Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԿՊԱՏԵՐԱԶՄԵՆՔ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԵԶ ՀԱՐՄԱՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ»

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"ԼՂՀ պաշտպանության նախարարը խոստացավ, որ պարտադրված պատերազմի դեպքում ռազմական գործողությունները կիրականացվեն միայն ԼՂՀ սահմաններից դուրս:

Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցները երեկ առիթ ունեցան հանդիպելու նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Նա ներկայացրեց Ղարաբաղի բանակի ստեղծման պատմությունը՝ 88-ից սկսած: Նախարարի խոսքը հաղթած բանակի հրամանատարին բնորոշ զինվորականի խոսք էր: «Ես արգելել եմ իմ զինվորներին օգտագործել այդ արտահայտությունը՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Նրանք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, նրանք չպիտի մտածեն խաղաղության մասին, այլ պիտի ամեն վայրկյան պատրաստ լինեն պատերազմի վերսկսմանը եւ հակառակորդի ջախջախմանը»: Հետաքրքիր էր, որ եթե համաժողովի ընթացքում լրագրողների արտասանած զգացմունքային ելույթներում հնչում էր «թշնամի» բառը, ապա պաշտպանության նախարարի շուրթերից գրեթե կես ժամ տեւած ելույթի ընթացքում որեւէ անգամ այն չլսվեց. նա օգտագործում էր միայն «հակառակորդը»՝ պրոֆեսիոնալ զինվորականին բնորոշ ձեւակերպումը:
Նա մանրամասնորեն հիշեց եւ պատմեց Շուշիի, Լաչինի միջանցքի ազատագրման դրվագները, որոնց հաջորդեցին Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը…
94-ի մայիսի 12-ին կնքած եռակողմ՝ ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան զինադադարից հետո, ըստ նախարարի, կարծիքներ էին հնչում, թե՝ մենք արդեն հաղթել ենք, ժամանակն է լուծարելու բանակը եւ զբաղվելու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, կրթամշակութային եւ այլ հարցերով: Սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը. «Այսօր չորս անգամ ավելի շատ մարդ կա բանակում, մի քանի անգամ ավելի շատ զինամթերք, քան այն ժամանակ էր: Միշտ պետք է հիշել, որ հիմա ընդամենը զինադադար է, որը պետք է օգտագործել բանակցային գործընթացի համար: Իսկ բանակցային գործընթաց, կարելի է ասել, չի ընթանում, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ հետ բանակցելուց: Ու մենք միշտ պատրաստվում ենք պատերազմին, որովհետեւ նույն պահին, երբ Ադրբեջանը զգա, որ կարող է հաղթել, միանգամից պատերազմը կսկսվի, եւ չի նայի ոչ մի եվրոպական կամ միջազգային կառույցի: Մենք խաղաղությունը պահպանում ենք միայն ԼՂ բանակի շնորհիվ, բանակը ամեն օր հզորացնելու շնորհիվ: Լրատվամիջոցները շատ են գրում, որ Ադրբեջանը շատ զենք ու սպառազինություն է ձեռք բերում, վիճակը մտահոգիչ է, բայց ձեզ ուզում եմ վստահեցնել, որ մեր համալրումը չի զիջում Ադրբեջանի սպառազինմանը, ուղղակի մենք դրա մասին չենք բարձրաձայնում: Այդքան աղմուկ բարձրացավ Ադրբեջանի կողմից հակաօդային պաշտպանության C-300 հրթիռային համակարգ ձեռք բերելու մասին, բայց մենք դրանից ունենք ավելի շատ եւ ավելի վաղուց: Դա մեզ համար խնդիր չէ»,- նախարարի այս խոսքերին հետեւեց ոգեւորված լսարանի բուռն ծափահարությունը:
Խոսելով զինամթերքից՝ Մովսես Հակոբյանը հիշեց իր հրամանատարի՝ Մոնթե Մելքոնյանի խոսքերը, ով ասում էր, թե ինքնաթիռը վատ զինատեսակ է, քանի որ այն գրավելուց հետո հնարավոր չէ վերագործածել: Այնինչ, ինչպես ասաց նախարարը՝ «պատերազմի սկզբում մենք ունեինք ընդամենը հինգ տանկ եւ գնեցինք ութը, իսկ մնացածը ամբողջովին ռազմական ավարն էր: Շուշիի գրավումից հետո այնտեղի զինամթերքը հնարավորություն տվեց ազատագրել Լաչինը: Լաչինի գրավումից հետո ձեռք բերած ռազմավարով ազատագրեցինք Աղդամը, եւ այդպես շարունակ…»:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հնարավորությանը՝ նախարարն ասաց. «Եթե պատերազմ սկսվի՝ մենք մեր բնօրրանում չենք պատերազմելու, այլ այնտեղ, որտեղ մեզ ավելի հետաքրքիր եւ հարմար կլինի: Եվ եթե ասում ենք՝ պաշտպանության բանակ, դա չի նշանակում, որ մենք հարձակվողական ծրագրեր չունենք, ունենք եւ պետք եղած ժամանակ կօգտագործենք: Այս մեկ տարվա ընթացքում հակառակորդի կողմից եղել է հրադադարի 4627 խախտում, որի ժամանակ արձակվել է 45745 փամփուշտ: Երկու անգամ հակառակորդի դիվերսիոն խումբը ներխուժել է պաշտպանության դիրքեր, մեկ դեպքում մեզ մեծ վնաս է հասցվել, հիշում եք՝ զոհեր ունեցանք, սակայն հետո խիստ պատժեցինք հակառակորդին, իսկ մյուս դեպքում հակառակորդը մտավ մեր դիրքերը՝ մինչեւ ատամների ծայրը զինված, զենքը դեմ տվեց մեր զինվորի կրծքին, սակայն նա չկորցրեց իրեն, ձեռքով մի կողմ հրեց զենքը եւ մյուս ձեռքով բռնեց հակառակորդի վզակոթը… Զինվորական ոգին բարձր է, հավատացնում եմ ձեզ: Մենք չենք բարձրաձայնում, թե մեր կողմից քանի դիվերսիոն գործողություն է կատարվել: Եվ հակառակորդն էլ դրա մասին չի ցանկանում բարձրաձայնել: Բայց լավ իմացեք, որ նրանց արած ոչ մի գործողություն անպատիժ չի մնում: Մենք ուզում ենք պարտադրող լինել առաջին գծում, մեր զինվորները իրավունք ունեն ինքնուրույն որոշում կայացնել եւ կրակ բացել առաջին գծում: ԼՂՀ-ն այնքան փոքր է, որ բոլոր տեղերը խրամատներ ենք փորում, չի բացառվում, որ հակառակորդը կարող է ինչ-որ մի պահի հատել մեր առաջին գիծը, դրա համար ամեն տեղ պաշտպանության էլեմենտներ կան, միայն Տիգրանակերտը չեմ թողնում ձեռք տան, որ պատմությունը չոչնչացնեն»:
Նախարարը բերեց պաշտպանունակությանը վերաբերող որոշ թվային տվյալներ, սակայն խնդրեց դրանք չհրապարակել, ինչը եւ մենք անում ենք: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է ԼՂՀ սահմանների փոփոխություն, նախարարը միանշանակ պատասխանեց. «Անիմաստ հարց է: Հողը հո ռեզի՞ն չի, որ փոքրանա: ԼՂՀ սահմաններն ամրագրված են մեր  Սահմանադրությամբ»: Բնականաբար, հարց եղավ նաեւ վերջին շրջանում բանակում տեղ գտած մտահոգիչ փաստերի մասին: Նախարարը ասաց, որ չի կարող ժխտել կամ որեւէ ձեւով արդարացնել նման դեպքերը, հատկապես յոթ զինվորի մահվան հանգեցրած վերջին դիպվածը, սակայն որպես մխիթարություն ասաց, որ լավն ավելի շատ է. «Ես օրվա մեջ հինգ անգամ խրախուսման հրամաններ եմ ստորագրում եւ միայն ամիսը մեկ անգամ ինչ-որ մեկին պատժելու մասին հրաման եմ տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել