Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռո՛ւ դրսի «վիրուսներից»

Սեպտեմբեր 09,2010 00:00

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման բողոքի հերթական ակցիան

«Որպեսզի մարդուն սպանես, պետք է միջուկային զենք օգտագործես, եթե ուզում ես ազգը վերանա, բավական է՝ լեզվական զենքը պայթի: Մեզ մոտ այժմ փորձ է արվում ներդնել, տեղադրել եւ ապա պայթեցնել լեզվական զենք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ նման մեկնաբանությամբ հանդես եկավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնած պիկետի մասնակից, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը: Պիկետը, որն անցկացվում էր Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի մուտքի դիմաց, պայմանավորված էր այն հանգամանքով, որ երեկ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովը պատրաստվում էր քննարկել սեպտեմբերի 14-16-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագծում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդգրկման հարցը: Հիշեցնենք, որ այդ օրինագծի ընդունումը թույլ է տալիս Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Պիկետի մասնակիցները պահանջում էին շրջանառությունից հանել փոփոխությունների այդ փաթեթը: ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մինչ խորհրդարան մտնելը հավաքվածներին հույս էր հայտնում, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ, հավանաբար, չեն լինի, որովհետեւ ԱԺ-ում նույնիսկ հանրապետական պատգամավորներն են դրան դեմ: Պարոն Մարտիրոսյանը դեմ է օտարալեզու կրթությանը, եթե այն ներդրվելու է կրտսեր եւ միջին դպրոցում, իսկ ավագ դպրոցի դեպքում՝ վտանգ չի տեսնում:
Ինչ վերաբերում է ԿԳ նախարար Ա. Աշոտյանի արած վերջին հայտարարությանը, թե ինքն այս հարցի առնչությամբ այլեւս չի մեկնաբանելու «շահարկումները», թե օտարալեզու կրթությունը հայոց լեզվի հաշվին է, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արամ Ապատյանն ասաց. «Երբ ինչ-որ փաստի մասին ասում են, որ դա շահարկում է եւ չեն անդրադառնում փաստարկի ճիշտ կամ սխալ լինելուն, նշանակում է՝ այդ մարդը չունի որեւէ բնական հերքում փաստին: Այս պահին աշխարհում կա 6000-7000 լեզու, բանիմաց լեզվաբանների կողմից կատարված հաշվարկների համաձայն, այս դարի վերջում կմնա 300-600-ը: Այս փաստի վրա աչք փակել եւ ասել՝ միեւնույն է, իմ արածը անելու եմ՝ չի կարելի»: Ռ. Թարումյանը կտրականապես դեմ է օտարալեզու կրթությանը, կարծում է, որ այդ գործում դրսի ուժերի, մասնավորապես՝ Ռուսաստանի «մատն է խառը». «Այլալեզու կրթությունը մե՛զ չի պետք, այլ նրանց, ովքեր ուզում են այստեղ իրենց լեզուն «ներդնել»: Պատվերը մի քանի անգամ հնչեցվել է ռուս դեսպանների «բերանով», մերոնց էլ մնում է կատարել»: ԿԳ նախարարի հայտարարությունը տառաստեղծն այսպես մեկնաբանեց. «Աշոտյանն այլեւս ի զորու չէ ընդդիմանալ այս շարժմանը, նա Մոսկվային պատասխան տալ չի կարող, Մոսկվային պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը»: Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու. «Լինելու ենք ագրեսիվ ու չենք գնալու ոչ մի զիջման»: ԿԳ նախարարի «շահարկումները» չմեկնաբանելու մասին էլ ասաց. «Իբր միշտ տրամաբանական պատասխաններ է տվել, ջախջախել, հիմա էլ հոգնել է, այն ժամանակ էլ ասելիք չուներ, հիմա էլ չունի, պարզապես զգաց, որ ավելի լավ է լռել, դա իր օգտին կարող է լինել»: Անդրադառնալով Վրաստանի՝ անգլերենը որպես երկրորդ լեզու դարձնելուն եւ դրա հետ կապված Աշոտյանի զգացած «դեժավյուին», Թարումյանն ասաց. «Ռուսներն այնտեղ ուզում են անել նույնը, ինչ որ այստեղ, քանի որ Սահակաշվիլին լիովին արեւմտամետ է, 2-րդ լեզու հայտարարում է անգլերենը: Հայաստանում ուզում են երկրորդ լեզու հայտարարել ռուսերենը, «դեժավյուն» ընդամենն այդ մակարդակով է: Ե՛վ հայերի, ե՛ւ վրացիների համար դա աբսուրդ է: Վրացական պետությունն արդեն կորցրել է իր հեռատեսությունը, եւ դրա համար լեզվական բնագավառում ոչ մի լուրջ ընդդիմություն չկա: Ցանկացած ազգ ունի պաշտպանական իմունիտետ, եթե իմունիտետը թուլանում է, դրսի վիրուսներով վարակվում-վերանում է»:

Հ. Գ. Երեկ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովը 15 օրով հետաձգեց ԱԺ-ի առաջիկա նիստերի օրակարգում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդգրկման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել