Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Դրա համար էլ ուսանողներից շատերը նախընտրում են բնակարան վարձել

Ուսումնական տարվա մեկնարկին պես՝ Երեւանում սովորող մարզաբնակ ուսանողների հիմնական մտահոգությունը դառնում է համեմատաբար ցածր վարձավճարով բնակարան գտնելը: Իսկ շուկայում, ուսանողական պահանջարկի առատությամբ պայմանավորված, թանկանում են բնակարանների վարձավճարները: Այս խնդիրը պետք է լուծեին ուսանողական հանրակացարանները, որոնց Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել: Եղածներն էլ ոչ լիովին են գոհացնում ուսանողներին: Նոր Նորքի հանրակացարանները վաղուց չեն գործում, իսկ Զեյթունի հանրակացարանային մասնաշենքերը 2002-2003-ին «մեջ-մեջ» են արվել. 8 մասնաշենքից երկուսն այժմ պատկանում է ԵՊԲՀ-ին, մեկը՝ «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամին, երկուական մասնաշենք «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամին ու Եվրոպական ակադեմիային, իսկ մեկը հատկացվել է որպես բնակֆոնդ: «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամը միակ հանրակացարանն է, որտեղ բնակվում են տարբեր բուհերի ուսանողներ: Այս տարի նրանց դժգոհությունն է հարուցել այն, որ բնակության համար տարեկան վճարվող վարձը թանկացել է միանգամից 24 հազար դրամով՝ 60-ից հասնելով 84 հազարի: Հանրակացարանում արդեն մեկ տարի բնակվող Արմինեն ասաց. «Եթե այսպես շարունակվի. ես կհեռանամ: Այսպես թե այնպես՝ կենցաղային պայմաններն այստեղ գոհացուցիչ չէին, շենքը վերանորոգված չէ, մեզ պահում էր միայն ցածր վարձավճարը: Բայց քանի որ այն գնալով աճում է, հետեւաբար այստեղ մնալն անիմաստ է դառնում»: Ուսանողուհի Արմինեն էլ, որ այս տարի նոր է եկել հանրակացարան, «Առավոտին» ասաց. «Մի քիչ դժվար է բնակության համար վարձ վճարելը, հայրիկս Ռուսաստանում է, եղբայրներս չեն աշխատում…»:
«Առավոտի» հետ զրույցում «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մխիթարյանը թանկացումների մասին ասաց. «Պատճառն այն է, որ գազը, ջուրը, հոսանքը թանկացել են: Մեկ ուսանողի համար տարեկան ծախսում ենք 137 հազար դրամ, որից 53 հազարը վճարում է պետությունը, 84 հազարը՝ ուսանողը»: Չնայած վարձավճարի թանկացումը պարոն Մխիթարյանը պայմանավորում է հոսանքի, գազի եւ ջրի թանկացումով, սակայն հանրակացարանի միջանցքում փակցված հայտարարությունից պարզ դարձավ, որ 84 հազար դրամ բնակության վարձից բացի, հոսանքի ամսական վարձը ուսանողներն են վճարում՝ ըստ սենյակների: Իսկ նրանք հիմնականում հոսանքից օգտվում են հենց սենյակից, քանի որ, ըստ նրանց՝ խոհանոցում տեղադրված էլեկտրական սալիկները համարյա միշտ չեն աշխատում: Նրանց խոսքով՝ հոսանքն էլ հիմնականում շատ է «գրում»: Այս հանրակացարանում ուսանողները մեկ սենյակում բնակվում են 2-3 հոգով, սանհանգույցները գտնվում են սենյակից հեռու՝ ոչ բարվոք վիճակում: Նման պայմանների պատճառով էլ շատ ուսանողներ գերադասում են ապրել վարձու բնակարաններում: Սակայն Վ. Մխիթարյանը կարծում է. «Ուսանողներից շատերը չեն ցանկանում բնակվել հանրակացարանում, քանի որ չեն ուզում ենթարկվել կարգուկանոնին: Այստեղ ամեն ինչ տեսախցիկով հսկվում է, աշխատում է պահակային ծառայություն, ժամը 21-ից հետո կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է, ժամը 23-24-ից մասնաշենքի դարպասները փակվում են»: Իսկ վերանորոգման մասին թերեւս ուսանողները չերազեն, քանի որ, ըստ նախահաշվարկի՝ դրա համար շուրջ 400 միլիոն դրամ է պահանջվում:
«Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի կողքին գտնվում են Բժշկական համալսարանի երկու վերանորոգված հանրակացարանային մասնաշենքերը: Այստեղ բնակվելու ցանկություն հայտնած հայ ուսանողներից ոմանք դժգոհում են, թե հանրակացարանի ղեկավարությունը շահագրգիռ է, որ այդտեղ բնակվեն արտասահմանցիները, քանի որ նրանք ավելի շատ են վճարում: Այս մասին պարզաբանում ստացանք Երեւանի բժշկական համալսարանի թիվ 1 հանրակացարանի կառավարիչ Կարեն Գալստյանից. «Հնդիկ, վրացի, թե հայ` ուսանողները բոլորն էլ վճարում են ամսական 20000 դրամ, եթե մեկ սենյակում բնակվում են երեք հոգով: Մենակ ապրել ցանկացողները պետք է վճարեն 60 000 դրամ»:
Նկատենք, որ Բժշկականի հանրակացարանում բնակվող ուսանողների մեծամասնությունն իրոք արտասահմանցի է, իսկ ամսական վարձավճարն էլ գրեթե չի տարբերվում վարձու բնակարանների շուկայական գներից: Թանկացումներին համապատասխան՝ չեն բարձրացել գոնե ուսանողական թոշակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել