Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռաբիսի պես հասու»

Նոյեմբեր 02,2010 00:00

Այսօրվա շատ ֆիլմեր այսպիսի բնորոշում ունեն պրոֆեսիոնալների կողմից

Օպերատորների միջազգային 2-րդ մրցույթում, որին ամբողջ աշխարհից մասնակցել է շուրջ 80 օպերատոր, մեր հայրենակից Մկրտիչ Մալխասյանը ստացել է գլխավոր մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ վավերագրական  ֆիլմերի «Հայք» ստուդիայի ռեժիսոր Գրիգոր Հարությունյանի ժապավենային «Կայացում» ֆիլմը Սիրակուզայի  կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ ռեժիսուրայի համար: Երեկ Հայաստանի կինոգործիչների միությունում «Կինոաշուն» նախագծի շրջանակում կայացած «կլոր-սեղան» քննարկման սկզբում այս մասին հայտնեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Տեղեկատվությունը պարոն Գեւորգյանցը ներկաներին անպայման ցանկացավ փոխանցել ի հեճուկս «Հ1»-ի «Հատուկ ռեպորտաժի»՝ հայկական կինոյի վերաբերյալ արված հաղորդմանը: Կինոգետ Դավիթ Մուրադյանը կարծում է. «Հայկական կինոն վերմակ չէ, որ այս կամ այն կողմը քաշի իր վրա»: «Կինո+» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն էլ հիշեց, թե ինչ աղմուկ էր ժամանակին բարձրացել մամուլում, երբ «Մխիթար սպարապետ», «Նահապետ» պետք է նկարահանվեր, իսկ այսօր, ըստ նրա. «Այնքան հեշտությամբ կարող ենք ձեռք գցել գրական գործերին, հանգիստ վերցնել «Խաչագողի հիշատակարանը», ինչ ասես անել Րաֆֆու հետ, անխնամ մոտեցում կա գրականության նկատմամբ»: Նա գտնում է, որ միտում կա պրոֆեսիոնալ կինոռեժիսորներից կինոն խլելու եւ տալու սիրողական ռեժիսորների ձեռքը. «Հայկական կինոյի մի էպիզոդը չեմ փոխի հայկական հեռուստաալիքների՝ սիրողականից ցածր սերիալների հետ»:   Ժամանակակից կինոդրամատուրգիայի խնդիրներին վերաբերող քննարկումը, որը վարում էր կինոդրամատուրգ, սցենարիստ Դավիթ Մուրադյանը, կվերածվեր «Հ1»-ին քարկոծելուն, եթե Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ներկաներին չհիշեցներ «կլոր-սեղանի» բուն թեման: Դ. Մուրադյանը խոսեց «Բարեւ, ես եմ» եւ «Եռանկյունի» ֆիլմերի արժեքի մասին եւ գալով մեր օրերը, կարծիք հայտնեց, թե այսօրվա ֆիլմերն առանձին-առանձին հետաքրքիր են, ունեն իրենց թույլ եւ ուժեղ կողմերը, բայց բոլորն ունեն սյուժետային նույն զարգացումները, ինչը կինոգետի համար զարմանալի է սուղ ֆինանսական միջոցների պարագայում: Նա շեշտեց մի քանի տարի առաջ «կլոր-սեղաններից» մեկի ժամանակ Կուստուրիցայի հայտնած հետեւյալ միտքը՝ «Երբ ժամանակը հիվանդ է, գոնե արվեստը պետք է ապրելու հույս տա»:
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի կարծիքով, այսօր պոեզիայով չեն դաստիարակվում, այսօրվա պոեզիան այսպիսի «տեսք» ունի. «Նույնիսկ անեկդոտ կա՝ պառլամենտն արգելել է «ազիզ», «ջան-ջիգյար», «յար» բառերը, ռաբիսը մեր բերանում է, խմածդ՝ կոնյակ, զակուսկին՝ քյաբաբ, գիշեր-ցերեկ քուն չունեմ յար ջան քո համար՝ սա մեր պոեզիան է, եւ հայ կինոն ոչ մի բանով չի տարբերվում այս ռաբիսից: Ցավոք սրտի, հայ կինոն դարձել է այն կինոն, որը հասու է հանդիսատեսին, բայց դրա կողքին կա մի ուրիշ հայ կինո, որը ստեղծում է ազգայինը եւ այն, ինչի մասին արժեր խոսել»:    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել