Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ՍՊԱՍՎՈՒՄ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Համենայնդեպս՝ այսպես է հավաստիացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը

Ինչպես հայտնի է, օրերս Սանահինի լոկոմոտիվային դեպոյում մոտ 250 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ երկաթուղում սպասվող հաստիքների կրճատման. նրանք ոտքի էին ելել, քանի որ խոսակցություններ էին տարածվել, որ Սանահինի դեպոն միավորվելու է Գյումրիի դեպոյին, եւ, բնականաբար, այդ «օպտիմալացումն» առանց կրճատումների չէր լինի: Տեղեկություններ եղան նաեւ, որ տասը հոգի էլ կրճատվել են Գյումրու կայարանից: Բացի այդ, գյումրեցի երկաթուղայինները բողոքում են իրենց աշխատավարձի կրճատումներից. ըստ նրանց, մի ամիս է՝ 40 000 դրամով նվազել է աշխատավարձի չափը՝ բանն այն է, որ այլեւս չեն վճարվում գիշերային հերթապահության համար գումարները եւ լրացուցիչ աշխատաժամերը, ստացվել է, որ նախկին 120 000 դրամի փոխարեն ստանում են 80 0000 դրամ՝ գիշերուզօր աշխատելու պայմաններում: Ո՞րն է ռուսների տված օգուտը, եթե ներդրումները դեռ զգալի չեն, աշխատակիցներին էլ հերթով կրճատում են: Երկաթուղայիններին ու առհասարակ ցանկացած հայի անհանգստացնող այս հարցերին երեկ Գյումրիում պատասխանեցին տրանսպորտի ու կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, որոնք գնացքով մեկնել էին հանրապետության երկրորդ քաղաք՝ տեղում կոնսեսիայի պայմանագրով իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Չնայած հաճախակի հնչող քննադատություններին, որ երկաթուղին Ռուսաստանին հանձնելուց հետո տրանսպորտի այս միջոցի որակի բարելավման ուղղությամբ ոչ մի լուրջ աշխատանք չի ծավալվել, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը կոնկրետ Գյումրիում ներդրումային աշխատանքները 2010թ.-ի համար գնահատեց բավականին լավ, իհարկե՝ խոստովանելով, որ նախորդ տարիներին շատ բացթողումներ կային: Իսկ այժմ, ըստ նրա, «տարին տարվա վրա» տեսանելի են որակական փոփոխությունները: «Եթե նախկինում խոսում էինք, որ առանձին հատվածներում մեր գնացքը ընդհուպ մինչեւ 15, 20, 25կմ/ժ արագություն է զարգացնում, էսօր արդեն մինչեւ 90-100կմ/ժ արագություն է զարգացնում, դա նշանակում է, որ կատարված ներդրումները բավականին մեծ էֆեկտիվություն են տվել նաեւ գծի անվտանգության հետ կապված, այսինքն՝ մենք այս տարի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որ ավելի շատ ենթակառուցվածքային ներդրումներ կատարվեն»,- ասաց նախարարը: Ըստ Մանուկ Վարդանյանի, իրենք նպատակադրված են ունենալ ժամանակակից երկաթուղի, ընդ որում՝ ոչ միայն վերանորոգված, այլեւ ամուր ու անվտանգ վագոններով: Հնարավո՞ր է ներդրումներից հետո երկաթգիծը ավելի շահավետ դարձնել ուղեւորների համար, այնպես, որ նրանք նախապատվությունը տան տրանսպորտի այս միջոցին, հետաքրքրվեցին լրագրողները: «Նախապատվության խնդիր չկա, յուրաքանչյուր տրանսպորտային միջոց իր դերն ունի մեր երկրում, բնականաբար երկաթուղին նաեւ ռազմավարական օբյեկտ է, բնականաբար կա նաեւ պահանջ, որպեսզի ոչ միայն ռազմավարական, այլեւ անվտանգ ռազմավարության խնդիրները կարգավորվեն: Էնպես որ, երկաթգծի դերը այլ է, օդանավինը՝ այլ»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ գնացքի պայմանները «տարին տարվա վրա» այնպես կբարելավվեն, որ հրապուրիչ կդառնան ուղեւորների համար. կլինեն թե արագ, թե անվտանգ ու հարմարավետ: Նախարարի տեղեկացմամբ, իրենք երկաթուղու ղեկավարության հետ քննարկում են նաեւ 2011թ.-ից սակագնային փոփոխությունների կատարման հարցը, եւ շարժվելու են գների նվազեցման ուղղությամբ: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են գյումրեցի երկաթուղայինները դժգոհում աշխատավարձը 40000 դրամով կրճատելու համար, նախարարի ասելով, ինքը տեղում ճշտել է այդ հարցը, դեպոյի տնօրենը պատվիրակությանը զեկուցել է, որ 30000 դրամով այն արդեն ավելացրել են, Շայդուլինն էլ նեղվել է. «Ինչո՞ւ ոչ կրկնակի, ու 30000 դրամ»: Մանուկ Վարդանյանը ձեռքի հետ էլ մխիթարեց բողոքավորներին՝ ասելով. «Բայց գիտեք, երկաթուղում չկա մարդ, որը կախարդական փայտիկով ամեն ինչ միանգամից կարգավորի, դրա համար պետք է համբերություն»: Պարոն Շայդուլինն էլ իր հերթին վստահեցրեց, որ իրենց ազգային ընկերության գործունեությունը Հայաստանում հիմնված է սոցիալական ուղղվածության վրա, հետեւաբար իրենք հաստիքների ոչ մի կրճատում չեն պատրաստվում անել, ընդհակառակը՝ ստեղծում են լրացուցիչ աշխատատեղեր: Կոնկրետ Սանահինի հետ կապված, նա մի քանի անգամ կրկնեց, որ այստեղ ոչ թե կրճատելու, այլ մի բան էլ 30 լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծելու: Ռուս պաշտոնյայի պարզաբանելով, Սանահինում ինչ-որ մեկը փորձել է Հարավկովկասյան երկաթուղին օգտագործել որպես քաղաքական պայքարի մրցադաշտ՝ մոռանալով, որ երկաթուղայինները հեռու են քաղաքականությունից, եւ նրանց խնդիրը պետության գործող նորմերով եւ իշխանությունների հետ աշխատելն է: Խոսելով Գյումրիի մասին՝ նա հավաստիացրեց, որ Գյումրիում եւս մշտապես ստեղծվել են աշխատատեղեր, եւ ցանկություն ունեն նոր աշխատատեղեր եւս ստեղծելու, քանի որ լոկոմոտիվային դեպոյի բազան Երեւանից տեղափոխվելու է Գյումրի: Պարոն Շայդուլինը նաեւ տեղեկացրեց, որ իրենք պաշտոնանկ են արել Գյումրու դեպոյի պատասխանատուին: Հիշեցնենք, որ այստեղի դեպոյի ղեկավարը՝ Սմբատ Մելիքյանը, լայն մասսաներին հայտնի «դեպոյի Սմբո» անունով, իր արարքներով աչքի ընկավ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ:
Գյումրիից պաշտոնյաները մեկնեցին Վանաձոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել