Ալավերդյանը 2010 թվականի մայիսին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, ՀՀ արդարադատության նախարարություն՝ բողոքելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) անգործությունից: Սվետլանան չի հավատում ԴԱՀԿ օղակների կողմից գույքի եւ եկամտի չափը հայտնաբերելու ուղղությամբ կատարված հետազոտությանը: Հետազոտությունը հիմնված է Շամլուղի քաղաքապետի տված տեղեկանքի վրա, ըստ որի՝ Արծրուն Աբրահամյանն առանց հաշվառման ապրում է Թումանյանի շրջանի Շամլուղ համայնքում, ոչ մի տեղ չի աշխատում, եւ նրան պատկանող բռնագանձման ենթակա գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել: Սվետլանայի կարծիքով, նախկին ամուսինը դիմել է խորամանկության, թաքցրել է իրական բնակության վայրն ու եկամուտները կամ ունեցվածքը գրանցել այլ անձանց անունով: Թղթի վրա անաշխատանք եւ անեկամուտ Արծրուն Աբրահամյանը վճարել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 100 հազար դրամ տուգանքը՝ ալիմենտի վճարումներից խուսափելու համար: Այժմ նա հունիս ամսվա ալիմենտից վճարել է 10 հազար դրամ, իսկ Սվետլանան պահանջում է, որ թեկուզ մաս-մաս՝ վճարի 700 հազար դրամը:
Սվետլանա Ալավերդյանը հույս ունի, որ պատկան մարմինները կարող են կարգի հրավիրել իր երեխաների ճակատագրով չհետաքրքրվող հորը: Իսկ 15-ամյա Անժելիկան, որ վերջերս հյուրընկալվել էր հոր տանը՝ երազում է նման տանը ապրել, որտեղ ամեն ինչ կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել