Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՔԱՂԱՔԻՑ ՉԵՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ, ՍՏԵՐ ՄԻ ՏԱՐԱԾԵՔ»

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Հորդորում է դատավոր Կարեն Ստեփանյանը

Շենգավիթ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանը դեռ արձակուրդում է, սակայն նրա մասին լուրերը բազմաթիվ են, մասնավորապես, թե նա «ինքնասպանության փորձ» է կատարել դատարանի նախագահի աշխատասենյակում՝ կտրելով իր երակը:
Երեկ դատավոր Կարեն Ստեփանյանը պատասխանեց «Առավոտի» մի շարք հարցերին:
– Պարոն Ստեփանյան, ցույց կտա՞ք Ձեր թեւը:
– Խնդրեմ,- դատավորը պարզում է իր ձախ թեւը, որը վիրակապված է:
– Բժշկի դիմե՞լ եք;
– Ոչ, որովհետեւ դրա կարիքը չկար:
– Ինչպե՞ս եք ստացել վնասվածքը:
– Սեպտեմբերի 24-ին, ուրբաթ օրը գնացի դատարան: Իմ աշխատասենյակում թղթերը դասավորելիս՝ ծաղկամանն ընկավ թեւիս: Ես չեմ էլ նկատել պատռվածքը: Հետո եմ նկատել, դուրս եմ եկել կենտրոնական մուտքով: Թե այդ պահին ո՞վ է տեսել, ինչ ենթադրություն արել՝ տեղյակ չեմ:
– Մենա՞կ էիք սենյակում:
– Այո: Մինչ այդ իմ մոտ էր դատարանի աշխատակազմի ղեկավարը:
– Իսկ ո՞ր ժամն էր եւ ինչո՞ւ էիք գնացել դատարան:
– Առավոտյան ժ.10-ի սահմաններում էր: Շատ պատահական գնացի: Հետաքրքիրն այն է, որ թերթերից մեկը համառորեն գրում է, որ սեպտեմբերի 25-ին եմ գնացել դատարան: Ընդհանրապես ես այդ օրը դատարանում չեմ եղել: Նաեւ երկուշաբթի եմ գնացել դատարան: Ճանապարհին զանգում էին, հարցնում՝ ինչպես ես: Պատասխանում էի՝ լավ եմ, ոչինչ չմտածելով: Մի թղթակից է զանգել ինձ, զրուցել ենք հեռախոսով, նրա բոլոր հարցերին պատասխանել եմ: Հետո զանգեց ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Նա ասաց, որ ուզում է տեսնել ինձ, ես ասացի՝ դատարանում եմ, որպեսզի չիջնեմ, բարձրացի պատշգամբ: Նա էլ հասկացել էր, թե ես ասում եմ՝ պատշգամբից կնկարես…
Ես քաղաքից չեմ բացակայել: Արձակուրդից հետո մեկ շաբաթ չէի եղել դատարանում, որոշեցի գնալ:
– Խոսակցություններ կան, որ Դուք քրեական գործի հետ կապված խնդիրներ եք ունեցել դատարանի նախագահ Ս. Կոստանյանի հետ:
– Նախ տեղեկացնեմ, որ ես 1991թ-ից քրեական գործ չեմ լսել: Ինձ վրդովեցնում է, որ կարող են գրել այսպիսի ստեր, որ, իբր թե իմ նկատմամբ ազգային անվտանգության մարմինները նյութեր են նախապատրաստում՝ չգիտեմ ինչ քրեական գործի հետ կապված:
Ես գիտեմ պետությունն ինչ է, գիտեմ, թե որ ծառայություններն ինչի համար են, իսկ ակնհայտ սուտը վրդովեցնում է: Ինչ վերաբերում է դատարանի նախագահ Ս. Կոստանյանի հետ ունեցած հարաբերություններին, տեղեկացնեմ, որ պարոն Կոստանյանին ճանաչում եմ շատ վաղուց: Իսկ 1997-ին աշխատել ենք միասին նաեւ Մաշտոցի դատարանում: Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են:
– Իսկ ինչպե՞ս են բաշխվում Ձեր մոտ գործերը:
– Հրամանով սպասարկում եմ որոշակի տարածքի: Աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր մինչ օրս չեմ ունեցել, կարգապահական վարույթ իմ նկատմամբ երբեւիցե չի հարուցվել:
– Պարոն Կոստանյանին ե՞րբ եք ասել Ձեր վնասվածք ստանալու մասին:
– Ես նախահագին որեւէ բան չեմ ասել: Նույնիսկ չգիտեմ էլ, նա այդ օրը շենքո՞ւմ է եղել, թե՞ ոչ: Այդ պահին ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել:
– Պարոն Ստեփանյան, դատավորը պաշտպանված է պետության կողմից: Երբ դատավորը վնասվածք է ստանում դատարանի շենքում, դա նշանակում է, որ Ձեզնով հետաքրքրվելու են: Իրավապահ մարմինները հետաքրքրվե՞լ են, եղե՞լ են «դեպքի վայրում»:
– Որեւէ տեղ չեմ հրավիրվել, չեմ պատկերացնում, թե այս ամենն ում է պետք: Ինչ «դեպքի վայր», ինչեր եք ասում: Ընդամենը վնասվել եմ:
– Դուք Վճռաբեկ դատարան էլ եք գնացել, ինչո՞ւ:
-Հանդիպել եմ Վճռաբեկ դատարանի նախագահի հետ, ասել, թե ինչ է իրականում եղել:
Ես որեւէ մեկի հետ վեճ չունեմ: Նորից եմ կրկնում, մի շահարկեք կատարվածը:
Ինձ մի կապեք քրեական որեւէ գործի հետ::

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել