Լրահոս
Օրվա լրահոսը

2012-ին շատ օլիգարխներ կհայտնվեն բանտում

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Ենթադրում է Աշոտ Մանուչարյանը

«Հարավային Կովկասում եւ Հայաստանում Ռուսաստանի անվերապահ ազդեցության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ ազդեցությունը միայն արտաքին երեւույթ է»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց Աշոտ Մանուչարյանը, ով Հայաստանում անվտանգության գծով նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել եւ ռուսամետ գործիչ է: Նրա կարծիքով՝ քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում ռուսները, որ հիմնականում պրագմատիկ քաղաքականություն են վարում, պարտվում են Միացյալ Նահանգներին: Վերջինիս Մանուչարյանն անվանում է «նուրբ պետություն», որն աշխարհում տիրապետում է ամենաբարձր քաղաքական տեխնոլոգիաներին: Ու քանի որ «Ռուսաստանը դմբո է այդ հարցերում»՝ ինչ անում է, իր դեմ է դուրս գալիս. «2008 թվականի մարտի 1-ի բախումից դիվիդենդներ քաղեց միմիայն Արեւմուտքը, մինչդեռ մարտի 1-ի արտաքին քաղաքական պատասխանատուն Ռուսաստանն է»: Բանախոսն օրինակ է բերում նաեւ ՀՀ-ի 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, նշելով, թե Ռուսաստանը համոզված էր, որ 100 տոկոսով ռուսական խորհրդարան էր ձեւավորում, բայց իրականում խորհրդարանն ամբողջությամբ արեւմտամետ է, եւ չկա որեւէ մի պատգամավոր, որն, ասենք, այն դեպքում, երբ նախագահի աշխատակազմը հարց բերի՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, ոտքի կանգնի եւ դեմ արտահայտվի, ասելով, որ դա դեմ է մեր եւ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի շահին:

Իսկ «Լեզվի մասին» օրենքի նախաձեռնությամբ էլ Ռուսաստանը մի հերթական ապտակ ստացավ Հայաստանի հասարակությունից, որին առանց այդ էլ անընդհատ կորցնում էր. «Այսօր չկա 30 տարեկանից ցածր մի երիտասարդ հայաստանցի, որը համակրի Ռուսաստանին: Կամ ատում են, կամ լավագույն դեպքում անտարբեր են: Այդ ամենը Ռուսաստանի անգրագետ քաղաքականության հետեւանքն է»: Դառնալով Հայաստանին եւ այստեղ ԱՄՆ-ի ազդեցությանը՝ նա նկատում է, որ այդ ազդեցությունը բավական նուրբ է առաջ մղում՝ «հեղափոխական տրանսֆորմացիայի» միջոցով, որի գաղափարախոսը նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն է, ով այժմ էլ ոչ պակաս ազդեցություն ունի: Ըստ այդմ, ԱՄՆ-ը Հայաստանում չի գնում անմիջական դիմակայության ճանապարհով, այլ աստիճանաբար հայտնաբերում են Հայաստանում փոփոխությունների համակիր արժեքավոր անձանց եւ նրանց հետ միասին աշխատում երկրի «հեղափոխական տրանսֆորմացիայի» համար: Ու քանի որ ԱՄՆ-ն էլ դա անում է իր շահը հետապնդելով՝ Մանուչարյանն ասում է, որ պետք է ընտրենք՝ ապրել որեւէ մեկի պատրաստած գեղեցիկ վանդակո՞ւմ, թե՞ ինքներս տնօրինենք մեր ճակատագիրը: Ինքը՝ Մանուչարյանը, սեփական ճակատագրի տնօրինումը համարում է միանգամայն հնարավոր չաղտոտված մտավորականության եւ ակտիվ երիտասարդների շնորհիվ:

Լրագրողների՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանխատեսումներ անելու հարցերի առիթով էլ ասաց, թե Հայաստանն այժմ գտնվում է արտաքին ազդեցության տակ, եւ անհայտ է, թե այդ ազդեցությունների տրանսֆորմացիան ինչ արդյունքի կբերի 2012 թվականին: Աշոտ Մանուչարյանը առավել հավանական է համարում, որ Արեւմուտքը կձեւավորի իր ուզած խորհրդարանը, ընդ որում՝ առանց օլիգարխների կամ հնարավորինս քիչ օլիգարխներով: Նրա խոսքով, թեեւ օլիգարխը արեւմտյան ազդեցության գործիք է, այդուհանդերձ, դա անկայուն գործիք է, եւ պատահական չէ, որ այժմ անգամ իշխանությունն է խոսում ՀՀԿ-ի երիտասարդացման անհրաժեշտության մասին. «Երբ օլիգարխը խնդիր է ունենում պետության հետ, ուզում է ոտք մեկնել պետության հետ, ապա հայտնվում է շատ ծանր վիճակում: Հայաստանցի օլիգարխներից շատերն էլ հույս ունեն, որ 2012-ին տեղ կունենան խորհրդարանում, իրականում կարող են բանտում հայտնվել»: Նա հիշեցնում է ռուսաստանցի օլիգարխներ Բերեզովսկու եւ Խոդորկովսկու օրինակը, ովքեր ժամանակին տնօրինում էին Ռուսաստանը, այժմ մեկը փախուստի մեջ է, մյուսը՝ բանտում: Այդուհանդերձ, Մանուչարյանի կարծիքով, առաջին տեղում կլինի ՀՀԿ-ն, երկրորդը՝ Արեւմուտքի հաղթանակի համատեքստում, «Օրինաց երկիրը», որի ցուցակը կկազմվի «համապատասխան վայրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել