Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

Սեպտեմբեր 09,2010 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\"ՀՀ Անկախության Հռչակագրի 20-ամյա տարելիցից 3 օր առաջ Երեւանում ստորագրվեց թիվ 5 Արձանագրությունը, որով Հայաստանում ռուսական ռազմական հենակետերի տեղակայման ժամկետը երկարաձգվում է գրեթե կես դար: Դրանով իսկ Հայաստանում «դե յուրե» արձանագրվեց անկախ պետականության ինքնալուծարման գործընթացը կամ գուցե դրա ավարտը, քանի որ սկիզբը դրվել էլ ավելի վաղ՝ 1995թ. մարտի 16-ին՝ «ՀՀ տարածքում ռուսական ռազմական հենակետերի մասին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանագրի» ստորագրմամբ: Արձանագրությունը ստորագրելով օգոստոսի 20-ին՝ ռուսական կողմը դրանով իսկ անիմաստ եւ ավելորդ դարձրեց Հռչակագրի տարելիցին նվիրված միջոցառումները, թեպետ կառավարող կոալիցիան Ս. Սարգսյանի գլխավորությամբ չէր էլ պատրաստվում պետականորեն նշել Անկախության Հռչակագրի 20-ամյա տարելիցը:
Սերժ Սարգսյանը հավանաբար այլընտրանք չուներ. նա թերեւս գիտակցում էր, որ քայքայվող հայկական պետականության պայմաններում պետք է փրկել հայկական տարածքները, ուր ՀՀ պետական խորհրդանիշների վերանայումն ընդամենը ժամանակի խնդիր է: Արձանագրության ստորագրմամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաջողությամբ կատարեց իր խնդիրը՝ Հայաստանը կցելով Ռուսաստանին: Դրանով իսկ դեպի Արեւմուտք Հայաստանի ճանապարհը գոցվեց 50 տարով: Հայաստանը վերադարձավ այնտեղ, ուր գտնվում էր 200 տարի առաջ: Դա Հայաստանի մեծ դարձն է ի շրջանս յուր:

1.
Նույն գետը երկրորդ
անգամ՝ ափ չհասնելու հեռանկարով

Հայաստանյան նորօրյա դիվանագիտությանը թերեւս կարելի է շնորհավորել. ՀՀ արտաքին գերատեսչության կառավարման երկու տարվա ընթացքում Էդվարդ Նալբանդյանին հաջողվեց դառնալ վերջին երկու տասնամյակի ամենափակ արտգործնախարարը: Նրա դիվանագիտական գործունեության պահոցում անվերջ ավելանում են գաղտնի բանակցությունների արդյունքում անսպասելիորեն լույս աշխարհ եկած միջպետական փաստաթղթերը: Այս գործընթացը կարելի էր մասամբ արդարացված համարել, եթե ստորագրված փաստաթղթերն այդքան տագնապահարույց չլինեին: Եվ արտգործնախարարի մեկնաբանություն-արդարացումը, թե՝ «դիվանագիտությունը նման է սառցալեռան, այն մասը, որ երեւում է, շատ փոքր մասն է, մեծ մասն անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել», ենթադրել է տալիս, որ դա կամ գործելակերպ է, կամ պաշտոնական Երեւանը վարում է այլ պետությունների կողմից ուղղորդվող արտաքին քաղաքականություն, մանավանդ որ ստացված արդյունքներն առնվազն տարակուսելի են: Մանիպուլյացիայի արեւմտյան տեսությունները Հայաստանում մրցունակ չգտնվեցին խորհրդային ՊԱԿ-ի տեխնոլոգիաների հանդեպ. ռուսական ազդեցության մեծաթիվ հայ գործակալները անկախ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական եւ պետական կառավարման դաշտը տարիներ շարունակ տքնաջան հերկում էին՝ ցանելու ռուսական գործոնի սերմերը, որոնք առատ բերք տվեցին անցումային ժողովրդավարությունը չհաղթահարած, ավտորիտար եւ կոռումպացված Հայաստանում:
 Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Հայաստանում ռուսական գործոնը միշտ էլ առկա է եղել. անգամ ղարաբաղյան Շարժման եւ ետխորհրդային առաջին տարիներին, երբ Հայաստանում ժողովրդավարության ձգտումներն իրենց վրա էին բեւեռել Արեւմուտքի ողջ ուշադրությունը, Հայաստանն այդ լիցքերը մեծապես ստանում էր Ռուսաստանի ժողովրդավարական ուժերից՝ սերտորեն համագործակցելով նրանց հետ: Միաժամանակ, եթե ելցինյան Ռուսաստանի հետ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը տեւական ժամանակ վարում էր իրավահավասար գործընկերային քաղաքականություն, ապա հետագայում հայ-ռուսական հարաբերությունների բնույթը կտրուկ փոխվեց՝ ձեռք բերելով սատելիտային բնույթ: Երեւանն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ կախվածություն ձեռք բերեց Մոսկվայից:
Թեպետ Երեւանի ռուսակենտրոն քաղաքականությանը Հայաստանում միշտ ուղեկցել են հակառուսական տրամադրությունների շեփորները, սակայն դրանց ձայնը ժամանակ առ ժամանակ խլացնում էին Ռուսաստանի վերադարձի՝ հայ մտավորականության եւ իշխանության ցնծագին աղաղակները: Հայկական ինքնության արժեւորման, ազգային արժանապատվության վերագտնման դժվարին ուղին Հայաստանում այդպես էլ չհատվեց ազգային անկախ պետականության վերականգնման ճանապարհի հետ, որը նման էր հայաստանյան այն ճանապարհներին, որոնք քանդվում էին եւ անանցելի դառնում հյուսիսային քաղաքական քամիների, տեղատարափ անձրեւների եւ առատ ձյան հետեւանքով:
 Հայաստան վերադարձի՝ Մոսկվայի ձգտումները թեպետ երբեւէ չէին մարել, սակայն դրանք վերստին ի հայտ եկան Ռուսաստանում ժողովրդավարական ուժերի պարտությունից կամ ինքնավարկաբեկումից հետո: Նույնօրինակ գործընթացները հատուկ էին նաեւ Հայաստանին, ուր ժողովրդավարական ուժերը եւս վարկաբեկվել էին: Հայաստանը, որն արեւմտյան ժողովրդավարությանն առնչվում էր միջնորդավորված՝ Ռուսաստանի միջոցով, սկսեց քաղաքական տեղապտույտ ապրել: Ղարաբաղյան Շարժման ղեկավարությունը, եթե սկզբում ձգտում էր ձերբազատվել Մոսկվայի քաղաքական, տնտեսական, ռազմական, լեզվամշակութային կապանքներից, ապա հետագայում, ստանձնելով քաղաքական իշխանությունը, սկսեց վերստին կռել նույն շղթաները Հայաստանի համար: Այս արատավոր գործընթացի պատճառները թեպետ տարբեր են, սակայն հետեւանքը նույնն է. Հայաստանը նույն գետը մտավ երկրորդ անգամ՝ փրկություն գտնելու ձգտմամբ, սակայն ափ չհասնելու հստակ հեռանկարով:
Անկախ Հայաստանում ռուսական գործոնի վերականգնման պատճառները եւ ներքին, եւ արտաքին գործոնների հետեւանք են: Այդ գործոնները սաղմնավորվել-ձեւավորվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում եւ միսուարյուն ստացել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք: Եվ այժմ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են թե՛ նրանք, թե՛ նրանց սատարող կուսակցությունները: Այդ գործոններն են՝
* Հայաստանում ժողովրդավարական գործընթացների այլասերումը, ժողովրդավարական հաստատությունների խեղումը,
* կոռուպցիայի եւ կաշառակերության բարձր ռիսկային մակարդակը,
* այդ գործընթացների հանդեպ Արեւմուտքի հայեցողական կեցվածքը,
* ռուսական տնտեսական ներկայությունը, որի սկիզբը դրվեց «Գույք պարտքի դիմաց» աղմկահարույց գործարքով,
* Հայաստանից Ռուսաստան արտագաղթի ծավալների աճը, ինչը կամուրջ հանդիսացավ Հայաստան՝ Մոսկվայի լայնածավալ վերադարձի համար,
* արեւմտյան ժողովրդավարական արժեքները ազգային արժեքներին եւ նպատակներին հակադրելու տեւական քարոզչությունը,
* հայ ազգային կուսակցությունների եւ հոսանքների՝ ռուսական կողմնորոշումը,
* ռուսական ազդեցության գործակալների ցանցի առկայությունը եւ ՀՀ պետական կառավարման համակարգում նրանց ներգրավումը,
* ՀՀ պաշտպանության եւ անվտանգության մարմինների՝ ժամանակ առ ժամանակ Մոսկվայից ուղղորդվող գործունեությունը,
* Հայաստանում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության երկրների՝ ՀՀ իշխանություններին մշտապես սատարելու արատավոր քաղաքականությունը,
* Հայաստանում արեւմտամետ քաղաքական ուժի բացակայությունը,
* ՀՀ որոշ կուսակցությունների եւ դրանց ղեկավարների գործունեության՝ ռուսական աղբյուրներից իրականացվող ֆինանսավորումը,
* ղարաբաղյան պատերազմը եւ հիմնախնդիրը,
* հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ձեւավորման տարաբնույթ փորձերի ձախողումը,
* Անկարայի եւ Բաքվի ռազմաքաղաքական շահերի համադրումը եւ պատերազմի սպառնալիքները:
Այսչափ բարդ խնդիրների եւ իրողությունների գոյությունը եւ դրանց հաղթահարման՝ Հայաստանի հասարակության անկարողությունը եւ քաղաքական իշխանությունների կարճատեսությունը պարարտ հող ստեղծեցին, որ Ռուսաստանը վերստին ստանձնի «ավագ եղբոր» ռազմավարական դերակատարումը՝ զրկելով Երեւանին ոչ միայն սեփական աշխարհաքաղաքական խաղաթղթերից, այլեւ փակուղու առջեւ կանգնեցնելով մեր երկիրը:

2.
Խաղաղություն՝
անկախություն դիմաց

Հայաստանում պատերազմի եւ խաղաղության հարցադրումն առաջացել է օրինաչափորեն՝ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով՝ իր գոյության իրավունքը պահպանելով նաեւ պատերազմից հետո, երբ արհեստականորեն առաջացավ ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչը հնարավոր դարձրեց Հայաստանում տարաբեւեռ աշխարհաքաղաքական վեկտորների խաչաձեւումը: ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Անկարան, չձերբազատվելով «հավերժական թշնամու» իր վարքագծից, Հայաստանի շրջափակման անհեռատես քայլով Հայաստանին աստիճանաբար մղում էր դեպի Մոսկվա, եւ Վաշինգտոնը չէր կարողանում սաստել Անկարային: Պատերազմի եւ շրջափակման հետեւանքով Հայաստանն ու Ղարաբաղը կանգնել էին ենթակառուցվածքների եւ տնտեսության փլուզման առջեւ: Պաշտոնական Երեւանին ձեռք բերված խաղաղությունը փխրուն էր թվում:
Արտաքին քաղաքական այս իրողություններին գումարվեցին ներհայաստանյան արատավոր գործընթացները, եւ Երեւանը Տեր-Պետրոսյանի նախագահությամբ ինքն իրեն զրկեց միջազգային հարաբերություններում ճկուն լինելու հնարավորությունից՝ 1995-ի մարտի 16-ին կնքելով «ՀՀ տարածքում ռուսական ռազմական հենակետերի մասին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջպետական պայմանագիրը», որով ՌԴ ռազմական միավորումները Հայաստանում ձեռք բերեցին ռազմական հենակետերի վերածվելու իրավունք, իսկ ՀՀ հարավային սահմանների վերահսկողությունը հանձնվեց ռուսական կողմին, որի գործառույթների մեջ ներառվեց թե ՌԴ հետաքրքրությունների պաշտպանությունը, թե նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով Հայաստանի անվտանգության ապահովումը 25 տարով:
Այդ պայմանագիրը Հայաստանի քաղաքական ընտրությունն էր, որը վերահաստատվեց 15 տարի անց: Հայաստանը հեռանում էր Արեւմուտքից՝ նահանջելով արեւմտյան արժեքային համակարգից: Հայ-ռուսական պայմանագիրը չփրկեց Տեր-Պետրոսյանի եւ նրա քաղաքական կուրսը պաշտպանող ՀՀՇ-ի իշխանության նավը ընկղմվելուց:
 2010 թ. օգոստոսի 20-ին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի՝ Երեւան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված երկկողմ թիվ 5 Արձանագրությամբ փոփոխություն մտցվեց 1995-ի պայմանագրում՝ Հայաստանի տարածքում ՌԴ ռազմահենակետերի տեղակայման ժամկետը երկարաձգվեց 49 տարով: Հայաստանն աստիճանաբար Ռուսաստանին էր հանձնում իր անկախ պետականության թանկ արժեթղթերը: Պատերազմի վերսկսման հանդեպ Երեւանի չափազանցված վախի համար Հայաստանի Հանրապետությունը վճարում է իր անկախությամբ: Իր ներքին կյանքը բարեփոխելու, արատավոր բարքերից հրաժարվելու, արդարություն եւ օրինականություն հաստատելու, ողջամիտ արտաքին քաղաքականություն իրականացնելու փոխարեն Երեւանը սկսում է անկախ պետականության լուծարման գործընթացը: Կամ գուցե արձանագրո՞ւմ ահասարսուռ իրողությունը՝ հայկական պետականության քայքայումը՝ փրկված հայկական տարածքների կառավարումը հանձնելով Ռուսաստանին:

3.
Հեռացող Արեւմուտքը

Հայաստանում Արեւմուտքի նահանջը սկսվել էր ավելի վաղ, քան գիտակցում էր նույն Արեւմուտքն ինքը: Ամերիկյան քաղաքական օգտապաշտությունը Հայաստանում մաշվում-փոշիանում էր այնպես, ինչպես ԱՄՆ դրամաշնորհներն ու վարկերն էին մսխվում-փոշիանում: Վաշինգտոնում թեպետ միամիտներ չկային, սակայն դյուրահավատ ձեւացողների թիվը փոքր չէր, որոնք կարծում էին, որ ամերիկյան տարաբնույթ օգնության ծավալները կարող են օգնել նորանկախ Հայաստանին ընթանալու արեւմտյան ազատականության եւ ժողովրդավարության ճանապարհով եւ միաժամանակ նպաստել ամերիկյան գործոնի ձեւավորմանը: Հարավային Կովկասում առաջինը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնած ԱՄՆ 1991-2001թթ. ընթացքում Հայաստանին է տրամադրել 1,4 մլրդ դոլարի մարդասիրական եւ տեխնիկական օժանդակություն: Միայն 2001թ. ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է 11 միլիոն դոլար՝ ժողովրդավարության եւ կառավարման ծրագրերին, որոնք կարեւորում են որոշումներ ընդունելու գործընթացին քաղաքացիների մասնակցության աստիճանի, խորհրդարանի մասնագիտական հմտությունների բարձրացման, անկախ դատական համակարգի, կայացման, կոռուպցիայի կրճատման, քաղաքական եւ տնտեսական մրցակցությանը, անկախ մամուլի զարգացմանը: Այս բոլոր նպատակները Հայաստանում ցավալիորեն ձախողվում էին, սակայն Միացյալ Նահանգները կամ կույր էր ու խուլ, կամ ձեւանում էր այդպիսին, կամ պարզապես երեսպաշտ էր: Վաշինգտոնը եւ Եվրոպան Հայաստանում փառահեղորեն ձախողվում էին, նրանց հետ միասին Հայաստանում ձախողվում էր ժողովրդավարությունը, առաջադիմությունը, զարգացումը: Արեւմուտքի աշխարհաքաղաքական ձախողումների հաշվեմատյանն ամբողջացավ ղարաբաղյան հիմնախնդիրը ինքնորոշման սկզբունքով կարգավորելու անընդունակության, Հայաստանի ապաշրջափակման անկարողության, հայ-թուրքական հարաբերությունների չգոյության, անգամ ԱՄՆ նախագահների կողմից Ցեղասպանություն բառը չարտաբերելու փոքրոգության, ժողովրդավարական ազատություններին հետեւողական չսատարելու, կոռուպցիայի կրճատման անկարողության, այդ ամենի համար նախատեսված հսկայական ֆինանսական միջոցները քամուն տալու հետեւանքով: Թեպետ այդ խնդիրների հաղթահարումը Հայաստանի հասարակության խնդիրն է, սակայն այդ արժեքները ծնունդ են առել Արեւմուտքում, եւ դրանց պաշտպանությունը նաեւ նրա խնդիրն է:
Ռուսաստանի վերադարձը Հայաստան հնարավոր դարձավ, երբ դավաճանված Հայաստանում անլսելի են դառնում հեռացող Արեւմուտքի ոտնաձայները: Սակայն լայն բացեք ՀՀ-ում արեւմտյան դիվանագիտական հաստատությունների դարպասները. գուցե Արեւմուտքին եւ՞ս դավաճանել են եւ դավաճանել են հենց այդ դարպասներից նե՞րս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել