Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Սեպտեմբեր 09,2010 00:00

ՀՀ 10 մարզպետներից ամենաաղքատը «ամենաերկարակյաց» մարզպետ՝ Տավուշի ղեկավար Արմեն Ղուլարյանն է

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՀՀ պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքներն ստանալու համար: Հարցումն ուղարկելուց 5 օր անց ԻԱԿ-ը Պետեկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Չտրամադրվեցին միայն Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի տվյալները, քանի որ նա մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2010 թ.-ից, իսկ մինչ այդ եղել է «Սերգեյ գրուպ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ եւ գույքի ու եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը 2009թ. ընթացքում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնը, իսկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը, ուստի նրանք գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացրել են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ:
Տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2009թ.-ին գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացրած 9 մարզպետներից ոչ մեկը 2009թ. ընթացքում որեւէ անշարժ կամ շարժական գույք չի օտարել եւ ձեռք չի բերել: 2009թ. ընթացքում գույքով եւ արտարժույթով եկամուտ ոչ մի մարզպետ չի ունեցել:
2009թ. ընթացքում ամենաշատ եկամուտը ստացել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ 3մլն 764 հազար 690 դրամ, իսկ ամենաքիչ եկամուտն ունեցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ 2 282 160 դրամ: Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 10 տարի եւ ՀՀ 10 մարզպետներից «ամենաերկարակյացն» է: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին հաջորդում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը՝ 3 088 000 դրամ եկամուտով:
Մնացած բոլոր մարզպետներից յուրաքանչյուրի եկամուտի չափը չի գերազանցում 3 մլն դրամը: ՀՀ բոլոր մարզպետները միասին 2009թ. ընթացքում ունեցել են 24 248 296 դրամ եկամուտ: Ինչպես 2008թ.-ին, այնպես էլ 2009թ.-ին գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացրած բոլոր մարզպետների եկամուտները միասին վերցրած զիջում են նախարարների շրջանում ամենաշատ եկամուտը ստացած առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եկամուտին՝ 341 մլն 615 հազար դրամ: Սակայն եթե 2008-ին մարզպետների եկամուտները Հ. Քուշկյանի եկամտին զիջում էին ավելի քան 5 անգամ, ապա 2009-ին մարզպետների եկամուտը նախարարի եկամտից ավելի քան 14 անգամ էր պակաս: Նշենք, որ Հարություն Քուշկյանի եկամուտը 2008թ. համեմատությամբ քիչ է փոխվել, այսինքն՝ ոչ թե նախարարն է հարստացել, այլ մարզպետներն են բոլորը միասին վերցրած աղքատացել:
2008-ին պաշտոնավարած 10 մարզպետներից 2009թ.-ին իրենց պաշտոնում մնացել եւ մարզպետի պաշտոնի համար գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացրել են 7-ը: Համեմատենք այդ 7 մարզպետների եկամուտների փոփոխությունը:
•2008թ.-ին ամենաշատ եկամուտն (35 070 600 դրամ) ունեցած Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը 2009թ.-ին ամենաշատ եկամուտը ստացած մարզպետների ցուցակում երկրորդն է՝ 3 մլն 88 հազար դրամ: Նրա եկամուտը 2008թ. համեմատությամբ պակասել է ավելի քան 11 անգամ:
•2008թ.-ին ամենաքիչ եկամուտն (2 074 713 դրամ) ունեցած Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2009թ. ընթացքում ստացել է 2 401 328 դրամ եկամուտ՝ բարելավելով նախորդ տարվա իր ցուցանիշը 326 հազար 615 դրամով:
•2009թ. ընթացքում ամենաքիչ եկամուտն ունեցած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եկամուտն ավելացել է ընդամենը 12 000 դրամով՝ 2008թ.-ի 2մլն 270 հազար 160 դրամից՝ 2009-ին դառնալով 2 282 160 դրամ:
•Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եկամուտը 2009թ.-ին ավելացել է 87 038 դրամով՝ 2 մլն 407 հազար դրամից դառնալով 2 494 096 դրամ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եկամուտը 2009 թ.-ին նվազել է 16 105 դրամով՝ 2 747 794 դրամից դառնալով 2 731 689 դրամ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եկամուտը 2009թ.-ին ավելացել է 26.333 դրամով՝ 2 268 000 դրամից դառնալով 2 294 333 դրամ:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի եկամուտը 2009թ.-ին նվազել է 504 000 դրամով՝ 2 882 000 դրամից դառնալով 2 378 000 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել